Նալբանդյան եղբայրներ. «Երաժշտությունից դուրս զբաղվում ենք… երաժշտությամբ» (տեսահոլովակ, լուսանկարներ)
Հավանաբար շատերն են երազել երկվորյակ եղբայր կամ քույր ունենալ, ում հետ ձեռք ձեռքի կանցնեն իրենց կյանքի ճանապարհը։ Նալբանդյան եղբայրները՝ Սուրենը և Վահագնը, ամենևին էլ երկվորյակներ չեն՝ ունեն տարիքային չորսամյա տարբերություն։ Բայց երկուսով միասին կառուցում են իրենց համատեղ երաժշտական կարիերան. զբաղվում են Acid Jazz, Neo Soul, Nu Funk և Instrumental Hip-Hop ժանրերի երաժշտության ստեղծմամբ և գործիքավորմամբ, հանդես են գալիս համերգներով հայկական ակումբներում։ «168 Ժամի» հետ հարցազրույցին կարողացավ ներկա գտնվել միայն եղբայրներից կրտսերը՝ Վահագնը, ով հավաստիացրեց, որ իրենց երկուսի անունից և երբեմն Սուրենի պատասխաններով կխոսի։ Այս պնդմանը կասկածելու առիթ չունեցանք և զրուցեցինք մեկ եղբոր հետ՝ լսելով երկու եղբայրների պատասխանները։
– Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց Նալբանդյան եղբայրների ճանապարհը դեպի երաժշտություն ու մեծ բեմ։
– Երաժշտությամբ սկսել ենք զբաղվել 2003 թվականից, ավելի լրջորեն ներգրավվել ենք գործի մեջ 2007-2008 թվականներին։ Սկսել ենք ստեղծագործել էլեկտրոնային ժանրով, այնուհետև, ծանոթանալով ջազմենների հետ, ծրագրել ենք մեր հեղինակային նախագծերը։ 2010թ. եղան մեր առաջին համերգները ՝ «Acid Rain» նախագծով։ Երգիչ Միշ Ամիրյանի հետ համատեղ՝ 3 տարի աշխատել ենք մեր ձայնասկավառակի վրա, որն արդեն պատրաստ է, շուտով կթողարկվի։ Ներկայումս հանդես ենք գալիս համերգային ծրագրով, աշխատում ենք երկրորդ ձայնասկավառակի վրա։
– Ո՞ւմ մոտ ծագեց երկուսով ելույթ ունենալու միտքը՝ քո՞, թե՞ Սուրենի։
– Անկեղծ ասած, այդ միտքը մեզ մոտ միաժամանակ ծագեց։ Ուսումնասիրում էինք տարբեր տեսակի երաժշտություն և որոշեցինք լրջորեն զբաղվել մեզ դուր եկած ոճերով։ Մեզ անուն մտածեցինք և սկսեցինք ծավալել մեր գործունեությունը։
– Ինչո՞ւ այդպիսի յուրահատուկ ոճեր ընտրեցիք։
– Կարծիքներ կան, որ մենք նոր երաժշտությամբ ենք զբաղվում, նոր ոճ ենք թելադրում։ Այդպես չէ։ Մեր նվագած, ստեղծած ոճը մենք մանկուց լսել ենք։ Ինչ անում ենք՝ աշխարհում եղել է բավականին շատ ժամանակ առաջ։ Միգուցե Հայաստանի համար է մեր նվագած երաժշտությունը նոր… Կարևորն այն է, որ մենք անում ենք այն, ինչ սիրում ենք։
– Կա՞ն երաժիշտներ, ումից օրինակ եք վերցնում։
– Շատերը կան, ում շատ ենք հարգում, սիրում, սովորում ենք իրենցից։ Բայց երկրպագու չենք, սխալ ենք համարում դա։ Հիմնականում ջազ խմբերը և արտիստներն են մեզ ոգեշնչում, օրինակ՝ Մայլզ Դեյվիսը։
– Երաժշտություն ստեղծելու գործընթացը եղբայրների մոտ ինչպե՞ս է տեղի ունենում։
– Միտքը ծագում է հիմնականում մեկնումեկիս մոտ։ Սկիզբն ինչ-որ մեկս տալիս է, հետո արդեն երկուսով ենք զարգացնում։ Աշխատում և ձայնագրվում ենք մեր անհատական ստուդիայում, որը ստեղծել ենք 2009 թվականին։ Երաժշտություն ստեղծելու գործընթացը մեկ շաբաթից տասը օր է տևում։
– Ի՞նչն է ձեզ ոգեշնչում՝ նոր երգ ստեղծելիս։
– Կար ժամանակ, որ օրվա ընթացքում մեզ հետ տեղի ունեցած ամեն ինչը մեզ տրամադրություն էր տալիս, ազդում մեր ստեղծած երգի վրա։ Այժմ գործին առավելագույնս պրոֆեսիոնալ ենք մոտենում։ Մեզ հիմա ոչինչ չի խանգարում՝ մեր գործն անել, չնայած դրա վատ կողմն էլ կա՝ մեզ ոչինչ չի օգնում։
– Երգերի քավերներ անո՞ւմ եք։
– Ոչ։ Կարծում ենք, որ ավելի արդյունավետ է ժամանակ ծախսել հեղինակային գործերի վրա։ Հեղինակային գործը շատ ավելի մնայուն է, քան քավերը։ Մենք դեմ չենք քավերներ անելուն, միգուցե մի օր նույնիսկ զբաղվենք դրանով, բայց այսօր դա մեզ հետաքրքիր չէ։
– Ի՞նչ երաժիշտների հետ եք համագործակցում հիմա և ո՞ւմ հետ կուզենայիք աշխատել։
– Աշխատում ենք մեր խմբի երաժիշտների հետ, ովքեր բոլորը մեր ընկերներն են՝ Միշ Ամիրյան, Արման Փահլևանյան, Մարատ Հակոբյան, Գագիկ Խոդավիրդի, Հայկ Ղազարյան։ Այս պահին աշխատում ենք ԱՄՆ-ում գտնվող վիոլանչելիստ Արտյոմ Մանուկյանի հետ, շուտով այդ գործը պատրաստ կլինի։ Մեզ համար երկու շատ լուրջ համագործակցություն ունենք այսօր, արտիստների անունները շուտով հայտնի կլինեն։ Կարող եմ միայն ասել, որ հիփ-հոփ ժանրի մեջ է լինելու։
Չեմ կարող նշել կոնկրետ անուններ, թե ում հետ կուզենայինք համագործակցել։ Մենք միշտ ամեն ինչ անում ենք, որ աշխատենք մեզ դուր եկած մարդկանց հետ, և դա երազանք չմնա։
– Համերգներով ելույթներ եք ունենում։ Ինչպե՞ս է ձեզ ընդունում հանդիսատեսը։
– Դժգոհություն, վատ արձագանքներ մինչև այսօր չենք լսել։ Հայաստանում հնարավորություն չունենք մեծ համերգներ տալու, քանի որ այստեղի ակումբները քանակով քիչ են և փոքր։ Մինչև համերգները նվազագույնը 2-3 անգամ փորձում ենք։ Բուն համերգի ընթացքում մեր խմբի երաժիշտների պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս ամեն ինչ ներդաշնակության հունի մեջ դնել։ Մենք մեր աշխատանքից վերջում գոհ ենք մնում։
– Ձեր համերգների ժամանակ դուք միշտ նույն դիրքով եք կանգնած. Սուրենը՝ աջից, դու՝ ձախից։ Դա ինչո՞վ է պայմանավորված։
– Պայմանավորված է մեր աշխատանքի գործընթացով, նեղ մասնագիտական բնույթ է կրում։ Ամեն մեկս մեր գործն ենք անում մեր գործիքներով։ Ես մի երաժշտի հետ եմ կոնտակտ պահում, նա՝ մեկ ուրիշ։
– Ի՞նչ ակնկալիքներ եք ունենում ամեն անգամ բեմ բարձրանալիս։
– Առաջինը մեր մտքում այն է, որ մեզնից ինչ հասնում է՝ անենք, որպեսզի անհասկանալի պահեր չլինեն, ամեն ինչ հարթ անցնի։ Մեր համերգային ծրագրերը երբեք նույնը չեն լինում։ Նվագում ենք նույն գործերը, բայց ամեն համերգի նրանք տարբեր ձևերով են զարգանում։ Երբ հանդիսատեսը գոհ է մնում, մեր բոլոր սպասելիքներն արդարանում են։ Լինում են համերգներ, որոնց ներկա են լինում մարդիկ, ում հետ համագործակցության առումով ակնկալիքներ ունենք։
– Երկուսդ էլ երաժշտությամբ եք զբաղվում։ Ձեր ծնողները զբաղվե՞լ են երաժշտությամբ։
– Ծնողներիս մեջ պրոֆեսիոնալ երաժիշտ չկա։ Բայց նրանք միշի սիրել են լսել լավ երաժշտություն, նրանց շնորհիվ է, որ մենք օրվա զգալի մասը որակյալ երգեր ենք լսել և լսում։
– Ի՞նչ կրթություն ունեք դու ու եղբայրդ։
– Երաժշտության հետ բացարձակ կապ չունեցող։ Ես մասնագիտությամբ լեզվաբան և քաղաքագետ եմ, Սուրենն ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը։ Բայց մենք երկուսս էլ մեզ վրա աշխատել ենք երաժշտական առումով, ուսումնասիրել ենք մեր գործը, համապատասխան գրականություն ենք կարդացել։ Կոնսերվատորիայում մեր զբաղմունքի՝ գործիքավորման, ֆակուլտետ կամ բաժին չկա։ Շատ կուզենայինք, որ լիներ, այդ ժամանակ մարդիկ ստիպված չէին լինի գնալ արտասահման՝ գործիքավորում սովորելու։
– Ինչպե՞ս են ձեր մտերիմները վերաբերվում ձեր գործին։
– Շատ լավ են վերաբերվում, ոչ միշտ, բայց գալիս են մեր համերգներին։ Սկզբում շատերը չէին հասկանում, թե մենք ինչով ենք զբաղվում։ Նորմալ է, երևի մենք էլ չէինք հասկանում, թե ինչ ենք անում։
– Պատկերացնո՞ւմ ես քո կյանքն՝ առանց երաժշտության։
– Ոչ։ Իմ մեջ երաժշտությունից կախվածություն է առաջացել։ Դա և՛ իմ գործն է, և՛ առօրյան, և՛ կենցաղը։ Եթե մի բան սիրում ես, դրանով ես ապրում, երբեք չես կարողանա դրանից հրաժարվել։
– Երաժշտությունից դուրս ինչո՞վ են զբաղվում Նալբանդյան եղբայրները։
– Կարճ կասեմ՝ երաժշտությամբ։
– Ձեր երկուսի միջև ի՞նչ տարբերություններ կան։
– Երևի տարիքն ամենախոշոր տարբերությունն է։ Բայց Սուրենն ինձնից շատ մեծ չէ ՝ ընդամենը 4 տարի։ Այդ տարբերությունը զգացվում էր, երբ ես 10 տարեկան էի, նա՝ 14։ Երբ սկսեցինք միասին աշխատել, հոգեբանական տարբերությունը վերացավ։ Օրվա 90%-ն իրար հետ ենք անցկացնում, և ժամանակի ընթացքում այնպես է ստացվել, որ գործի շուրջ բոլոր հարցերով համամիտ ենք։ Միգուցե տարբեր էլեմենտներ տարբեր ձևերով պատկերացնենք, բայց ընդհանուր հայտարարի ենք գալիս, և մեր տարաձայնությունները երբեք վեճի չեն վերածվում։ Մեր երկուսի մեջ լիդեր չկա, բոլոր հարցերով միասին ենք զբաղվում։
– 2013թ. մարտին ձեր «Triangle» երգը հաղթեց Abbey Road լոնդոնյան հայտնի ստուդիայի կազմակերպած լավագույն երգի օնլայն-մրցույթում։ Ի՞նչ տվեց ձեզ այդ հաղթանակը։
– Մրցույթին 4500-ից ավելի մարդ էր մասնակցում՝ աշխարհի տարբեր մասերից։ Մեր երգը մոտ 4100 ձայն հավաքեց և մեզ հաղթող դարձրեց։ Հաղթանակը մեզ շատ բան տվեց, առաջին հերթին՝ խթանեց, որ էլի աշխատենք։ Անընդհատ հետևում ենք այդպիսի մրցույթներին, և եթե հետաքրքրում են մեզ, մասնակցում ենք։ talenthouse.com կայքում մի մրցույթի վերջերս մասնակցեցինք, բայց քանի որ զուտ ժամանակային առումով չհասցրեցինք դրան հետևել, գովազդել, 3-րդ տեղում հայտնվեցինք։
– Արտասահմանում ելույթներ ունենո՞ւմ եք։
– Դեռ չենք ունեցել, պատրաստվում ենք 1-2 ամսվա ընթացքում հանդես գալ։ Մենք մեր համերգների սկիզբն ուզում էինք դնել մեր հարազատ քաղաքում, իսկ հետո արդեն այլ երկրներով շրջել։
– Համացանցում ձեր երգերին ինչպե՞ս են արձագանքում։
– Ասեմ, որ կան գործեր, որոնք կոմերցիոն նպատակներով համացանցում չեն հայտնվում։ Կան աշխատանքներ, որոնք իրավունք էլ չունենք ներբեռնել, քանի որ այլ արտիստների հետ համագործակցություններ են։ Երբ սկսել էինք մեր ձայնասկավառակի վրա աշխատել, որոշել էինք, որ ոչ մի տեղ նոր երգերը չպիտի հնչեն։ Բայց վերջացնում էինք ինչ-որ երգ, ներբեռնում էինք համացանց՝ մեզ ասելով, որ ձայնասկավառակի համար հավելյալ մեկ գործ կանենք։ Այդպես բռնացրինք մեզ այն պահին, որ 14 գործ ներկայացրել էինք համացանցում, որոնց հիման վրա էլ ձայնասկավառակը պատրաստեցինք։
Համացանցում արձագանքների 99%-ը դրական են։ Իսկ այն 1%-ը կա՛մ պարզապես դիսլայքեր են, կա՛մ նմանատիպ տեքստ. «Ամեն ինչ լավ էր, բայց այսինչ մասը ես այսինչ ձևով կանեի»։ Այդպիսի մեկնաբանությունները մենք հաշվի չենք առնում, քանի որ մարդիկ մասնագիտական խորհուրդ են տալիս՝ առանց մասնագետ լինելու։ Մնացած բոլոր կարծիքներին ուշադիր ենք լինում։ Հնարավոր է, որ մեկ հոգու կարծիքի հիման վրա լրիվ նոր գործ ներկայացնենք։ Համարում ենք, որ լսարանի արձագանքը շատ կարևոր է, այլապես մենք մեզ համար երաժշտություն կստեղծեինք, կլսեինք, կուրախանայինք, և վերջ։
– Ձեր բոլոր երգերն անգլերենով են։ Ինչո՞ւ հայերեն գործեր չունեք։
– Մենք ոչ մի խնդիր չունենք հայոց լեզվի հետ։ Պարզապես ժանրը, ստեղծված լինելով ԱՄՆ-ում, համահունչ չէ հայերենի հետ։ Լեզուն չի սազում ժանրին, ժանրը՝ լեզվին։ Մենք ծրագրեր ունենք հայերեն գործեր ստեղծելու, բայց այդ դեպքում երաժշտության մեջ պետք է հայկական էլեմենտներ լինեն, որպեսզի ներդաշնակություն լինի։
Մեր երգերի բառերը գրում է Աննա Ամիրյանը՝ Միշի հարազատ քույրը։
– Ինչպե՞ս սկսվեց ձեր համագործակցությունը Միշ Ամիրյանի հետ։
– Հանդիպեցինք լրիվ պատահական, իմացանք, որ երգում է մեզ հարազատ ոճերով։ 2010 թվականի փետրվարին որոշեցինք միասին փորձնական մի գործ թողարկել։ Այժմ արդեն 14 համատեղ աշխատանք ունենք։ Շատ հեշտ ենք աշխատում միասին։
– Ինչպե՞ս ես վերաբերվում պոպուլյար լինելուն։
– Չեմ կարծում, որ մեր գործերից գոնե մեկը պոպուլյար է։ Պոպուլյարն ինքնին վատ բան չէ, պարզապես մեր երկրում այնպես է ստացվել, որ այսօր հիթ համարվող երգերն իրենցից խնդիր են ներկայացնում, և բոլորին էլ պարզ է, թե ինչպիսի երաժշտությունն է մեր եթերում պոպուլյար դառնում։ Մենք դեռ տեսահոլովակ չունենք, աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ մյուս տարվա սկզբից մեր առաջին տեսահոլովակն արդեն եթերում կլինի։
– Ի՞նչ եք անում, որպեսզի «Նալբանդյան եղբայրներ» անունը բրենդ դառնա։
– Միշտ նպատակ եղել է այս անունը մաքսիմալ շատ հնչեցնել։ Բայց դեռ միջոցներ չենք դրել, մեր պրոֆեսիոնալ գովազդով չենք զբաղվել։ Մեր անունը կա ակումբների համերգային պաստառների վրա, սոցցանցերում, կարող են մարդիկ իրարից լսել։
– Այստեղ ձեզ արժանի մրցակից ունե՞ք։
– Չենք սիրում «մրցակից» բառը։ Մրցակիցներ լինում են բիզնեսում, ոչ թե արվեստում։ Միգուցե մեր աշխատանքն էլ է խոշոր հաշվով բիզնես, բայց մենք չենք կենտրոնանում մեր գործունեության այդ կողմի վրա։ Այսօրվա դրությամբ, չգիտենք մի մարդու, որ մեր ժանրով զբաղվի։ Եթե իմանանք, որ այդպիսիք կան, նրանց մրցակից չենք համարի երբեք, չենք աշխատի իրենցից լավը լինել։ Նրանք իրենց համար կաշխատեն, մենք՝ մեր։
– Կյանքի ուզեկցուհիներ ունե՞ք։
– Այո, ունենք։
– Ասում ես՝ օրվա 90 %–ը Սուրենի հետ ես։ Հիմա, երբ նա կողքիդ չէ, ի՞նչ ես զգում։
– Ես անընդհատ մտքերով իր հետ եմ։ Երբ նա իմ կողքին չէ, գիտեմ, որ զբաղվում է մի գործով, որ մեր երկուսի հետ ընդհանուր կապ ունի։
Ժաննա Պողոսյան