
Ուկրաինան այսօր պատվիրակություններ կուղարկի Բրյուսել և Մոսկվա

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան այսօր պատվիրակություն է ուղարկելու Բրյուսել՝ բանակցելու համար եվրաինտեգրմանն առնչվող խնդիրների շուրջ: Միաժամանակ մեկ այլ պատվիրակություն բանակցությունների համար կուղարկվի Ռուսաստան:
Այս մասին երեկ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը. «Վաղը մեր պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, և մենք կշարունակենք բանակցությունները, որոնք հնարավորություն կտան Ուկրաինայի համար շահավետ պայմաններում ստորագրել Եվրոպական ինտեգրման համաձայնագիրը:
Այդ մասին պայմանավորվել է նախագահը: Միաժամանակ վաղը մեկ այլ պատվիրակություն կուղարկվի Մոսկվա, ինչի նպատակը կլինի ռազմավարական գործընկերության ամրապնդումը, Ռուսաստանի հետ առևտրային-տնտեսական կապերի վերականգնումը:
Մենք ցանկանում ենք աշխատելու հնարավորություն տալ մեր մեքենաշինությանը, տիեզերական ոլորտին, ավիաշինությանը, խողովակային արդյունաբերությանը, մյուս ձեռնարկություններին, որոնք դժբախտաբար վերջին շրջանում կորցրել են պատվերները, կրճատել են արտադրության ծավալը: Չէ՞ որ այդ ամենը հանգեցնում է մեր կյանքի բարդացմանը»: