Ինչպես Հրանտ Բագրատյանը անակնկալի բերեց Գագիկ Մինասյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ՝ 2014թ. պետական բյուջեն չունի եկամուտների բաժին: Ըստ Բագրատյանի՝ ՀՀ Սահմանադրության համաձայն պետք է  հաստատել օրենքով բյուջեի եկամուտների ձևավորումը: «Այսինքն ոչ միայն մենք պետք է հաստատենք հարկ առ հարկ եկամուտները, այլ՝ ձևավորումը ցույց տանք, աճը ցույց տանք: Երեկ ես ֆինանսների նախարարին հարց տվեցի ու սխալվեցի, որ ասացի, թե հազար էջ բյուջեի էջ մեկ էջ են եկամուտները. մի էջ էլ չի՝  վեց տող է: Եթե այդ փաստաթղթերի մեջ այլ տող կա եկամուտների մասին, եկեք ասենք»,- նկատեց Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ այն, ինչ ասում է ֆինանսների նախարարը, «դրանք միայն խոսքեր են» և չեն հաստատվում: Այն, որ բյուջեում եկամուտներ չկան, ըստ Հրանտ Բագրատյանի, մեղավոր են իշխանությունները. «Դուք մեղավոր եք սրանում՝ բյուջեն կաղ է, թոփալ է, մի ոտանի  է, միայն ծախսերն են»:

Հղում կատարելով Սահմանադրության 106-րդ հոդվածին, ըստ որի՝ օրենքով պետք է լիազորվեն տեղական ինքնակառավարման մարմինները համապատասխան միջոցներով, ՀԱԿ պատգամավորն ասաց, թե բյուջեում չկա այս հատվածը։ Ավելին՝ կա օրենքի 9 կետի 8-րդ ենթակետը, որն ասում է՝ կասեցնել եկամտահարկի ու շահութահարկի գծով հատկացումները տեղական ինքնակառավարման մարմիններին: «Ի՞նչ տեղական ինքնակառավարում առանց սեփական բյուջեի: Ամբողջական բյուջեից միայն 25 տոկոսն է սեփական: Ո՞վ է Ձեզ թույլ տվել խախտել Սահմանադրությունը նորից: Սահմանադրությունը խախտելու փորձերը ո՞ւր են մեզ տանելու: Դրա համար էլ հա նայում են, անկախ նրանից, թե ինչպես են ընտրվել, Երևանն իրենց փող կտա՞, թե՞ ոչ»,- ասաց նա: Բագրատյանը հորդորեց չշտապել պատասխաններ հնչեցնելուց, հիշեցնելով, որ ԿԲ նախագահը անցյալ տարի «ստերիլիզացիայի» մասին հարցադրման վերաբերյալ կոշտ էր խոսում, իսկ այս տարի ասաց, թե «մի քիչ արել են»:

Դիմելով Արթուր Ջավադյանին՝ Բագրատյանը նշեց. «ԿԲ նախագահը հրավիրում է ԿԲ, որ գնամ իր մոտ, տեսնեմ իրեն: Ընդհանրապես, ըստ օրենքի, իրենք պիտի գան այստեղ, ոչ թե մենք գնանք»: «Ո՞ւր են բյուջեի եկամուտները, վեց տող կա բյուջեում»,- իր հարցը կրկնեց Բագրատյանը:

Ի պատասխան` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն ասաց, թե  եկամուտների հետ կապված խնդիրը իրենք քննարկել են հանձնաժողովի համատեղ նիստերում, ապա ավելացրեց. «Ես ուրախ կլինեի, որ Դուք մասնակցեիք այդ նիստերին, և այդ հարցերն այդ ժամանակ ավելի հանգամանալից քննարկելու հնարավորություն կունենայինք»: Նա նշեց, թե պետական բյուջեի կառուցվածքը բխում է բյուջետային համակարգի մասին օրենքից, որտեղ հստակ ամրագրված են կառուցվածքները. «Ես չեմ գտել այդ օրենքում որևէ խնդիր և ներկայացված բյուջեի նախագծի մեջ նույնպես, և եթե Դուք ունեք որևէ խնդիր, ապա Ձեզ հետ միասին կարող են դիտարկել այդ խնդիրները»:  Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեին, Գագիկ Մինասյանն ասաց, թե տվյալ հարցն էլ քննարկվել է բյուջեի համատեղ նիստերում, որի ժամանակ հնչել է մի պատասխան, թե համակարգի ուղակի կիրառումը կհանգեցներ նրան, որ գումարների ճնշող մեծամասնությունը կկուտակվեր Երևանի բյուջեում և «լավ բան չէր հանգեցնի»:

Կարդացեք նաև

Հրանտ Բագրատյանն էլ արձագանքեց այսպես. «Պարոն Մինասյան, ես ասում եմ բյուջեի այն թղթերի մասին, որ մենք հաստատում ենք՝ օրենքի և կից հավելվածների մասին, ու ասում եմ, որ եկամուտների մասին կա վեց տող»: Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀԱԿ պատգամավորն ասաց. «Շնորհակալություն Ձեր ազնվության համար: Դուք ուզում եք ասել, որ Սահմանադրության 106 կետը չի իրականացվում: Շնորհակալություն, որ ազնվորեն ասում եք։ Այդ դեպքում փոխեք Սահմանադրությունը: Դուք փաստորեն բացահայտ ասում եք, որ տեղական ինքնակառավարման մարմինները բյուջե չեն ունենալու: Գոնե շնորհակալ եմ, որ ազնվորեն ասացիք»: Գագիկ Մինասյանն էլ անակնկալի եկավ Բագրատյանի մեկնաբանությունից. «Դուք ինձ անակնկալի եք բերում: Վատ եք հասկացել, որովհետև ես ասում եմ, որ ինչ կատարվել է՝ կատարվել է օրենքի տառի ու ոգուն համապատասխան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս