Երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ՞

Պարզաբանում է Առողջապահության նախարարության մասնագետը

Նոյեմբերի 11-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 1 տարեկան երեխա է մահացել: «ԳԱԼԱ»-ի փոխանցմամբ՝ երեխայի հարազատները նրա մահվան պատճառ են համարում պատվաստումը: Մահացած երեխայի՝ Մերի Սարգսյանի ծնողների բարեկամներից մեկը՝ Անի Գրիգորյանը, «ԳԱԼԱ»-ին տեղեկացրել է, որ բժիշկը՝ Սոնյա Սուրենովնան, առանց երեխային նորմալ զննելու` պատվաստել է նրան, ինչն էլ հանգեցրել է երեխայի մահվանը: Նա նշել է, որ մայրը բժշկին ասել է, թե երեխան հիվանդ է, հետո կտանի պատվաստման, սակայն բժիշկը չի համաձայնել և պատվաստում է արել: «Վերջում հայտնաբերել են, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել, և չեն իմացել»,- «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում ասել է Անի Գրիգորյանը: Պատվաստող բժշկի փաստաբան Սյուզաննա Գարեգինյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել էր, որ երեխայի հարազատների մեղադրանքներն անհիմն են, և նրանք զրպարտում են բժշկին: Կատարվածի վերաբերյալ «168 ժամը» փորձել է պարզաբանումներ ստանալ ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից:

– Տիկի՛ն Սահակյանը, երեխայի հարազատները պնդում են, որ նրա մահվան պատճառը պատվաստումն է: Արդյոք Առողջապահության նախարարությունն ուսումնասիրե՞լ է դեպքը, փորձե՞լ է պարզել՝ արդյոք պատվաստո՞ւմն է դարձել 1 տարեկան Մերիի մահվան պատճառը:

– Մենք դեպքը քննարկել ենք: Երեխան ստացել է երրորդ պատվաստումը: Պատվաստումը կատարվել է հոկտեմբերի 31-ին Երևանի քաղաքապետարանի թիվ 5 պոլիկլինիկայում: Ընդ որում, պատվաստումից հետո միանգամից երեխան չի մահացել: Պատվաստումից հետո մեկ օր երեխան թեթև ջերմել է ու բոլորովին անհանգստություն չի պատճառել ծնողներին: Երեխայի ինքնազգացողությունը հաջորդ օրերին բավականին լավ է եղել:

Կարդացեք նաև

Մենք ունենք այդպիսի չափորոշիչով կարգ. հետպատվաստումային շրջանում պարտադիր տեղամասը պետք է կապ ունենա ծնողի հետ և երեխայի վիճակը ստուգի, որպեսզի պարտադիր գրանցում կատարի: Քանի որ շաբաթ-կիրակի է եղել, նոյեմբերի 4-ին եղել է պատվաստման չորրորդ օրը, բուժքույրը զանգահարել է ու իմացել, որ երեխան պատվաստումից հետո ընդամենը մեկ օր ջերմել է, բայց հիմա ամեն ինչ լավ է: Իրենք գրանցումները կատարել են: Երեխայի ջերմությունը բարձրացել է նոյեմբերի 6-ի երեկոյան, այսինքն՝ պատվաստման վեցերորդ օրը, ինչն այդ պատվաստանյութին բոլորովին բնորոշ չէ:

Պատվաստանյութը եղել է հնգավալենտը և պոլիոմիելիտը: Դրան բնորոշ է ջերմության բարձրացումը հաջորդ 24 ժամվա ընթացքում, մաքսիմում 48 ժամվա՝ երկրորդ օրվա ընթացքում: Դա էլ սպասելի, սովորական ռեակցիա է, ոչ մի խնդիր չկա դրանից հետո: Ջերմության բարձրացում եղել է երեխայի մոտ, բայց եղել է 24 ժամվա մեջ: Երեխան մեկ օր թեթև ջերմել է ու անցել է, ամեն ինչ նորմալ է եղել: Վեցերորդ օրը սուր սկզբով է եղել. երեխայի մոտ եղել է բարձր ջերմություն, ինչը խոսում է վարակիչ հիվանդության մասին, ինչի պատճառը պետք է բացահայտվեր, պատճառաբանվեր: Բայց երեխան այդպես ջերմությամբ երկու օր մնացել է տանը:

Ես խոսել եմ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժնի վարիչի հետ, հնարավոր է՝ սխալ ասեմ: Նա ինձ ասել է, որ իրեն ասել են, որ երեխան երկու օր տանն այդպես ջերմել է: Բոլոր դեպքերում երեխան հիվանդանոց մտել է նոյեմբերի 7-ին, մահացել է նոյեմբերի 11-ին:

Երեխայի մոտ ախտորոշվել է սուր շնչառական վիրուսային հիվանդություն երկկողմանի ինտերսիցիալ թոքաբորբ (ինտերսիցիալ թոքաբորբը նշանակում է, որ դա դանդաղ զարգացող թոքաբորբ չէ, դա արագ, կայծակնային զարգացող թոքաբորբ է եղել, որը հիմնականում վիրուսային պատճառագիտության է): Այսինքն՝ դա պատվաստման հետ կապ չունի: Դրա գաղտնի շրջանը մինչև 24 ժամ է: Երեխան կարող էր նույնը օրը՝ 5-ին, 6-ին, շփվել վիրուսային շնչառական հիվանդությամբ որևէ մեկի հետ, վարակվեր, ու անմիջապես, կայծակնային զարգանար: Այդպես էլ ասում են, որ ատիպիկ թոքաբորբ էր ավելի շատ նրա մոտ՝ կայծակնային զարգացմամբ:

Այսինքն՝ ուզում եմ ասել, որ մեր դեպքի բնորոշմանը դա բոլորովին չի համապատասխանում, որ պատվաստումից հետո վեցերորդ օրը երեխայի ջերմությունը կարող է բարձրանալ և թոքաբորբ առաջացնել: Եվ ընդհանրապես ապացուցողական բժշկության մեջ, կապված պատվաստումների հետ, նման պրակտիկա գոյություն չունի, որ պատվաստումից հետո թոքաբորբ զարգանա:

– Ընտանիքի հարազատը նշել էր, որ բժիշկները երեխային առանց նորմալ զննելու են պատվաստել: Երեխան ստուգման ենթարկվե՞լ է: Գուցե երեխան մինչ պատվաստվե՞լն է թոքաբորբով հիվանդ եղել:

– Ես ինքս եմ նայել երեխայի ամբուլատոր քարտը: Այնտեղ ոչ մի բան չկա, իր 9-ամսականի ամբողջ հետազոտություններն անցել է, ու ոչ մի խնդիր, ոչ մի շեղում չի հայտնաբերվել: Նույնը` պատվաստման օրը: Դարձյալ չափվել է երեխայի ջերմությունը, կոկորդն է զննվել, երեխայի թոքերն են լսվել: Ոչ մի խնդիր չի եղել: Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, որ ծնողներին էլ են բացատրել, տատիկին էլ են բացատրել, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն իրենց լրիվ բացատրել է, ես խոսել եմ բոլորի հետ: Ասել են, որ երեխայի մոտ շատ սուր սկիզբ է եղել, ու հավանաբար գիշերը չեն կարողացել երեխայի ջերմությունը կառավարել (հիմնականում երեկոյան և առավոտյան ժամերին է ջերմությունը բարձր թվերի վրա լինում), ու երեխայի մոտ բարձր ջերմությունից ուղեղի այտուց է զարգացել, ու դա է եղել ճակատագրական երեխայի համար:

– Այսինքն՝ ըստ Ձեր մեկնաբանության՝ երեխային մինչ պատվաստելը հետազոտե՞լ են, և նա թոքաբորբով հիվանդ չի՞ եղել:

– Իհարկե: Երեխային հենց նույն օրը՝ պատվաստման օրը, նորից հետազոտել են, կոկորդը ստուգել են, թոքերը լսել են, ջերմաչափումը կատարվել է: Երեխայի մոտ սուր վիճակ չի եղել: Երեխան պրակտիկորեն առողջ է եղել: Հենց այս մասին է վկայում հետպատվաստումային շրջանում երեխայի վիճակը: Երեխան ընդամենը մեկ օր է ջերմել: Եթե այնպես, ինչպես հոդվածագիրն է գրել, թե գաղտնի թոքաբորբ է տարել, եթե նման իրավիճակ լիներ երեխայի մոտ, ոչ թե մեկ օր թեթև կջերմեր ու կանցներ, լավ կզգար, այլ երեխայի մոտ ջերմությունն ավելի բարձր կլիներ, երեխայի մոտ կլինեին թոքաբորբին բնորոշ մյուս ախտանիշները: Նման բան չի եղել: Երեխան մինչև նոյեմբերի 6-ը նորմալ է եղել: Երեխայի ջերմությունը կտրուկ բարձրացել է նոյեմբերի 6-ին: Այդ ջերմության ֆոնի վրա երեխայի մոտ ցնցումներ են եղել:

– Տիկի՛ն Սահակյան, փաստորեն Դուք բացառո՞ւմ եք, որ երեխայի մահվան պատճառը պատվաստումն է:

– Միանշանակ: Վստահաբար ասում եմ՝ դա պատվաստման հետ կապ չի ունեցել: Բոլոր այն սուր շնչառական վիրուսային հիվանդություններ առաջացնող վիրուսները, որոնք այս պահին ակտիվացել են` ցուրտ եղանակի հետ կապված, դրանցից ցանկացածը կարող էր լինել: Բայց դարձյալ մահ չէր առաջանա երեխայի մոտ, եթե ջերմությունը կարողանային ժամանակին կառավարել:

– Իսկ պատվաստանյութի որակի հետ կապված խնդիրներ չե՞ն եղել:

– Այդ օրը վեց երեխա այդ նույն պատվաստանյութով պատվաստվել են, բայց նրանց մոտ ոչ մի բան չի եղել: Նույն այդ երեխայի մոտ էլ բացարձակ ոչինչ չի եղել, թույլ ջերմել է երեխան: Մենք պատվաստանյութ գնում ենք մեկ անգամ: Գնում ենք ամբողջ երկրի համար տարեկան մեկ անգամ: Նույն պատվաստանյութը տրվում է բոլոր պոլիկլինիկաներին: Պահպանման ռեժիմի խախտում ևս չկա, որովհետև նույն օրը վեց երեխա պատվաստվել է: Վեցի մոտ էլ նորմալ ընթացք է եղել: Այդ երեխայի մոտ ևս նորմալ ընթացք է եղել: Իսկ ջերմությունը սպասվող ռեակցիա է: Իրենց զգուշացրել են, որ երեխայի ջերմությունը կարող է բարձրանալ, ջերմիջեցնող տան:

– Դիահերձման արդյունքներն ի՞նչ են ցույց տվել: Ի՞նչն է եղել երեխայի մահվան պատճառը:

– Սովորաբար մահից հետո մինչև 28 օր տևում է, մինչև պատրաստ է լինում վերջնական եզրակացությունը: Դիահերձման նախնական տվյալներով՝ պատճառը երկկողմանի ինտերսիցիալ թոքաբորբն է:

– «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում ընտանիքի հարազատներից մեկն ասել էր, որ «բժիշկն ասել է, որ պետք է պատվաստեն, որովհետև ինքն արձակուրդ պիտի գնա»: Բժշկի հետ խոսե՞լ եք, ինչո՞ւ է նա նման բան ասել:

– Անկեղծ որ ասեմ՝ ես դրա մեջ ոչինչ չեմ տեսնում: Ինքն ասել է, որ ոչ թե պետք է պարտադիր պատվաստեն, այլ ասել է՝ ես արձակուրդ եմ գնալու, ձեր երեխային իմ արձակուրդի ընթացքում կհսկի այսինչ մասնագետը: Եթե ինչ-որ տեղամասի բժիշկը տեղում չի լինում, մեկ այլ տեղամասին են կցում, որպեսզի այդ տեղամասի երեխաները հսկողությունից դուրս չմնան: Որևէ հիմք չկա, որ մենք մեղադրենք բժշկին, ասենք՝ ինչո՞ւ ես ծնողին նման բան ասել: Ինչ կա, այն է ասել:

– Երեխայի հարազատները բողոք ներկայացրե՞լ են:

– Տեղյակ չեմ: Դա իրենց իրավունքն է: Մենք ինքներս մեր ներքին մասնագիտական հետաքննությունն ենք վարել:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս