Ամուսինները մեղադրվում են քրոջ երեխաներին բռնությամբ մուրացկանությամբ զբաղվելուն հարկադրելու մեջ
Դեկտեմբերի 4-ին Աբովյան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի երեխաների շահագործելու առիթով հարուցված քրեական գործի դատական քննությունը: Ըստ datalex դատական տեղեկատվական համակարգի, գործի շրջանակներում ամբաստանյալի աթոռին հայտնվել են ամուսնները:
Ամուսիններ Ա. Ներսիսյանին և Ա. Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնությամբ ամուսնու քրոջ՝ Ա. Ներսիսյանի անչափահաս երեխաներ՝ Ռ. Ներսիսյանին և Ի. Ներսիսյանին շահագործելու նպատակով, նրանց նկատմամբ բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով` սկզբնական շրջանում ծեծի ենթարկելով, այնուհետև դրա սպառնալիքով, վերջիններիս հարկադրել են զբաղվել մուրացկանությամբ, ստացել անչափահաս երեխաներ Ներսիսյանների կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները և ուղղել իրենց ընտանիքի կարիքները հոգալուն:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, նրանք նախնական համաձայնությամբ, Ա. Ներսիսյանին շահագործելու նպատակով, նրա կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և դա գործաղրելու սպառնալիքով՝ սկզբնական շրջանում ծեծի ենթարկելով, այնուհետև դրա սպառնալիքով, հարկադրել են նրա կողմից մուրացկանությամբ վաստակած գումարներով մարել իրնց պարտքը:
Գործը քննում է դատավոր Յուրի Բաղդասարյանը:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: