
ԵՄ հերթական Թվինինգ ծրագիրն ավարտվեց. օրենքների իրավակիրարկման հետ խնդիրներ են եղել

Եվրամիության աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող «Շուկայի վերահսկողության պետական տեսչության ներդաշնակեցում միջազգային/ԵՄ ստանդարտների հետ և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» Թվինինգ ծրագիրն ավարտվել է, և այսօր տեղի ունեցավ ծրագրի փակման համաժողով: Ինչպես լրագրողներին հայտնեց ծրագրի մշտական խորհրդատու Վիլյամ Ֆրանկ Հարիսը, ծրագրի տևողությունը եղել է 18 ամիս, միակ խնդիրը եղել է օրենքների իրավակիրարկման հետ, մնացած բաղադրիչները հաջող են կիրառվել: ԵՄ այս ծրագրի արժեքը 1 մլն եվրո էր:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ նպատակն այն էր, որ ոլորտի օրենսդրությունն ուսումնասիրվի, կատարվեն համապատասխան փոփոխություններ, ոլորտի մասնագետների կարողությունների բարձրացում: ՀՀ-ն անդամակցել է Պրոսեյֆ միջազգային կազմակերպությանը, որը թույլ է տալիս տեղեկացված լինել, թե ինչ վտանգավոր ապրանքներ կան միջազգային շուկայում: Իրականացվել են նաև համաժողովներ, որ շուկայի պաշտպանության վերաբերյալ ընդհանուր տեղեկացվածության մակարդակը բարձրանա:
«Բավականին առաջընթաց կա, որ նկատելի է ոչ միայն մեր, այլ նաև մեր եվրոպացի գործընկերների կողմից»,- ասաց Գ.Մելքոնյանը:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան նշեց, որ ԵՄ-ն և ՀՀ-ն գտան հայ սպառողների անվտանգության ապահովման եղանակը՝ ժամանակակից ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման միջոցով: Ըստ նրա՝ Թվինինգ ծրագրի նպատակը ոչ թե շուկաների հասանելիությունն է, այլ հայկական շուկայում միայն անվտանգ ապրանքների առկայությունը՝ շուկայի վերահսկողության կազմակերպման միջոցով: