2 ամսական երեխայի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ. ըստ տատիկի՝ առանց ստուգելու բժշկուհին նրան պատվաստել է
Սպիտակի հիվանդանոցում մահացած 2 ամսական երեխայի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ. առողջապահության նախարարությունն առայժմ չի կարող եզրակացություն անել երեխայի մահվան հետ կապված: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նա նշեց, որ այժմ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: «Առողջապահության նախարարությունն իր պաշտոնական եզրակացությունը կհայտնի միայն այդ փորձաքննության ավարտից հետո»,- ասաց Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով՝ այժմ նախարարությանը հասանելի չեն փաստաթղթերը, քանի որ հարուցված է քրեական գործ: «Պիտի ինքներս գնահատենք՝ արդյոք այնտեղ բժշկական պրակտիկայի սխալ կա՞, թե՞ ոչ: Իսկ եթե այդ փաստաթղթերը մեզ հասանելի չեն, մենք չենք կարող ասել: Միայն հարցազրույցների վրա, իրոք, շտապել եզրակացություն անել սխալ կլինի»,- ասաց Գայանե Սահակյանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ 1 ամիս առաջ 2 ամսական և 10 օրական Մանուշակ Մարկոսյանը պատվաստումից հետո մահացել էր Սպիտակի հիվանդանոցում: Երեխայի տատիկը՝ Մանուշակ Մարկոսյանը, թերթին պատմել էր, որ երեխան թոքաբորբով հիվանդ է եղել, սակայն իրենք դրա մասին չեն իմացել:
Ըստ տատիկի՝ առանց երեխային ստուգելու բժշկուհին նրան պատվաստել է դիֆտերիայի դեմ: Սպիտակի հիվանդանոցում, սակայն, հերքել էին տեղեկությունները, որ երեխան պատվաստումից է մահացել՝ նշելով, որ երեխայի մահվան պատճառը թոքաբորբն է եղել: Ըստ թերթի, երեխայի տատիկը՝ Մանուշակ Մարկոսյանը, պատմել է, որ երեխան միանգամայն առողջ է եղել. «Մանուշակս տաքություն ընդհանրապես չի ունեցել, անհանգիստ էլ չի եղել։ Նա թաքուն թոքաբորբ է տարել, և մենք գլխի ընկած չենք եղել, որ նման բան կա։ Մի խոսքով, երեխային տարանք բժշկի, ու առանց մի հատ ստուգելու բժշկուհի Մարինա Աղամալյանը դիֆտերիայի դեմ սրսկեց։ Ես հարցրի բժշկուհուն՝ եթե երեխայի մոտ գիշերը ջերմության նշաններ նկատվեն, ի՞նչ անեմ։ Նա ինձ ասաց, թե մոմիկներ կդնեք։ Ի՞նչ ասեմ, գիշերը եկավ, ջերմությունը վրա տվեց, մոմիկը դրեցի, բայց ոչնչով չօգնեց։»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել էր 1 տարեկան մեկ այլ երեխա: Երեխայի հարազատները դարձյալ նրա մահվան պատճառ են համարում պատվաստումը: ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում բացառել էր, որ երեխայի մահվան պատճառը կարող է պատվաստումը լինի: