ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը կարող է հետաձգվել 2 տարով. Կվասնևսկի
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը կարող է հետաձգվել 2 տարով՝ կապված Կիևի կողմից Բրյուսելի պահանջները չկատարելու հետ:
Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին, ով Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Պետ Կոքսի հետ միասին մտնում է Եվրախորհրդարանի՝ Ուկրաինայի գծով առաքելության մեջ:
Երեկ երեկոյան ներկայացնելով իրենց զեկույցը՝ Կվասնևսկին և Կոքսը հայտարարել են, որ դեռ վաղաժամ է խոսել այն մասին, որ Կիևը կատարել է բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար:
Զեկույցում ընդգծվում է, որ Ուկրաինայի իշխանությունների ու ընդդիմության միջև փոխադարձ քրոնիկ անվստահությունը ցայժմ թույլ չի տվել լուծել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հարցը: Զեկույցում նշված է, որ անհաջողության դեպքում կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հասցեագրելու միմյանց:
Զեկույցում կողմերին կոչ է արվել կառուցողաբար օգտագործել մնացյալ ժամանակը՝ պատմական կոնսենսուսի հասնելու համար: Նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի է ունենալու «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որի ժամանակ էլ պլանավորված է ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայանգրի ստորագրումը: Կվասնևսկին դրա շանսերը գնահատել է 50-50:
Հիշեցնենք, որ ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Պուտինը Մաքսային միության հարցում Ուկրաինայի ու Հայաստանի նախագահներին համոզել է ՊԱԿ-ի թղթապանակի միջոցով: