ԱՄՆ-ը սպասողական դիրքորոշում է որդեգրել Ուկրաինայի բողոքի ակցիաների հանդեպ. The Washington Post
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինան գնալով ավելի է հեռանում ԵՄ-ից, սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հանդես չի գալի արևելաեվրոպական այդ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հնչեղ հայտարարություններով՝ չցանկանալով վատթարացնել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները:
Ուկրաինայի զանգվածային հուզումները մեկնաբանել են միայն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և սենատոր Ջոն Մաքքեյնը: Սակայն արդյունքում Քերին որոշեց հրաժարվել Կիև պլանավորած իր այցից:
ԱՊՀ երկրներից մեկում տեղի ունեցող նմանատիպ իրադարձությունների հանդեպ հարաբերական հանդարտ արձագանքը թերևս կապված է Սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի հետ համատեղ ոչ վաղ անցյալում ձեռք բերված դիվանագիտական հաջողությունների հետ:
Ջոն Քերին ՆԱՏՕ-ի շտաբ-բնականարում մամուլի ասուլիսը սկսել է ուկրաինացի ցուցարարներին հասցեագրած կոչով՝ կապված երկրում տիրող լարվածության մակարդակի նվազեցման հետ: Քերին ընդգծել է, որ ժամանակակից եվրոպական պետությունում տեղ հատկացված չէ բռնությանը:
Քերին Ուկրաինայի կառավարությանն ու ընդդիմությանը կոչ է արել հանդիպել բանակցային սեղանի շուրջ՝ երկիրը եվրոպական ինտեգրման ու տնտեսական բարգավաճման ուղի վերադարձնելու համար:
Բացատրելով, թե ինչու է Վաշինգտոնի արձագանքը նման անորոշ՝ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինան ինքնուրույն պետք է կատարի իր ընտրությունը, որը պետք է արտացոլի ժողովրդի կամքը: Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել նաև սենատոր Ջոն Մաքքեյնը.
«Ողջ աշխարհը հետևում է Ուկրաինային: Ուկրաինայի առաջնորդները պետք է հարգեն սեփական ժողովրդի հիմնարար իրավունքները՝ ներառյալ ազատ արտահայտվելն ու ազատ հանրահավաքներ անցկացնելը, և զերծ մնան խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության ակտեր կիրառելուց: Միևնույն ժամանակ ընդդիմության համար կարևոր է հանրահավաքները խաղաղ ճանապարհով շարունակելը»: