Հովիկ Աբրահամյանը չի ցանկացել կողմ քվեարկել բյուջեին
«2014թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը նախապես որոշված էր քննարկել ԱԺ այս քառօրյայում, սակայն նախորդ շաբաթ անակնկալ կերպով որոշվեց, որ բյուջեի նախագիծը քննարկելու համար կառավարությունը դեկտեմբերի 10-ին արտահերթ նստաշրջան է հրավիրելու: Ֆորմալ բացատրությունները երկուսն են. այս քառօրյայի ժամանակ պետք է մի քանի օրենքներում փոփոխություններ կատարվեն, որոնք անմիջականորեն կապված են 2014թ. բյուջեի եկամտային մասի կատարման հետ և, բացի այդ, քառօրյայի կեսից Հայաստանից բացակայելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան:
Իսկ Հովիկ Աբրահամյանի ներկայությունը բյուջեի նախագծի քննարկման և քվեարկության հարցում կարևորվում է այնքանով, որ նա պետք է ապահովի ՀՀԿ-ական պատգամավորների ներկայությունը խորհրդարանի դահլիճում:
Խորհրդարանի ոչ իշխանական 4 խմբակցությունները որոշել են դեմ քվեարկել 2014թ. բյուջեի նախագծին, և այդ դեպքում բյուջեի ընդունման ողջ ծանրությունն ընկնում է ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորների վրա. յուրաքանչյուր ՀՀԿ-ական պատգամավորի մասնակցությունը կարևոր է, քանի որ բյուջեի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 66 կողմ ձայն:
Շատերը համոզված են, որ Հովիկ Աբրահամյանը նախապես էր հոգացել, որ իր վրայից գցի բյուջեի ընդունման պատասխանատվությունը և այդ նպատակով Հնդկաստան պաշտոնական այց կատարելու մասին պայմանավորվածությունը այնպես էր կայացվել, որ այն լինի հենց բյուջեի քվեարկության ժամանակ: Բայց կառավարությունում չեն կարող թույլ տալ, որ Աբրահամյանն այդքան հեշտությամբ իր վրայից գցի պատասխանատվությունը: Բացի այդ, վարչապետ Տիգրան Սարգսյանը կցանկանար, որ Հովիկ Աբրահամյանը ևս կողմ քվեարկեր իր կառավարության ներկայացրած նախագծին:
Փաստն այն է, որ ՀՀԿ-ական մեծամասնության բազմաթիվ ներկայացուցիչներ դեմ չեն լինի, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը չկարողանա խորհրադարանում անցկացնել իր ներկայացրած բյուջեի նախագիծը, ինչը կհանգեցնի այդ կառավարության հրաժարականին, սակայն պատգամավորներից որևէ մեկն այդքան համարձակություն չունի իր վրա պատասխանատվություն վերցնել և բացահայտ դեմ քվեարկել կառավարության ներկայացրած բյուջեի նախագծին: Նրանք կցանկանային, որ կառավարության տապալումը տեղի ունենար դեպքերի «խիստ պատահական» զուգադիպման միջոցով: Ենթադրենք, պատգամավորներից մեկը գործուղման մեջ է, մյուսը՝ հիվանդ է և բուժվում է արտերկրում…
Ու չնայած բյուջեի նախագծի քննարկումը հետաձգվեց մեկ շաբաթվ, որպեսզի բոլոր գործուղվածները վերադառնան և բոլոր հիվանդներն առողջանան, միևնույն է՝ կա սպասում, որ բյուջեի ընդունումը կարող է տապալվել: