Բաժիններ՝

Փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով շարունակվում է վկանների հարցաքննությունը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է 2012թ. նոյեմբերի 18-ին «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դռնբաց դատական նիստը:

Դատավարությունը վկաների հարցաքննության փուլում է: Դեկտեմբերի 3-ի նիստին դատակոչվել էին Տաթևիկ Ասլիկյանը, Անժելա Ասլիկյանը, Գարեգին Ստեփանյանը, Ջիվան Չիլինգարյանը: Վերջինս ներկայացել էր առանց անձը հաստատող փաստաթղթի, և դատարանը հետաձգեց նրա հարցաքննությունը: Նշենք, որ սույն վկաները դեպքին ականատես չեն:

Տ. Ասլիկյանը հայտնեց, որ նախաքննական ցուցմունքի վերջին պարբերությունն իր բառերով չի գրել. «Իմ ցուցմունքի վերջին պարբերությունը  ես չեմ գրել: Քննիչն ա ասել, որ Հայկը  (Տաթևիկի եղբայրը. Հ.Ս.) իր ցուցմունքում այդպես է ասել՝ որպես դեպքի ականատես վկա»,- ասաց վկան և հավելեց, որ ինքը քննիչին ասել է, թե Հայկի հետ չի խոսել դեպքի մանրամասներից և այդ մասին չգիտի:

Ի տարբերություն Տաթևիկի՝ նրա մոր՝ Անժելա Ասլիկյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա էին բազմաթիվ հակասություններ. դրանք վկան պատճառաբանեց այդ պահի իր հոգեվիճակով և քննիչի ուղղորդման հանգամանքով:

Երկու վկաներին էլ   բազմաթիվ հարցեր ուղղեցին մեղադրող դատախազ Պետրոս Մարտիրոսյանի, Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը, Արտակ Վերանյանի շահերի պաշտպան Մհեր Դավթյանը:

Պաշտպանական կողմը դատարանում բարձրաձայնեց ամբաստանյալների հարազատներին նախաքննության փուլում հարցաքննելու միջնորդությունները մերժելու, ինչպես Ռ. Հակոբյանը նշեց՝ «կյանքի գնով առերեսումներ չանելու» և մի շարք այլ հանգամանքների մասին, որոնց համադրմամբ նրանք պնդեցին, որ քրեական  հետապնդում իրականացնող մարմինը կանխակալ է եղել:

Երբ վկաները հայտնեցին քննիչի կողմից իրենց ուղղորդելու մասին, Մ. Դավթյանը նկատեց, որ այս էլ երրորդ թե չորրորդ դեպքն է, երբ վկաները բարձրաձայնում են այդ մասին: Վկայակոչելով ՀՀ գլխավոր դատախազի շրջաբերականը, ըստ որի՝ եթե դատավարության փուլում ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնք խոսում են վարույթ իրականացնող մարմնի կողմից օրենքը խախտելու մասին, դատաքննությանը մասնակցող դատախազն այդ մասին զեկուցագիր է ներկայացնում վերադասին, պաշտպանը Պետրոս Մարտիրոսյանին խնդրեց կատարել  իր մասնագիտական պարտքը:

Գարեգին Ստեփանյանի հարցաքննությունը շատ կարճ տևեց: Նա ասաց այն, ինչ նախաքննության փուլում էր ասել. այն է՝ Ս. Դիլոյանի խնդրանքով ծխախոտ և մրգեղեն է տարել  «Մուշ» ռեստորանային համալիր, իսկ դեպքից ոչինչ տեղյակ չէ: Ռ. Հակոբյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց ևս մեկ կարևոր  հանգամանքի՝ այն է ՝ Ասլիկյաններին հարցաքննելուց առաջ նրանց ասվել է, որ նրանք կանչվել են՝ կոնկրետ Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների կողմից Շարբաթյանին սպանելու դեպքով, իսկ մյուս վկաներին ուղղակի ասվել է՝ Շարբաթյանի սպանության գործով: Ըստ պաշտպանի՝ այդ հանգամանքը ևս վկաներին ուղղորդելու վառ ապացույց է:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 17-ի ժամը 11:00-ին:

Հովհաննես Սարդարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս