Մեղադրողը միջորդեց կարճել զինվորական հոսպիտալի նախկին պետի և նյարդաբանական բաժանմունքի պետի նկատմամբ հարուցված քրեական գործը
Այսօր դատարանում մեղադրող Անահիտ Եղիազարյանը միջնորդեց կարճել երկու զինվորական բժիշկների նկատմամբ հարուցված քրեական գործը: Մեղադրողն ասաց, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունած համաներման մասին որոշումը տարածվում է ամբաստանյալ բժիշկներ Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի վրա, հետևաբար նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը պետք է կարճվի: Երկու ամբաստանյալները նախորդող դատական նիստերի ընթացքում ներկայացրել էին դիմումներ և դատարանին խնդրել իրենց նկատմամբ կիրառել համաներման ակտ:
Մեղադրող Անահիտ Եղիազարյանն ասաց, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նախկին պետ Միքայել Միքայելյանի նկատմամբ նախկինում հարուցված է եղել քրեական գործ՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Սակայն ԱԺ կողմից ընդունված համաներման որոշման հիման վրա Միքայել Միքայելյանի նկատամամբ հարուցված քրեական գործը կարճվել էր: Մեղադրողի խոսքով՝ այս տարի ԱԺ կողմից ընդունված համաներման մասին որոշումը նախատեսում է, որ համաներումը չպետք է կիրառել այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ավելի շուտ ընդունված ԱԺ որոշման հիման վրա և որոնք մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ: «Իմ կողմից հիշատակված դրույթը չի վերաբերում Միքայել Միքայելյանի կողմից նախկինում հանցագործություն կատարած և համաներմամբ կարճված գործին, որովհետև համաներման ակտի նշված կետը շեշտը դնում է կրկին դիտավորյալ հանցագործության մեջ մեղադրվող անձանց վրա: Իսկ Միքայելյանն այժմ մեղադրվում է անզգույշ հանցագործության մեջ»,- ասաց մեղադրողը:
Հիշեցնենք, որ Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ N զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Նշենք, որ այսօր դատական նիստը շարունակվեց տուժող կողմի բացակայության պայմաններում: Մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանն ու նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը չէին ներկայացել դատական նիստին: Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում տուժող կողմը, բողոքելով դատարանի գործողություններից, լքել էր դատական նիստերի դահլիճը:
Դատարանը դատական ակտը կհրապարակի դեկտեմբերի 16-ին: