Ուկրաինայի խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում չի ընդունվել «եվրաինտեգրացիոն» որևէ որոշում
ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի (խորհրդարան) արտահերթ նիստը, որում սակայն չի ընդունվել «եվրաինտեգրացիոն» որևէ որոշում:
Գերագույն Ռադայի արտահերթ նիստում չեն դիտարկվել դատախազության ու ընտրությունների մասին «եվրաինտեգրացիոն» օրինագծերը, ինչպես նաև որոշում չի ընդունվել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի վերաբերյալ: Խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակը հայտնել է, որ պլանավորված տվյալ հարցերից և ոչ մեկն էլ պատրաստ չէ քվեարկության դրվելու համար:
Նա ընդգծել է, որ այսօր պլանավորված երեք հարցերից երկուսը չեն կարող դիտարկվել, քանի որ հանձնաժողովները չեն նախապատրաստել դրանք՝ կապված ուղղումների մեծ քանակի հետ (խոսքը գնում է դատախազության և ժողովրդական պատգամավորների ընտրության օրինագծերի մասին):
Խորհրդարանի աշխատանքային խմբի ղեկավար Գենադի Վասիլևն իր հերթին հայտնել է, որ խմբին չի հաջողվել գտնե փոխզիջում և նախապատրաստել դատապարտյալների կողմից արտերկրում բուժում ստանալու մասին համաձայնեցված օրինագիծ, որը հնարավորություն կտար լուծել Տիմոշենկոյի հարցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե ԵՄ-ը Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու շուրջ որոշում կընդունի նոյեմբերի 18-ին: Ի դեպ, Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Ուկրաինայի համար թիվ մեկ խնդիրը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է՝ ընդգծելով, որ ոչ ոք չի կարող փոխհատուցել ռուսական շուկայում Ուկրաինայի կրած կորուստները: