Մինչև տարեվերջ Երևանի մարդաշատ կանգառներում կտեղադրվի ևս 31 էլեկտրոնային չվացուցակ

Այս տարի Երևանի առավել մարդաշատ կանգառներում նախատեսված է տեղադրել թվով 52 էլեկտրոնային չվացուցակներ, որոնցից արդեն 21-ը տեղադրված է, ևս 31-ը կտեղադրվի մինչև տարվա վերջ: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նրանց տրամադրած տեղեկատվության համաձայն`այս պահին ավտոբուսային 14 երթուղիներ (1, 5, 13, 14, 22, 31, 32, 36, 38, 41, 44, 47, 53, 58)  համալրված են GPS սարքավորումներով:

«Հաշվի առնելով համակարգի բավականին ծավալուն լինելու փաստը` սարքավորումները տեղադրվում, գործարկվում և կարգաբերվում են ոչ միաժամանակ, այլ փուլ առ փուլ, ուստի հստակ վերջնաժամկետ, թե երբ քաղաքացիները կկարողանան օգտվել էլեկտրոնային չվացուցակներից, այս պահին դժվար է ասել»,- ասաց Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արթուր Սարուխանյանը` նշելով, որ այդ աշխատանքի համար անհրաժեշտ է նախ՝ GPS սարքավորումներով համալրել ավտոբուսային գոնե հիմնական երթուղիները, որոնց համար և տարբեր մրցույթներ են հայտարարվում, և փորձարկումներ են կատարվում զուգահեռաբար:

Նշենք, որ համակարգը նախագծվել և իրականացվում է Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:

Ինչ վերաբերում է քաղաքային տրանսպորտային համակարգում գործող անվճար Wi-Fi-ին`«Wi-Fi ամենուր» ծրագրին, ապա, բացի «Օրանժ-Արմենիա» ընկերությունից, որը ապահովում էր ինտերնետ հասանելիությունը  մայրաքաղաքի տարբեր երթուղիներում գործող շուրջ 200 ավտոբուսներում,  միացել են նաև «Վիվասել-ՄՏՍ», «Ռոստելեկոմ» և «Յուքոմ» ընկերությունները, որոնք անլար  ինտերնետ հասանելիություն են ապահովել մետրոյի կայարաններում, գրադարաններում, այգիներում, պուրակներում և այլ մարդաշատ վայրերում (Չարբախ, Գ.Նժդեհ Հրապարակ, Շենգավիթ, Գործարանային, Սասունցի Դավիթ, Զորավար Անդրանիկ, Հանրապետության Հրապարակ, Երիտասարդական, Մ.Բաղրամյան և Բարեկամություն մետրոյի կայարաններում, Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի 10 մասնաճյուղերում, Հյուսիսային պողոտայում, Կարապի լճի շրջակա տարածքում, Հանրապետության Հրապարակում, Գ.Նժդեհի Հրապարակում, Սասունցի Դավթի արձանի շրջակա տարածքում, ինչպես նաև՝ Արգենտինայի, Մաշտոցի, Թումանյանի պուրակներում և Պետրոսյան-Փիրումյան փողոցների խաչմերուկի այգում և այլուր):

Նշյալ աշխատանքները շարունակական բնույթ են կրում, այժմ մշակվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ստրատեգիական պլան 2014-2017 թվականների համար, որն ընդգրկում է բաց մնացած բոլոր հիմնական ենթակառուցվածքները:

Տեսանյութեր

Լրահոս