Արա Հովսեփյանը նշանակվելու է «Որոտանի հէկ-երի համալիր» ՓԲԸ ղեկավար
168.am-ի տեղեկություններով` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, ապա «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը շուտով նշանակվելու է «Որոտանի հէկ-երի համալիր» ՓԲԸ ղեկավար: Որոտանի հէկ-երի համալիրը, հիշեցնենք, ձեռք է բերում ամերիկյան «ԿոնտուրԳլոբալ» ընկերությունը՝ 180 մլն դոլարով: Արա Հեվսեփյանը մեր թղթակցի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել այս տեղեկությունը՝ նշելով. «Չեմ մեկնաբանում ոչ մի ձև»:
Հիշեցնենք, որ Արա Հովսեփյանը նախկինում ղեկավարում էր ՄԻԱԿ կուսակցությունը: Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն` Հովսեփյանն իր զբաղեցրած երկու նախկին պաշտոններից հեռացել է` թողնելով «ոչ այնքան բարի համբավ», և այդ պաշտոնանկություններին առնչություն է ունեցել անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մասնավորապես, ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ղեկավարման ժամանակահատվածում ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը ստուգումներ էր իրականացրել, «էական չարաշահումներ» հայտնաբերել, և անվստահություն ու խիստ նկատողություն էր հայտարարվել Հովսեփյանին:
«Հյուսիս-Հարավից» Ա.Հովսեփյանի հեռացումը պատճառաբանվեց՝ «սեփական դիմումի համաձայն»: Սակայն, Վերահսկիչ պալատը մի շարք թերացումներ էր հայտնաբերել իրականացված ճանապարհաշինական աշխատանքներում, իսկ դրանց ձգձգման պատճառով ՀՀ կառավարությունն Ասիական զարգացման բանկին առնվազն 300 մլն դոլար էր վճարել: Որոշ տեղեկությունների համաձայն, Հովսեփյանի այս պաշտոնանկությունը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կողմից «վրեժ» էր՝ Երևանի քաղաքապետի պաշտոնից իրեն հեռացնելու գործում Հովսեփյանի որոշակի մասնակցության հետ կապված: