Ամեն ինչի մեղավորը մենք ենք

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում երեկ` տարեկան գիտական համաժողովի ժամանակ, բուհի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն անդրադարձավ Հայաստանի միջազգային ինտեգրման առանձնահատկություններին` դրանք բաժանելով 3 հատվածի՝ քաղաքակրթական, տնտեսական և աշխարհաքաղաքական:

Հայերը, լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը, ըստ Ա.Դարբինյանի, հիմք և իրավունք ունեն ձգտելու և հավակնելու համաշխարհային դերակատարման և նշանակության, սակայն ժամանակակից աշխարհում հին ազգ և մշակույթ լինելը բավարար չէ այդ դերակատարումը ստանձնելու համար և պետք է ներկայացնել կա՛մ տնտեսական հզորություն, կա՛մ չափերի, կա՛մ բնական ռեսուրսների հարստություն, կա՛մ մարդկային քանակ, կամ էլ, ծայրահեղ դեպքում` առաջադիմական, իրենց բնույթով հեղափոխական գիտական և/կամ հասարակական գաղափարներ ընծայել աշխարհին` նպաստելով համապատասխանաբար մարդկային զարգացման գործընթացին:

Նախկին վարչապետը փաստեց, որ այսօրվա Հայաստանը, ցավոք, չի համապատասխանում բերված և ոչ մի չափանիշի: Եվ եթե քանակական կամ ռեսուրսային չափանիշները բացարձակ օբյեկտիվ են, ապա առաջադեմ չլինելը, ընդգծեց Ա.Դարբինյանը, մեր դարավոր պահպանողական, այսօրվա գերակայությունների հետ առնչություն չունեցող մոտեցումների վերարտադրումը, կենցաղում և հասարակական հարաբերություններում ավանդական վարքաձևի նախընտրումն արդեն մեր ընտրությունն է, իսկ դա հաղթող խաղաքարտ չէ` աշխարհին հետաքրքիր լինելու տեսակետից:

«Անկախ պետականության առավել քան երկու տասնամյակի ընթացքում մենք չկարողացանք աշխարհին ներկայանալ անգամ մեր ինքնանույնականացման տեսանկյունից. ռուսները ինչպես համարել են մեզ Անդրկովկաս, այնպես էլ շարունակում են համարել: Եվրոպան և մնացյալն էլ` ռուսական տեսանկյունը չկրկնելու նպատակով` ամփոփեցին մեզ «Հարավային Կովկաս» տարածաշրջանային հանրության մեջ, փաստորեն, առանձնակի տարբերություն չդնելով մեր և վրացիների, մեր և ադրբեջանցիների միջև: Լավ, մի՞թե դժվար էր աշխարհին բացատրել, որ մենք Անդրկովկաս չենք, Հարավային Կովկաս չենք, մենք ընդհանրապես Կովկաս չենք: Չէ՞ որ սեփական պատմության և մշակույթի նկատմամբ նման անհասկանալի կոմպրոմիսը, եթե չասեմ` կործանիչ անտարբերությունը և անպատասխանատվությունը բերեցին աշխարհաքաղաքական հնարավոր դասավորումներում մեր բացահայտ անճարակության, մեր շահերի և գերակայությունների անտեսման կամ ոտնահարման:

Կարդացեք նաև

Մի՞թե հասկանալի չէր, որ հստակ և ճշգրիտ ինքնանույնականացումն անգամ մեզ զերծ կպահեր Եվրո՞պա, թե՞ Եվրա՞սիա անիմաստ երկընտրանքից: Ինչո՞ւ մենք չկարողացանք մեր միջազգային հարաբերություններում պաշտպանել հնագույն քաղաքակրթական արժեք ներկայացնող հնդաեվրոպական ազգային և մշակութային մեր ինքնությունը: Ինքնություն, որն ինքնին մեզ կարող է և պետք է բերեր եվրոպական քաղաքակրթական արժեքների հիմքում գտնվող, եզակի արևելյան քրիստոնյա ժողովրդի դերակատարմանը և նշանակությանը: Ըստ որում, շեշտեմ, որ «արևելյան»` չի՛ նշանակում` «ասիական»: Ճիշտ այնպես, ինչպես մենք Կովկաս չենք, մենք նաև «Ասիա» չենք: Իսկ մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մենք Եվրոպա ևս չենք:

Եվ ուրեմն` արհեստականորեն մեզ պարտադրվող երկընտրանքը՝ Եվրոպա կամ Եվրասիա, քաղաքակրթական չէ, այն բացառապես աշխարհաքաղաքական է, ըստ որում` պարտադրող երկու կողմերն էլ հակված են անտեսելու վերևում բերված մեր ինքնանույնականացումը»,- ասաց Ա.Դարբինյանը:

Երկրի տնտեսական ինտեգրումը որևէ գործող կամ նոր ստեղծվող տնտեսական միությանը, անգամ առանձին երկրների, Ա.Դարբինյանի համոզմամբ, օրվա հրամայական է: Ընդ որում, նա նշեց, որ ինտեգրման ցանկացած մոդելում ՀՀ-ի համար առաջնայինը պետք է լինի ազգային և պետական ինքնության և ինքնիշխանության պաշտպանությունն ու զարգացումը. «Ազգային և պետական ինքնության և ինքնիշխանության պաշտպանության և զարգացման, շահերի ներկայացման և պաշտպանման համար ամենագործուն միջոցն է օտար լեզուների տիրապետումը, այլ մշակույթներին հաղորդակից լինելը:

Մեր իրավիճակից և առանձնահատկություններից ելնելով, առաջնայնության կարգով` մենք պետք է տիրապետենք ռուսերենին և անգլերենին: Ընդհանրապես, եռալեզու հասարակության ստեղծումը պետք է լինի ամրագրված` որպես մեր ազգային և պետական առաջնահերթություն: Տնտեսական ինտեգրման այս կամ այն մոդելի ընտրությունը կարող է պայմանավորված, կամ անգամ կանխորոշված լինել աշխարհաքաղաքական գործոնով: Այս պարագայում մեզ մնում է առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունները:

Մաքսային միությանը Հայաստանի անդամագրումը չպիտի ենթադրի այլ ուղղություններով ազատ առևտրի բանակցային գործընթացների սառեցում: Հայաստանն իրոք որ հատուկ դեպք է այս բոլոր գործընթացների համատեքստում, ինչը մեզ ոչ միայն լրացուցիչ դժվարություններ է հարուցում, բայցև նոր ու յուրահատուկ հնարավորություններ ընձեռում»:

Գիտաժողովից հետո «168 Ժամը» մի քանի հարց ուղղեց Արմեն Դարբինյանին.

– Պարոն Դարբինյան, Ձեր կարծիքով՝ Մաքսային միության կազմում Հայաստանի զարգացումն ինչպե՞ս կընթանա, հաշվի առնելով, որ Ռուսաստանում բազմաթիվ խնդիրներ կան՝ կոռուպցիա, հանցագործության բարձր մակարդակ, տնտեսական ոչ բարվոք վիճակ և այլն:

– Ես այն կարծիքի եմ, որ որևէ մեկը, այդ թվում՝ Ռուսաստանը, երբևիցե մեզ չի խանգարել և չի խանգարելու` մեր սեփական կոռուպցիան հաղթահարել, և մեր սեփական տան մեջ կարգ ու կանոնի ստեղծումը դա մեր խնդիրն է, և մենք որևէ մեկի վրա չպետք է այն բարդենք, առավել ևս, պատճառներ չփնտրենք, թե ինչու մեզ մոտ չստացվեց: Ամեն ինչի մեղավորը մենք ենք, և, եթե մենք գոհ չենք ստեղծված հասարակական, քաղաքական, տնտեսական իրավիճակից, դրա միակ մեղավորը մեր հասարակությունն է, մեր քաղաքական վերնախավը և մեր պետական պատասխանատուները:

Այնպես որ, ես հակված չեմ մեր ձախողումներում կամ ապագա հնարավոր ձախողումներում մեղադրել Ռուսաստանին, Եվրոպային կամ որևէ այլ երրորդ անձի: Ցանկացած երկիր ունի իր առանձնահատկություններն ու խնդիրները, կոռուպցիան գոյություն ունի նաև այլ երկրներում: Մաքսային միությանն անդամագրվելը չի նշանակում, որ մենք պետք է համապատասխան հասարակական կամ քաղաքական բարքերը ներմուծենք: Մենք ունենք մեր սեփական պատասխանատվությունը` սեփական քաղաքական, տնտեսական կամ սոցիալական մոդել իրագործելու:

– Այսինքն՝ հնարավոր համարո՞ւմ եք եվրոպական Հայաստանի կայացումը Մաքսային միության կազմում:

– Այդ ձևակերպումը 2 օր առաջ նախարար Աշոտյանը հնչեցրեց Կազանում, և վատ ձևակերպում չի: Բայց ես չէի հանդգնի այս փուլում ապագա Հայաստանը որակել, որպես եվրոպական Հայաստան: Ես կուզենայի, որպեսզի Հայաստանը լիներ արդարության տարածք, ազատության տարածք, զարգացման տարածք, հայակենտրոն տարածք, իսկ ես չգիտեմ եվրոպական որևէ երկիր, որն ունի հայակենտրոն լինելու առաքելություն: Այնպես որ, ես կուզեմ, որ մենք լինենք իսկապես արդար և զարգացող երկիր, այնուհետև այն կորակենք որպես եվրոպակա՞ն, թե՞ այլ կերպ, ինձ այնքան էլ հետաքրքիր չէ:

– Ինչպեգս եք գնահատում Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին՝ հաշվի առնելով, որ Վլադիմիր Պուտինի այցը ՀՀ մի քանի անգամ հետաձգվեց, Ադրբեջան կատարած նրա այցը բավականին աղմկահարույց էր: Նսեմացնելու փորձ չե՞ք տեսնո՞ւմ այս ամենում:

– Մենք պետք է մեր սեփական քաշը, կարողությունը, հեղինակությունն ինքներս ստեղծենք, կերտենք և հաստատենք: Եթե մեզ թվում է, թե ուշ եկավ, կամ ինչ-որ ձևով այն կերպ չեկավ, նորից՝ մենք պետք է մեղավորներին փնտրենք մեր մեջ և մեզանում, և ոչ թե մեղադրենք իսկապես դաշնակից երկրի նախագահին, որ իսկապես նա ուշ եկավ կամ այն կերպ չեկավ, ինչպես կուզենայինք, որ գար: Որևէ հատուկ վերաբերմունք դեռևս չեմ տեսնում, այցը ցույց կտա թե ինչպես այն կանցնի, ինչպիսի արդյունքներով կպսակվի, և այցի արդյունքներով կխոսենք, թե կա՞ արդյոք մեզ համար ոչ գոհացուցիչ վերաբերմունք, թե՞ ոչ: Ես այժմ նման հիմքեր չունեմ դա եզարակացնելու և նորից եմ կրկնում՝ եթե մեզ թվում է, թե ինչ-որ բան այնպես չէ, մեղավորին պետք է փնտրենք մեր մեջ:

– Պարոն Դարբինյան, Դուք առաջ եք քաշում «ռուսալեզու աշխարհի» գաղափարը: Նշել էիք, որ Հայաստանի՝ ռուսական աշխարհին ինտեգրվելը մեզ համար առավել բնական է` լեզվի և մշակույթի տարածվածության իմաստով: Այդ համատեքստում ինչպեգս եք գնահատում ուկրաինական վերջին իրադարձությունները:

– Գիտեք, Ուկրաինան չի կարելի համեմատել Հայաստանի հետ: Ինչքան էլ մեր քաղաքական վերնախավը չուզենա դա նույնականացնել, բացարձակ տարբեր դեպքեր են: Ուկրաինայի դեպքը և Հայաստանի դեպքը նույն կոնտեքստում դիտելը, ես կարծում եմ, մեթոդոլոգիական, անգամ` քաղաքական և աշխարհաքաղաքական սխալ է: Ուկրաինան ունի իր գերակայությունները, այն իսկապես Եվրոպայի տարածաշրջանում գտնվող, Եվրոպայի հետ անմիջական սահմաններ ունեցող, Եվրոպայի հետ ինտեգրվելու բոլոր հնարավորություններն ունեցող, արդյունաբերական հզոր պոտենցիալով և նաև ռեսուրսային հզորագույն երկիր է: Այսինքն` Ուկրաինան համեմատել Հայաստանի հետ, որը չունի որևէ սահման եվրոպական ազատ առևտրի հետ, որի սահմանները փակ են, որը գտնվում է չլուծված հակամարտության իրավիճակում, որն ունի ուղղակի անվտանգության հետ կապված բարդագույն խնդիրներ, կարծում եմ, որ կոռեկտ չէ:

Ինչպես կգնահատեի. Ուկրաինայի ժողովրդի լուծելիքն է, նաև կգնահատեի` Ուկրաինայի քաղաքական ղեկավարության ոչ թափանցիկ վարքաձևի խնդիրն է, որովհետև, փաստորեն, նրանք փաստի առաջ կանգնեցրին մի ողջ ժողովուրդ, որը բերեց նման դժգոհությունների դրսևորման:

Ընդամենը կցանկանայի և կուզենայի, որպեսզի ուկրաինական այս դեպքերը հնարավորինս քաղաքակիրթ ձևով անցնեին և վնաս չբերեին մեր եղբայրական ուկրաինական ժողովրդին: Ուկրաինայի քաղաքացիների մի զգալի հատվածի կողմից չընդունվեց այդ երկրի քաղաքական ղեկավարության վարքագիծը, անթափանցիկ վարքաձևը և վերջին պահին ժողովրդին այդ փաստի առաջ կանգնեցնելը, որ նրանք դեռ պատրաստ չեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել: Եթե պատրաստ չէին ստորագրելու, պետք է դրա մասին հայտարարեին շատ ավելի վաղուց:

Ես կարծում եմ, որ Ադրբեջանն այս իմաստով շատ ավելի անկեղծ գտնվեց և՛ Եվրոպայի, և՛ Ռուսաստանի, և՛ իր սեփական ժողովրդի նկատմամբ: Եթե չեմ սխալվում, նրանք 1.5 տարի առաջ հայտարարեցին, որ անդամագրվելու խնդիր չունեն, փորձելու են համակողմանի, բազմակողմի հարաբերություններ ստեղծել, զարգացնել ևԲ Ռուսաստանի և Եվրամիության հետ, և հասնելու են ինտեգրման այն աստիճանի, որն այդ պահին Ադրբեջանի համար ձեռնտու է:

Այդ իմաստով տարիներ շարունակ եվրաինտեգրման գործընթացում գտնվող Ուկրաինայի և Հայաստանի ընթացքը որոշ հասարակական զանգվածների, այդ թվում և լայն զանգվածների, կամ վերլուծաբանների, առավել ևս` քաղաքագետների տեսակետից կարող է շատ անտրամաբանական թվալ, բայց դա այդպես չէ, ամեն ինչ տրամաբանության մեջ է, ուղղակի պետք է սեփական ժողովրդի նկատմամբ ավելի հարգալից լինել և ավելի թափանցիկ:

– Ի դեպ, կարծիք կար, որ Ադրբեջանի «մատը խառն» էր Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը խափանելու գործում: Հնարավոր համարո՞ւմ եք դա:

– Չփնտրենք մեղավորներին մեզնից դուրս: Հիմա ինչ-որ մեկը խառնվել է կամ չի խառնվել, այս պահին մեզ չպետք է հետաքրքրի: Մեզ պետք է հետաքրքրի մեր արժանապատիվ դիրքն ու բանակցային ընթացքում երկրի և ժողովրդի, պետության շահերն առավելագույնս ներկայացնելու և պաշտպանելու մեր ունակությունը: Արդյոք մենք դա դրսևորե՞լ ենք: Իմ կարծիքով` ոչ բավարար:

Տեսանյութեր

Լրահոս