Իլհամ Ալիևը զրոյական հարգանք է ցուցաբերում մարդու իրավունքների նկատմամբ. Freedom House
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Freedom House-ի նախագահ Դևիդ Կրամերը նախօրեին ելույթ է ունեցել Վաշինգտոնում գտնվող Ջոն Հոփկինսի համալսարանում՝ անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակին.
«Ադրբեջանում նախագահական կամպանիայի ավարտից հետո ամերիկացի բարձրաստիճան չինովնիկները մեկնեցին Բաքու՝ քննարկելու համար երկկողմ հարաբերությունների հեռանկարները: Ընտրությունների արդյունքները ճանաչելու շուրջ տատանումներից հետո, թվում է, թե միջազգային հանրությունը հրաժարվել է Ալիևի վարչակարգին անտեսելու գաղափարից:
Այս շաբաթ Ադրբեջան մեկնող ամերիկացի չինովնիկներից մեկը հայտարարեց, որ անհրաժեշտ է մոռանալ ընտրությունների մասին, դրանք անցյալ են: Իմ կարծիքով՝ դա մեծ սխալ է, քանի որ Իլհամ Ալիևը չունի լեգիտիմություն, որը նա կունենար եթե անցկացներ ազատ ու արդար ընտրություններ:
Մենք տեսանք քաղաքացիական հասարակության ու լրագրողների վատթարագույն հետապնդում՝ ներառյալ այն, ինչը նրանք արեցին «Ազատություն» լրագրողական ռադիոյի հետ, ինչպես բանտ նետեցին ընդդիմադիրներին: Կարծում եմ, որ Ալիևն ու նրա շրջապատը վախենում են, և անում են այն, ինչի անհրաժեշտությունը չկա:
Ալիևը զրոյական հարգանք է ցուցաբերում մարդու իրավունքների նկատմամբ: Դա մտահոգում է մեզ, քանի որ մենք շատ ենք խոսում Ադրբեջանի կարևորության, նրա անվտանգության, էներգետիկայի հարցերի մասին:
Սակայն եթե Ալիևը շարունակի բոլոր ցուցանիշների հետագա վատթարացման այդ գիծը, ապա Ադրբեջանում մարդիկ կարող են զգալ, որ այլ ընտրություն ու հնարավորություն չունեն՝ բացառությամբ առավել ծայրահեղական միջոցների դիմելուց, ինչը չի բխում իշխանությունների շահերից»:
Խոսելով տարածաշրջանում մարդու իրավունքների վատթարացման պատճառների մասին՝ Կրամերն ընդգծել է, որ դա կոռումպացված, ավտորիտար բոլոր առաջնորդների խնդիրն է, որոնք միտված են ամեն գնով իշխանության ղեկին մնալուն.
«Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում ու Ադրբեջանում խնդիրների մի մասը ծագել է նրանից, որ նրանց առաջնորդներն իշխանության են եկել ոչ թե համընդհանուր արժեքները, այլ՝ իրենց սեփական շահերը պաշտպանելու նպատակով, ինչը վնասում է այդ երկրներին:
Ոչ վաղ անցյալում ես Թուրքիայում էի: Ես տեսա, որ Արևմուտքի քննադատությունը հիմնականում կենտրոնացած է Օբամայի վրա, ով չի օգտագործել Էրդողանի հետ իր հարաբերությունները՝ լուծելու համար Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները»: