Ձեր տեսողությունը կարող եք ստուգել ինքնուրույն` բջջային հավելվածի միջոցով
Հայ ծրագրավորողները ստեղծել են Central Vision test (Կենտրոնական տեսողական դաշտի ստուգում) կոչվող հավելվածը, որը կարող է օգնել բացահայտել Ձեր աչքի հետ կապված խնդիրները` տեսողությունը (հեռատեսությունը և կարճատեսությունը), գունազգացողությունը և աստիգմատիզմը: Նոր հավելվածը մոտ 2 ամսվա ընթացքում գրել են Sorcio ընկերության ծրագրավորողները: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության նախագծերի ղեկավար Պավել Սնխչյանը` հավելվածը ստեղծել են բժիշկների, մասնավորապես` աչքի բժիշկների հետ խորհրդակցելով, որպեսզի ստեղծված ծրագիրը լուրջ մասնագիտական մոտեցում ունենա և սիրողական մակարդակի չլինի:
«Այն կոչված է օգնելու ցանկացած օգտագործողին՝ բացահայտելու, թե արդյոք ինքն ունի՞ աչքի տեսողության խնդիր, թե՞ ոչ»,- ասաց Պ. Սնխչյանը: Նրա խոսքով` հավելվածն անվճար հասանելի է ինչպես՝ Android ՕՀ-ով աշխատող սարքերի, այնպես էլ՝ iOS ՕՀ-ով աշխատող սարքերի համար: Նշյալ երկու շուկաներում էլ անցած 3 շաբաթվա ընթացքում հավելվածը ներբեռնել են 5000 անգամ:
«Այն ներբեռնել են ԱՄՆ-ից, Ղազախստանից, Հնդկաստանից և այլ երկրներից, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանից այս հավելվածը ներբեռնել են մոտ 500 անգամ կամ մի փոքր ավելի»,- ասաց Պ. Սնխչյանը` նշելով, որ հայաստանյան շուկան փոքր է, ուստի իրենք հավելվածը ստեղծել են ոչ միայն հայերեն լեզվով, այլ նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով: Շուտով` մոտ 2 շաբաթից, շուկայում կհայտնվի նաև դրա գերմաներեն տարբերակը, որն ավարտելուց հետո ծրագրավորողները նախատեսում են ստեղծել նաև դրա իսպաներեն և ֆրանսերեն տարբերակները:
«Իհարկե, սա շատ կարճ ժամանակահատված է՝ հասկանալու համար՝ արդյոք հաջողվա՞ծ է մեր ստեղծած համակարգը, թե՞ ոչ, սակայն հավելվածն ինտերնետում տեղադրելուց հետո բավականին շատ դրական արձագանքներ ենք ստացել»,- ասաց Պ.Սնխչյանը:
Նա նշեց նաև, որ այժմ փորձում են ավելի լավացնել հավելվածի հնարավորություններն ու ֆունկցիոնալությունը, իսկ հետագայում նախատեսում են ստեղծել նաև դրա կոմերցիոն տարբերակը` վաճառքի համար: «Այն անվճար տարբերակից կտարբերվի հավանաբար ֆունկցիոնալությամբ, բազմազանությամբ և որոշ հավելյալ թեստեր կպարունակի, սակայն այդ տարբերակի կոնցեպտը դեռևս մինչև վերջ չենք մշակել»,- ասաց Պ.Սնխչյանը:
Նշենք, որ Central Vision test հավելվածն անվճար կարող եք ներբեռնել Google play-ից և AppStore-ից: