Հայկական վենչուրային հիմնադրամը ներդրումներ կատարելու համար փնտրում է ստարտափներ
Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամը` Granatus ventures-ը, սկսել է իր գործունեությունը 2013 թվականի հոկտեմբերին: Հիմնադրամի կապիտալը կազմում է 6 մլն դոլար, որի 50%-ը ֆինանսավորում է Հայաստանի կառավարությունը՝ Համաշխարհային բանկի «Էլ-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային ծրագրի շրջանակում։
Այդ գումարը վենչուրային հիմնադրամը պատրաստվում է ներդնել հայկական ստարտափներում (նորաստեղծ ընկերություններում), որոնք արդեն իսկ որոշակի ճանապարհ են անցել:
Այժմ վենչուրային հիմնադրամը փնտրում է հետաքրքիր նախագծեր և ընկերություններ, որոնք արժեքավոր են` դրանցում ներդրումներ կատարելու համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Granatus ventures վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչ Աշոտ Արզումանյանը` նշելով, որ ներդրումներ կատարելու համար, իրենց համար շատ կարևոր է, թե ինչ ճանապարհ է արդեն անցել տվյալ ստարտափը կամ նախագիծը:
«Մեր աշխատանքն ուղղված է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում ներդրումային ծրագրեր իրականցնելուն: Այսինքն `մենք բաժետիրական ներդրումներ ենք կատարում այնպիսի ընկերություններում, որոնք բարձր ռիսկայնություն ունեն և բանկային վարկն իրենց համար հասանելի չէ»,- ասաց Ա. Արզումանյանը՝ միաժամանակ նշելով, որ իրենց մասնաբաժինը շատ մեծ չպետք է լինի և, անկասկած, չպետք է գերազանցի ընկերության բաժնետոմսերի 50%-ը: Նրա խոսքով՝ ցանկալի է, որ այն կազմի մոտ 25%, որը կկարողանան բազմապատկել և ընկերության հաջողության դեպքում գումարներ վաստակել:
Ըստ նրա՝ եթե ընկերությունը հաջողության չհասնի, ապա այն որևէ պարտավորություն չի ունենա վենչուրային հիմնադրամի նկատմամբ, ինչը Ա. Արզումանյանի խոսքով՝ նորմալ է. «Վենչուրային հիմնադրամի ռիսկը հենց այն է, որ 10 գաղափարից ընդամենը մեկը կարող է հաջողել, սակայն մյուս 9-ը որևէ պարտավորություն հետագայում վենչուրային հիմնադրամի նկատմամբ չեն ունենում»,- ասաց Ա.Արզումանյանը: Նրա փոխանցմամբ՝ ֆինանսավորումից բացի, իրենք նաև տրամադրում են mentor-ական օժանդակություն (ուսուցում, խորհրդատվություն, ուղղորդում, կապեր ճիշտ մարդկանց հետ և այլն): Այսինքն`աջակցություն հնարավոր բոլոր հարցերում:
«Հաճախ ճիշտ մարդկանց հետ կապ հաստատելը շատ ավելի կարևոր է լինում ընկերության հետագա զարգացման համար, քան գումարը, որը մենք պատրաստ ենք ներդնել»,- ասաց Ա.Արզումանյանը: Այդուամենայնիվ, ինչ վերաբերում է գումարին, ապա, ըստ մեր զրուցակցի, իրենք պատրաստ են առավելագույնը մինչև 1 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում կատարել:
Իսկ ինչ վերաբերում է ընկերությունների և դրանց նախագծերի գնահատմանը, ապա ըստ Ա.Արզումանյանի` այդ ամենը պետք է պարզ դառնա փոխհամաձայնության և համատեղ քննարկումների արդյունքում. «Իհարկե, մենք օբյեկտիվ հանգամանքները հաշվի կառնենք, սակայն պարզ է, որ ցանկացած բան իր մեջ նաև որոշակի սուբյեկտիվիզմ է պարունակում»,- ասաց Ա.Արզումանյանը:
Նա նշեց նաև, որ հայկական վենչուրային հիմնադրամի ներդրումներն ուղղված են լինելու ոչ միայն Հայաստանում գործող ընկերություններին, այլ նաև դրսի ընկերություններին, ովքեր իրենց գործառնությունները կամ դրանց առնվազն մի մասը կիրականացնեն Հայաստանում:
«Եթե տարբեր ընկերությունների հետզոտական և զարգացման (R&D) կենտրոնները բացվեն Հայաստանում, այդտեղ ևս մենք կարող ենք ներդրումներ կատարել և այդպիսով կարևոր ներդրում ունենալ և օժանդակել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը»,- ասաց Ա. Արզումանյանը` նշելով, որ իրենց հետաքրքրում են նախագծեր և ընկերություններ, որոնք ցանկանում են ընդլայնվել և գործել ոչ միայն Հայաստանում, այլև գլոբալ շուկայում: