Արմեն Մովսիսյան. Պարտքը կարող էր ավելի մեծ լինել

ԱԺ-ում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ չի էժանանալու ՀՀ քաղաքացուն տրվող գազի սակագինը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց, թե երբ 2013թ. հուլիսի 7-ին տարիֆները հաստատվեցին, ըստ որի՝ գազի գինը սահմանի վրա լինելու է 189 դոլար, ՀՀ կառավարությունը դիմեց կարգավորող հանձնաժողովին, որպեսզի հաշվարկեն տարբերությունը: «Այսօր լուծումները գտնված են, և գազի գինը փոփոխության ենթակա չէ առաջիկա տարիներին»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ՀՀ կառավարությունը խոստացել էր սուբսիդավորել այն, Արմեն Մովսիսյանն այսպես արձագանքեց. «Այո՛, «ՀայՌուսգազարդի» հայտը եղել է 270 դոլար: Կառավարությունը դիմեց կարգարովող հանձնաժողովին, որ 270 դոլարի և 189-ի տարբերության խնդիրը կառավարությունը վերցնի իր վրա, որպեսզի հանձնաժողովը գազի սակագները հաշվի առնի սպառողի վրա 189 դոլար, և այդպես էլ հանձնաժողովը վարվել է: Այն տարիֆները, որոնք այսօր ուժի մեջ են, հաշվարկված են 189 դոլար գազի գնով»:

Անդրադառնալով ՀՀ-ի 155 մլն դոլար պարտքին, Աևմեն Մովսիսյանն ասաց, թե այն կուտակվել է 2011 թվականին: «Այս բանակցությունները սկսվել են 2011 թվականից և այդ ժամանակվանից միշտ ասել եմ, որ գազի գինը մեր երկրում մեր սպառողի համար չի փոխվելու: Զուգահեռաբար բանակցություններ են ընթացել ռուսական կողմի հետ՝ գազի գները ֆիքսելու ավելի երկարատև ժամանակաշրջանի համար, որովհետև ամեն տարվա փոփոխությունները բավական ծանր վիճակ են ստեղծում հանրապետության համար: Բանակցություններն ավարտվեցին այս տարի և պայմանավորվածությունը մինչև 2018 թվականն է: Այս ընթացքում այն լրացուցիչ բեռը, որն առաջանում է «ՀայՌուսգազարդի» վրա, կազմում է շուրջ 1.1 միլիարդ դոլար, որից 600 միլիոն դոլարը այսօրվանից մինչև չորս տարի պետք է առաջանար: 300 միլիոն դոլար պարտքն առաջացել է ապրիլի 1-ից առ այսօր»,- ասաց նա՝ հավելելով, թե ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում ՀՀ կառավարությունը հասել է նրան, որ 300 միլիոն դոլար առաջացած պարտքի մոտավորապես կեսը վճարելու է ՀՀ-ն, մյուս կեսը՝ իրենք:

«Իսկ այսօրվանից մինչև 2018 թվականը՝ այն բեռը, որ պետք է առաջանար ՀՀ սպառողների վրա, որը 1000 խմ կտրվածքով կազմում էր 80 դոլար, ռուսական կողմն ուղղակի ազատում է դրանից»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ էր Հայաստանը թաքցնում 155 մլն դոլարի պարտքի առկայությունը, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Որևիցե մեկը որևէ բան չի թաքցրել: Բանակցային պրոցես էր ընթանում, միշտ ասել ենք, որ գալու է պահը, հայտարարելու ենք: Այդ 300  միլիոնն այս բանակցությունների արդյունքում է, կարող էր ավելի մեծ լինել:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը երեկ իր հարցազրույցում հայտարարել էր, թե «ՀայՌուսգազարդ»-ում ՀՀ-ի 20 տոկոս բաժնեմասը տրվում է «Գազպրոմին»՝ 30 տոկոս սուբսիդավորման դիմաց: Լրագրողներն Արմեն Մովիսյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է պայմանավորված նրանց հայտարարությունների հակասությունը:

«Իմ բացատրությունը հետևյալն է. 2011-2018թթ. ինչ բեռ է առաջանում, որ մայիսին ինչ լուծում է տրվում, այդ թվում այս 20 տոկոսը ինչի՞ համար է տրվում: Մեր ասածների մեջ որևէ հակասություն չկա»:

Հարցին, թե՝ «ՀայՌուսգազարդ»-ում ունեցած 20 տոկոսի վաճառքը կապ չունի՞ այդ սուբսիդավորման հետ, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Այո՛, այո՛»:

Տեսանյութեր

Լրահոս