Բարաք Օբամայի խորհրդականը՝ հայկական եկեղեցու առաջնորդ

Հուլիսի 1-ին հրաժարական տվեց Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում էր նոյեմբերի 1-ին, բայց նա գերադասեց ժամկետից շուտ հրաժարական տալ, այդ հրաժարականը բացատրելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ունեցած տարաձայնություններով, որոնք նա ներկայացրել էր կաթողիկոսին գրած և հրապարակայնացրած նամակում:

Նրա փոխարեն` թեմի տեղապահ նշանակվեց Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, որի վրա էլ դրվեցին հեգևոր թեմի նոր առաջնորդի ընտրությունների կազմակերպման պարտականությունները: Պարսամյանը Մարսելի թեմի հոգևոր առաջնորդն է, և որպես ընտրությունների կազմակերպիչ` զրկվեց իր թեկնածությունն առաջադրելու իրավունքից: Բացի այդ, նրա 35 տարին չի լրացել, փոքր է ինչի պատճառով չի կարող լինել թեմի առաջնորդ:

Ընտրությունների առաջին փուլում առաջադրվեց վեց թեկնածու, որոնցից 3-ն առաջին փուլում դուրս մնացին պայքարից: Ընտրաշավից դուրս մնացած թեկնածուներն էին Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, ով հոգևոր ծառայության մեջ է Էջմիածնում և բավական լավ հայտնի է հայ հանրությանը, Բարսելոնայի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սասունը և Կարապետ վարդապետ Հարությունյանը:

Կոմիտաս վարդապետը ֆրանսահայ համայնքին հայտնի է նրանով, որ երկար տարիներ հոգևոր ծառայություն է իրականացրել Մարսելի մերձակա Բո Մոն քաղաքում, և հույս ուներ ստանալ բոմոնցիների աջակցությունը, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը, և բոմոնցիները դեմ արտահայտվեցին նրա թեկնածությանը:

Սրա բացատրությունը, թերևս, այն էր, որ Ֆրանսիայի դաշնակցականները ուզում էին թեմի առաջնորդի պաշտոնում տեսնել իրենց թեկնածուին՝ Կարապետ վարդապետ Հարությունյանին, ով, սակայն, նույնպես դուրս մնաց առաջին փուլից: Կաթողիկոս Գարեգին Բ-ն չէր կարող նման հանգուցային նշանակություն ունեցող թեմը հանձնել դաշնակցականներին, սակայն նրանց չնեղացնելու համար Կարապետ վարդապետին ընդամենը երեք օր առաջ Գարեգին Բ կաթողիկոսը նշանակեց Լիոնի հոգևոր հովիվ: Իհարկե, սա թեմի առաջնորդ չէ, բայց Լիոնի հոգևոր հովիվ կերազեր նշանակվել հայաստանցի հոգևորականներից յուրաքանչյուը:

Հիմա խոսենք այն երեք թեկնածուների մասին, որոնցից պետք է ընտրվի Արևմտյան Եվրոպայի թեմի հոգևոր առաջնորդը: Նախ` նշենք, որ ընտրությունների հստակ օրը հայտնի չէ. բայց հայտնի է, որ այն տեղի է ունենալու փետրվարի 15-ից հետո` Փարիզի Ժան Գուժանի մայր եկեղեցում: Հոգևոր առաջնորդին ընտրելու են Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի հայկական գաղութների հոգևոր թեմերը ներկայացնող 54 պատվիրակները, որոնց մի մասը հոգևորականներ են, մյուսները` աշխարհիկ:

Երկրորդ փուլ անցած թեկնածուներից Զատիկ վարդապետ Ավետիքյանը Բելգիայի թեմի հոգևոր առաջնորդն է, սակայն նա բավական լավ հայտնի է ֆրանսահայ համայնքին, քանի որ հոգևոր ծառայություն է իրականացրել Ֆրանսիայի տարբեր հայկական եկեղեցիներում, իսկ մինչև Բելգիա տեղափոխվելը եղել է Սենթէթիեն քաղաքի հոգևոր հովիվը: Մյուս թեկնածուն Նիցցայի և հարակից շրջանի հոգևոր հովիվ Գրիգոր աբեղա Խաչերյանն է: Սակայն Արևմտյան Եվրոպայի հոգևոր թեմի առաջնորդի ամենահավանական թեկնածու է համարվում Վիգեն սրբազան Այկազյանը, ով Վաշինգտոնի հոգևոր հովիվն է: Նա ևս լավ հայտնի է Եվրոպայի հայ համայնքին, քանի որ մինչ այդ եղել է Շվեյցարիայի հոգևոր թեմի առաջնորդը:

Ինչո՞ւ ենք ասում, որ նա ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորություն ունեցող թեկնածուն է: Էջմիածնի մեր աղբյուրները պնդում են, որ Կաթողիկոս Գարեգին Բ-ն հենց նրան է ցանկանում տեսնել Արևմտյան Եվրոպայի և Ֆրանսիայի թեմի առաջնորդի կարգավիճակում: Իսկ եկեղեցական ժողովի պատվիրակները, ովքեր պետք է ընտրեն թեմի առաջնորդ, մեծ չափով կողմնորոշվում են կաթողիկոսի խոսքով: Եվրոպայում ընդունված է լսել և հաշվի առնել կաթողիկոսի կարծիքը, քանի որ այլ պարագայում մարդուն կարող են մեղադրել անթիլիասական լինելու մեջ: Իսկ դա մի այնպիսի մեղք է համարվում, որի տակ ոչ ոք չի ցանկանա մտնել, մանավանդ որ Եվրոպայում որևէ անթիլյասական եկեղեցի չկա:

Մեր աղբյուրները պնդում են, որ Կաթողիկոսի ընտրությունը մի փոքր տարօրինակ է թվում, եթե նկատի ունենանք, որ երեք թեկնածուներից երկուսը հայաստանցիներ են, և միայն Վիգեն Սրբազանն է, որ ծագումով պոլսահայ է: Զատիկ Վարդապետ Ավետիքյանը Երևանից է, իսկ Գրիգոր աբեղա Խաչերյանը` սևանցի:
Բայց որպես Վիգեն Սրբազանի դրական կողմ` նշվում է այն հանգամանքը, որ նա հանդիսանում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կից գործող հոգևոր խորհրդի անդամ:

Այդ խորհրդի մեջ ներկայացված են տարբեր կրոնների և եկեղեցիների ներկայացուցիչներ, և ԱՄՆ նախագահը մինչ կրոնի հետ կապված որևէ հարցում որոշում կայացնելը խորհրդակցում է հոգևոր խորհրդի հետ: Իսկ եթե մարդը կարող է անձամբ տեսակցել ԱՄՆ նախագահին, դա ինքնին համարվում է նրա լրջության ապացույցը:

Ինչպես ցանկացած հայկական ընտրության արդյունք, հոգևոր առաջնորդների ընտրություններինը ևս որոշվում է ընտրություններից մի քանի ամիս առաջ: Սակայն Եվրոպայում կայանալիք ընտրության դրականն այն է, որ այստեղ չեն պատրաստվում քվեաթերթիկ կեղծել կամ կարուսել անել, այլ ընտրողներին համապատասխան մշակման են ենթարկում, որն ընտրությունների համար կապահովի ժողովրդավարության և թափանցիկության պատրանք:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս