Բաժիններ՝

Ներքին հեղափոխություն` ռուսների օգնությամբ

Մինչ հասարակությունը քննարկում էր Շանթ Հարությունյանի` հեղափոխություն կատարելու փորձը, հանրապետությունում տեղի ունեցավ մեկ այլ հեղափոխություն։ Ոչ բռնի ճանապարհով, այլ միանգամայն քաղաքակիրթ։ Եվ ոչ թե փողոցում, այլ, ինչպես ընդունված է ասել, մտածողության մեջ։ Ասել է թե` ներքին հեղափոխություն։ Եվ, ի տարբերություն Շանթի հեղափոխության` այս մեկը հաջող ավարտ ունեցավ։

Այսինքն` իրականություն դարձավ։ Մինչ առաջ անցնելը տեղեկացնենք, որ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ համատեղ աշխատանքային խմբերի ներկայացուցիչները զեկուցել են Հայաստանի` ՄՄ-ին միանալու գործընթացին վերաբերող մի շարք հարցերի շուրջ կատարված ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքները: Քննարկել են նաև ՀՀ օրենսդրությունը Մաքսային միության ընդհանուր օրենսդրությանը համապատասխանեցնելու խնդիրը: Ամփոփելով մտքերի փոխանակումը` կողմերն ամրագրել են ձեռք բերված պայմանավորվածությունները և վերահաստատել բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը:

Այնուհետև ստորագրվել է Փոխգործակցության խորացման մասին հուշագիր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
Այսինքն` ՀՀ իշխանական վերնախավի և, մասնավորապես, Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել ներքին հեղափոխություն. նրանք արագ քայլերով գնում են դեպի Մաքսային միություն, և վերը նշված միջոցառումն այդ ճանապարհի հանգրվաններից մեկն էր։

Իհարկե, այն, որ նման «հեղափոխություն է» տեղի ունենալու, պարզ էր արդեն սեպտեմբերի 3-ից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին, սակայն այդ ժամանակ տպավորություն կար, որ կուրսի այդ փոփոխությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի սրտով չէր։ Ավելին, անգամ կարելի էր մտածել, որ նրա համար էլ այդ հայտարարությունն անսպասելի է եղել։ Որովհետև հենց այդ հայտարարությանը հաջորդած կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը մի բառ անգամ չարտասանեց ՄՄ-ի մասին և ընդհանրապես փոքր-ինչ անտրամադիր էր երևում։ Հետո կամաց-կամաց ամեն ինչ ընկավ իր տեղը։ Ըստ երևույթին` ներքին հեղափոխությունը սկիզբ առավ հենց այդ օրերին և եկավ-հասավ այն օրվան, երբ Տիգրան Սարգսյանն ընդունում է Վիկտոր Խրիստենկոյին և նրա հետ հուշագիր ստորագրում։ Հիշեցնենք, որ սա այն նույն Խրիստենկոն է, որի հետ Տիգրան Սարգսյանը հեռակա բանավեճի մեջ էր մի քանի ամիս առաջ։ Խրիստենկոն ակնարկում էր Հայաստանի անդամակցության մասին, Տիգրան Սարգսյանը հիմնականում հարցազրույցների միջոցով պատասխանում էր, որ դա նպատակահարմար չէ` ընդհանուր սահմանների բացակայության պատճառով։

Հետո նույն Խրիստենկոն հայտարարում էր, որ դա խոչընդոտ չէ, ինչին Տիգրան Սարգսյանը պատասխանում էր արդեն այլ փաստարկներով (օրինակ` Մաքսային միության ներսում գործող բարձր մաքսատուրքերով և այլն)։ Իսկ հիմա, ինչպես տեսնում եք, ամեն ինչ հիանալի է` շոկոլադային հարաբերություններ։

Սակայն բոլորն են հիշում ընդհանուր սահմանի բացակայության թեման և կոնկրետ Խրիստենկոյի հետ այդ հեռակա բանավեճը։ Ու շատերի մոտ պետք է հարց առաջանար` այս ի՞նչը փոխվեց։ Սակայն վարչապետը ժամանակ չի տվել այդ հարցը հնչեցնելու համար, և հենց երեկ ինքն է պատասխանել դրան` արդեն ավանդական դարձած հարցազրույցի ձևաչափի միջոցով։

Վարչապետը «Сегодня» թերթի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-Մաքսային միություն հարաբերություններին և հատուկ պարզաբանել ընդհանուր սահմանի բացակայության խնդիրը։ «Իմ կարծիքով` հաջողությամբ են ավարտվել տևական բանակցություններն ու հետազոտությունները, և մենք հնարավորություն ենք ստացել հայտ ներկայացնել ՄՄ-ին անդամակցելու համար: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՄՄ-ի հետ ընդհանուր սահմանի բացակայությունն այն հարցն է, որը պահանջում է լուրջ հետազոտություն և բոլոր կողմերի ու դեմերի ըմբռնում»,- ասել է նա:

Չնայած սրան` ռուսաստանյան կողմը դեռ չպետք է շտապի տոնել հաղթանակը` Հայաստանի և, մասնավորապես, նրա վարչապետի նկատմամբ ներքին հեղափոխությունը վերջնական հանգրվանին հասցնելու համար։ Որովհետև նույն հարցազրույցում վարչապետը դեռ փորձում է ցույց տալ, որ մենք մինչև վերջ չենք հանձնվել, և որոշակի հարցեր դեռ պետք է պատասխաններ ստանան։ «Սակայն կան որոշակի ռիսկեր. ՄՄ-ում սակագներն ավելի քան կրկնակի գերազանցում են երրորդ երկրների հետ մեր մաքսատուրքերը: Մենք կբախվենք որոշակի բարդությունների: Սակայն, ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ Հայաստանը շահում է ՄՄ-ին ու Միասնական տնտեսական տիրույթին (ՄՏՏ) անդամակցելուց»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Սակայն դրանք ի՞նչ ռիսկեր են, որ չհաղթահարենք։ Պարզապես ցանկություն է պետք և ժամանակ` ոչ թե ռիսկերը վերացնելու, այլ դրանք լղոզելու և սեփական բնակչությանը համոզելու համար։
«168 Ժամ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս