«Ի սկզբանե ներում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց թույլ տվեցին անձնական վիրավորանքներ իմ հասցեին». Արմեն Դարբինյան

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի ելույթը «Հայաստանի եվրասիական ընտրությունը. տնտեսություն, տեղեկատվական ոլորտ, մարդկային կապիտալ» թեմայով կլոր սեղանի ժամանակ թեժ քննարկման առարկ դարձավ սոցիալական ցանցերում։ Ա. Դարբինյանն այսօր ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է իր այդ ելույթին և դրա շուրջ հնչած կարծիքներին։

«Իմ վերջին ելույթը` համեմված նաև լրատվամիջոցների աղավաղված ներկայացումով, ոչ միանշանակ կամ ոչ ճիշտ է ընդունվել մեր հանրության որոշակի հատվածի կողմից: Հաշվի առնելով, որ թեման իսկապես զգայական է, փաստեմ, որ ի սկզբանե ներում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց թույլ տվեցին անձնական վիրավորանքներ իմ հասցեին: Ստորև բերվող թեզերը իմ դիրքորոշման պարզաբանման նպատակը ունեն: Եվ այսպես.

1) Եվրոպացիների մեծ սխալն էր մեզ հետ «կամ-կամ»-ով խոսելը: Դրանով նրանք սաստկացրին նաև ռուսների «կամ-կամ»-ը: Դրան մենք հակադրեցինք «և-և»-ը: Իրականում թե’ «կամ-կամ»-ը, թե’ «և-և»-ը մեկ թեզի արտահայտում է. «Ռուսաստանը Եվրոպա չէ»: Այս թեզն է, որ ես մերժում եմ` ի հեճուկս ռուս ազգայնամոլների: Այո, Ռուսաստանում միշտ եղել է և կա այս բանավեճը, և Ռուսաստանի առաջադեմ հատվածը միշտ էլ գիտակցել և նույնականացրել է երկիրը Եվրոպայի հետ` ոչ միայն կրելով և տարածելով, այլ նաև ստեղծելով եվրոպական քաղաքակրթական արժեքներ: Ընտրելով Ռուսաստանի հետ տնտեսական ինտեգրման հնարավորությունը մենք չենք ընտրել Եվրասիան, մենք ընտրել ենք Եվրոպան և եվրոպական Ռուսաստանը: Սա մենք պետք է ամրագրենք մեր գիտակցության մեջ ու կարողանանք նաև ներկայացնել Ռուսաստանին և աշխարհին:

2) Ժամանակակից աշխարհում զարգացում կարողացել են ապահովել այն երկրները, որոնք ներկայացրել են առնվազն 300 միլիոնանոց հանրություն, կան հանդիսացել են նմանաքանակ ավելի լայն հանրության մի մաս: Ըստ որում, նման հանրությունները ձևավորվել են առավելապես քաղաքակրթական առանցքի շուրջ, որի որոշիչ բաղկացուցիչը լեզուն է: Անգլալեզուները միավորվել են Բրիտանական Ընկերակցության կազմում (53 երկիր), ֆրանսալեզուները` Ֆրանկոֆոնիայի երկրների կազմում (56 երկիր), առավել «ճարպիկները»` երկուսում էլ: Հաշվի առնելով ռուսերենի տարածումը աշխարհում (մոտ 300 միլիոն հանրության մեջ) ռուսները, բնականաբար, առաջ են քաշել «Ռուսական աշխարհի» գաղափարը: Սա քաղաքական գաղափար չէ, սա հումանիտար գաղափար է, որը, ինչ խոսք, կարող է և քաղաքականացվել թե’ դրսից, թե’ ներսից` կապված կոնկրետ նպատակների կամ շահերի սպասարկման հետ: Ինչևէ, եթե խոսում ենք ինտեգրման մասին (իսկ զարգացում կարող ենք ապահովել միայն այդ ճանապարհով), ապա Ռուսական աշխարհին ինտեգրվելը մեզ համար առավել բնական է` լեզվի և մշակույթի տարածվածության, կամ թեկուզ` մոտ 2 միլիոնանոց սփյուռքի առկայության իմաստով: Ի դեպ` սփյուռքի, որի գործունեությամբ և ուղարկված միջոցներով է մեծապես պայմանավորված մեր երկրի այսօրվա գոյատևումը: Վերջին հաշվով ընդունենք, որ մեր անդամակցությունը Ֆրանկոֆոնիային կրում է սիմվոլիկ բնույթ և որևէ լուրջ իմաստ չի պարունակում:

3) Նախորդ կետի հիմնավորմամբ ես այո’, բնական եմ համարում մեր պատկանելիության (հումանիտար իմաստով) ամրագրումը Ռուսական աշխարհին: Այս ամրագրումը որևէ աղերս չունի անկախության և ազատության գաղափարների հետ: Դրանք սրբություններ են, որոնք մենք պարտավոր ենք պահպանել և ամրացնել: Պարտադի՞ր է արդյոք այսպիսի պատկանելիության ամրագրման պարագայում տնտեսական ինտեգրումը։ Ցանկալի է: Ենթադրո՞ւմ է արդյոք նման պատկանելիությունը քաղաքական ինտեգրում։ Ոչ անպայման: Ամեն ինչ կախված է և կլինի արտաքին վտանգի գործոնից: Նշանակո՞ւմ է արդյոք նման պատկանելիությունը այլ միջազգային ուղղություններով ակտիվության թուլացում։ Ոչ երբեք: Ի՞նչ եղավ այս պարագայում «Հայկական աշխարհ»-ի հետ։ Ոչ մի բան` խնդիրը այն ամրացնելու և Հայաստանակենտրոն դարձնելու, մնում է մեր օրակարգում:

4) Իմ ելույթում չկար և ոչ մի քարոզչական տարր, այն ընդհանրապես կապված չէր նաև իմ զբաղեցրած այժմյան պաշտոնի հետ: Միշտ եղել և մնում եմ բուհերը չքաղաքականացնելու ամենաակտիվ կողմնակիցը, մեր բուհի թե’ անձնակազմը, թե’ ուսանողությունը երբեք չի մասնակցել և չի մասնակցելու որևէ քաղաքական պատվերի իրագործմանը` ոչ Հայաստանից, ոչ Ռուսաստանից, ոչ որևէ այլ կենտրոնից: Ակադեմիական, ստեղծագործական և անձի ազատությունը մեզ համար գերագույն արժեքներ են` եղել են և կմնան: Մենք ունենք ժողովրդի, երկրի և պետության արժեքներին նվիրված հիասքանչ ուսանողություն, որի առավելություններից մեկն է` այո’, շրջահայացությունը, այո’, կաղապարված չլինելը, ինչը մեծապես պայմանավորված է նաև նրանց կողմից մայրենիից բացի նաև այլ մշակույթի և լեզվի իմացությունը, և դա նրանց մեծագույն առավելությունն է այլոց նկատմամբ: Չմոռանանք նաև, որ մեր բուհի ուսանողության զգալի հատվածը (մոտ 30 տոկոս) ՌԴ և այլ երկրների քաղաքացիներ են, նրանցից շատերը համալսարան ընդունվելու պահին անգամ հայերենին չեն տիրապետում, և մեր ամենապատվաբեր առաքելություններից է նրանց հայոց լեզվին և մշակույթին հաղորդակից դարձնելը, հետագայում հայրենիքում մնալու և աշխատելու հնարավորություն ընձեռելը: Ես հպարտ եմ, որ իմ գործընկերների հետ համատեղ կարողացել եմ ստեղծել Հայաստանի լավագույն համալսարաններից մեկը, որը այլևս ազգային արժեք է»:

Տեսանյութեր

Լրահոս