Խաղողի բուժիչ տերևը
Բուժիչ նամակներ
Ունի զարմանալիորեն հագեցած քիմիական բաղադրություն` շաքար (2 տոկոս և ավելի), ինոզիտ, բետաին, կվերցետին, քոլին, դաբաղանյութ, բազմաչհագեցած ճարպեր, պրոտոկատեինային թթու։ Խաղողի տերևը (ըստ որոշ հեղինակների) պարունակում է մարդու օրգանիզմի` անհրաժեշտ մարգանեցի, բետա-կարոտինի գրեթե 100 տոկոսը, կալցիումի-36 տոկոսը, մագնիումի-23,3 տոկոսը, պղնձի-20,7 տոկոսը, երկաթի-14,7 տոկոսը, B2 վիտամինի-21,2 տոկոսը, B6-20 տոկոսը, B9-22 տոկոսը, օրգանական թթուների լայն տեսականի, այլ օգտակար նյութեր։
Խաղողի տերևն ունի բարձր ֆերմենտատիվ ակտիվություն, հեշտությամբ է փոխանցում իր օգտակար նյութերը ջերմային մշակման ժամանակ։
Խաղողի տերևը, մատղաշ ճյուղերը և «բեղիկները» կանոնավոր ուտելու, դրանցից ստացված հյութը կամ թրմված սառը ջուրը խմելու դեպքում` արյունը և փայծաղը մաքրվում են կուտակված վնասակար նյութերից, տրոհվում են երիկամների և միզապարկի քարերը, լավանում է ուղեղի մատակարարումն արյունով, հստականում է բոլոր զգայարանների աշխատանքը, լավանում է սրտի աշխատանքը, բացվում է շնչառությունը, հանգստանում են նյարդերը։
Խաղողի տերևի հյութի և գինու խառնուրդով (1։1) բուժում են փայծաղի հիվանդությունները։
- Խմեք 50-ական մլ` օրը 2-3 անգամ։
Մթերեք սպիտակ խաղողի տերևը` ծաղկման շրջանում։
Օրգանիզմը մաքրող. 3 ճ/գ տերևը 20 րոպե թրմեք 1 լ եռջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 5 անգամ։
Արյունը մաքրող. Խառնեք 2 ճ/գ խաղողի տերևի հյութ և 2 թ/գ խնձորի տնական քացախ։ Խմեք այդ չափաբաժնով` նախաճաշից և ընթրիքից առաջ։
Գլխացավ, ընկնավորություն. Աղացեք թարմ տերևը, 200 մլ հումքը 3 օր թրմեք 2 լ սառը ջրում` սառնարանում, քամեք հումքը, մզեք։ Թուրմի մեջ լուծեք 2 ճ/գ դեղնենու 10 տոկոսանոց ոգեթուրմ։ Խմեք 100 մլ` նախաճաշից, ընթրիքից և քնելուց առաջ։ Շարունակեք 28 օր։ Կրկնեք 2 շաբաթից։
Ներքին արյունահոսություն. Փոշիացրեք խաղողի չորացրած տերևը։ Խմեք 1-ական գ` օրը 3-5 անգամ։
Վերքեր. Մշակեք տերևի փոշիով։
Հակացուցում։ Ստամոքսի, 12-մատնյա աղիի խոցային հիվանդության սրացում, սրտի սուր անբավարարություն, շաքարային դիաբետի ծանր փուլ, հղիության 6-9-րդ ամիսներ, կերակրելու շրջան։
Դեղատոմսեր խաղողի հյութով և գինով
Բժիշկները խորհուրդ են տալիս խմել խաղողի թարմ հյութ` ստամոքսահյութի բարձր թթվայնության` ստամոքսաբորբի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի դեպքում. եթե, իհարկե, հիվանդը չունի անընկալություն խաղողի հանդեպ, նման պարագայում այն կարելի է փոխարինել կարտոֆիլի կամ ծիրանի հյութով, ընկույզով։ Խմեք նախաճաշից առաջ, ճաշից 2 ժամ առաջ և 3 ժամ հետո` չափաբաժինը (օրը 400 մլ-1 լ է) ճշտեք բժշկի հետ։
Միգրեն. Խմեք 100-200 մլ թարմ հյութ` օրը 1 անգամ, նախաճաշից առաջ։ Շարունակեք 1-1,5 ամիս։
Քրոնիկ փորկապություն. Խմեք 200-ական մլ թարմ հյութ` օրը 2 անգամ։ Շարունակեք 2 ամիս։
Դիզենտերիա. Չհասունացած խաղողի հյութը խառնեք սև թեյի թունդ թուրմի հետ (2։1)։ Խմեք 1-ական ճ/գ` 2 ժամը մեկ։
Խաղողաբուժություն
Թարմ խաղողը և հյութը կիրառվում են անեմիայի, հիպերտոնիայի, սրտի, թոքերի և բրոնխների, լյարդի, ոսկորների, վահանագեղձի հիվանդությունների, նյարդային համակարգի հյուծվածության դեպքում։
Խաղողը բարձրացնում է մայրական կաթի որակը։
Օգտակար է ծանր վիրահատությունից, քիմիա- և ռադիոթերապիայից, հակաբակտերիալ դեղորայքով բուժվելուց հետո։
Հակացուցումներ։ Ճարպակալում, շաքարային դիաբետ, ստամոքսահյութի բարձր թթվայնություն, ստոմատիտներ, արտահայտված կարիես, հիվանդությունների սրացման շրջան, լուծ, տենդ։
Զգուշացում։ Հղիության շրջանում պետք է խորհրդակցել բժշկի հետ։
Գինեբուժություն
Միայն Ա. Ամասիացու մոտ կարելի է գտնել գինով բուժելու արվեստի տասնյակ օրինակներ։ Սակայն, ինչպես ասում են` «գինին շառ է»։
Դիոգենեսը (Ք. ա. 412-323 թթ.) խնջույքի ժամանակ վայր է գցել գինով լի գավաթը։ Երբ նրան նախատել են, պատասխանել է հետևյալ ձևով. «Եթե գինին չմահանար ինձանով, ապա ես կմահանայի գինուց»։
Ստամոքսի խոց. Խառնեք «Կագոր» տեսակի գինի և վարունգի հյութ (1։1)։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 2 ամիս, կրկնեք 10 օրից։
Անեմիա. Խմեք 100-ական մլ չոր կարմիր գինի` ճաշի և ընթրիքի ժամանակ։ Կամ` եփեք «Սապերավի» գինին (մինչև եռալը), խմեք 100-200 մլ` քնելուց առաջ։
Հիշողությունը լավացնող. Խառնեք սպիտակ չոր գինի և հանքային ջուր (1։1)։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: