Արման Ռևազյան. Սկավառակը հայերեն է. ամեն մի պատկերի, գաղափարագրի նշանակությունը համապատասխանում է մի հայկական բառի
Հետազոտող Արման Ռևազյանը սենսացիոն բացահայտումներ է արել մ.թ.ա. 1500թ.Կրետոս կղզում 100 տարի առաջ հայտնաբերված սկավառակի նշանագրերի վերաբերյալ: Այս բացահայտումը, ըստ նրա, հեղափոխություն է լեզվաբանության մեջ: Այսպիսով, ըստ նրա` 1908 թվականին Կրետոս կղզում հայտնաբերված սկավառակի նշանագրերը հայերեն են:
Մեր զրուցակիցն է ազատ հետազոտող, շումերագետ, հայագետ Արման Ռևազյանը:
– Ինչպես նշում եք՝ կարողացել եք հայերենով վերծանել Կրետոս կղզում 100 տարի առաջ հայտնաբերված սկավառակի նշանագրերը: Փոքր-ինչ կմանրամասնե՞ք:
– Այո, այդ սկավառակը թվագրվում է մ.թ.ա. 1500 թվականին, որը գտել են մոտ 100 տարի առաջ Կրետոս կղզում: Սկավառակն իրենից ներկայացնում է փոքր կավե, ընդամենը 15սմ տրամագծով կավե սկավառակ, որի վրա պատկերված է 45 նշան, ինչը նշանակում է` 45 բառ: Նշանները սկավառակի վրա պատկերված են երկու կողմից: Սկավառակի նշանների վերծանման ուղղությամբ զբաղվել են տարբեր ազգեր, իսկ օրինակ` Գերմանիայում մի ինստիտուտում հատուկ լաբորատորիա են ստեղծել, որպեսզի այն զբաղվի սկավառակի բացահայտման ուղղությամբ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են, որ այն վերծանելու համար անհրաժեշտ է իմանալ հայերեն լեզուն, և տեղյակ եմ, որ այդ իսկ պատճառով նույնիսկ Գերմանիայում բնակվող հայերին են խնդրել թարգմանել այն: Սակայն սկավառակը վերծանելու համար կան հարցեր, որոնք ոչ մասնագետի համար դժվար է հասկանալը: Այս բացահայտմանը ես հանգեցի պատահականորեն, այսինքն` իմ գիտական աշխատանքի վրա աշխատելիս, տարբեր ապացույցներ գտնելու հետքերով գնալիս, ճանապարհն ինձ ասես տարավ դեպի Կրետոս կղզի, և ես վստահ էի, որ այստեղ անպայման հայերի հետքեր պետք է լինեին` գրավոր համակարգեր, գծագրեր, և մեկ էլ այս սկավառակը: Եվ քանի որ ես շումերագետ եմ, և շումերագիտությամբ եմ զբաղվում արդեն 20 տարի, այդ գիտելիքներն ինձ շատ օգնեցին բացահայտելու այս առեղծվածը, որն իրականում այնքան էլ բարդ բան չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:
– Ինչո՞վ են պայմանավորված սկավառակի վրայի հայերեն նշանագրերը:
– Հայերը քրմական դաս են եղել և բնակվել են Հռոմում, Եգիպտոսում, Կրետոս կզղում և ամենուրեք, իսկ որպես գաղտնի լեզու` օգտագործել են հայերենը: Այսպիսով, հայոց լեզուն եղել է քրմական լեզու և կիրառվել է նաև գաղտնագրերում: Տարբեր լեզուներով այդ սկավառակը փորձել են վերծանել, այդ թվում և հուներենով, բայց ոչ մի բան չի ստացվել: Իսկ հիմա ես փորձել եմ այն ընդամենը հայերեն լեզվով վերծանել, ընդ որում` ոչ ինքնանպատակ, այլ պարզապես ինչ-որ կողմնակի բան ստուգելու համար, և այսպիսով հասել եմ սկավառակին և բացահայտել, որ, իրոք, այն հայերեն է, որովհետև ամեն մի պատկերի, գաղափարագրի նշանակությունը համապատասխանում է մի հայկական բառի, և նախադասություններ են ստեղծվում: Չկա այնպիսի մի բան, որ չհամընկնի:
– Այդ նշանագրերը վերծանելու արդյունքում ի՞նչ նախադասություններ եք ստացել, ի՞նչ է գրված:
– Սկավառակի վրա գրված է, որ Հայա աստծո փոխանորդ Արտաշ արքան գրեց այս մեհենագիրը, հայ մասնագետները, մշակները գործիք են ստեղծել, որը կոչվել է անկյունաչափ (անկմանափոխ), որի միջոցով կարողացել են չափել երկրագնդի և արևի, լուսնի և տարբեր աստղերի անկյունները և ուրախանալ դրանով: Այսինքն` ստացվում է, որ իրականում մ.թ.ա. 1500 թվականից առաջ այդ գործիքը մարդիկ գտել են և իմացել են երկիր մոլորակի կլորության, չափերի մասին, և այլն: Անկյունաչափի օգնությամբ հայ մասնագետները կարողացել են հաշվարկել նաև, որ փոփոխություն է կատարվել, երկրագնդի առանցքը շեղվել է, բևեռային աստղը փոխվել է և այլ տեղեկություններ, ինչը ունիկալ երևույթ է: Դա քրմական գաղտնիքներից մեկն էր ժամանակին, որի շնորհիվ քրմերը կարողանում էին հասարակության վրա որոշակի ազդեցություն ունենալ: Այս ամենը նշանակում է, որ հայերը քրմական դաս են եղել:
– Ձեր բացահայտումներն արդեն կատարել եք, ո՞րն է Ձեր հաջորդ քայլը, ի՞նչ եք անելու, և ինչպե՞ս է Հայաստանում ու նաև դրսում գիտական հանրությունն ընդունում այս բացահայտումը:
– Վստահ եմ, որ այն պարզապես չընդունել չեն կարող, որովհետև հենց մեր լեզուն է բացահայտում այդ ամենը, ի տարբերություն ուրիշների՝ մենք հայերենով հանգիստ կարողանում ենք կարդալ դրանք՝ սկզբից մինչև վերջ նույն համատեքստով, իսկ դա չեն կարող չընդունել: Ուշ թե շուտ կընդունեն, ընդամենը պետք է այս բացահայտումը տարբեր լեզուներով թարգմանել և ներկայացնել հանրությանը: Ես այժմ www.phaistosdisk.ru կայքում յուրաքանչյուր օր 2-3 հոդված եմ ավելացնում այդ մասին: Այստեղ որևէ հորինված բան չկա, մենք պարզապես ամեն մի բառը դնում ենք իր տեղը: Կարող եք սեղմել որևէ նշանի վրա, և գալիս է դրա բացատրությունը: Հոդվածների մեծ մասը հայերենով է, սակայն այժմ միաժամանակ փորձում եմ ստեղծել դրանց նաև ռուսերեն տարբերակը:
Ես այս ամենը չեմ գրում, որ ինչ-որ մեկը գա և ինձ գնահատական տա, ես գրում եմ այն, ինչը ճիշտ եմ համարում: Ես հետազոտող մարդ եմ, իսկ հետազոտող լինելու համար պետք է գիժ լինել, պետք է նվիրված լինել քո աշխատանքին: Հետազոտողը ժամանակ չունի, գնա ինչ-որ բան ապացուցի ինչ-որ մարդկանց, ես անում եմ իմ գործը և այն ազատ ներկայացնելու եմ մարդկանց: Ոչ մի գումար չեմ ուզում, ուղղակի գիտեմ՝ սա իմ կուզն է, որը պետք է տանեմ, և դա չեմ կարող իմ վրայից շպրտել ու գնալ: Իրականում մեծերից մեկն է ժամանակին ասել, որ գիտությունը միշտ դոգմա է, գնում են ճիշտ-ճիշտ, բայց մեկ էլ գալիս է մի հատ խելառ և այն ամբողջությամբ շուռ է տալիս, սակայն պարզվում է, որ ճիշտը հենց նա էր, նույնն էլ ինձ հետ է լինելու: Եվ ես դրանում համոզված եմ:
– Իսկ դրսից հետաքրքրությունը կա՞:
– Շատ խանդոտ վերաբերմունքներ էլ կան, ոչ դոկտոր եմ, ոչ պրոֆեսորգ մտածում են՝ այս ի՞նչ բաներ եմ ասում, սակայն դրա մասին լավ կլինի լռենք:
«168 ԺԱՄ»