Հենց այսպես էլ հարկվում ենք
Հայաստանի տնտեսությունը մշտապես հիշատակման է արժանի Գինեսի գրքում: Ցանկացած տնտեսական փաստաթուղթ հրաշքների անզուգական հավաքածու է:
Ժամանակին երկնիշ աճն ու դրա չնկատվող հետևանքներին էին հուզում բոլորին: Հիմա` սողացող ու համարյա աննկատ աճը: Պաշտոնապես հայտարարվող աճը` հարակից բոլոր դրսևորումներով: Շաբաթվա սկզբից գործադիր իշխանությունը տիտանական ջանքերով փորձում է մեր երեսփոխանների շրջանակում հետաքրքրություն առաջացնել: Հետաքրքրություն՝ առ «Բյուջե 2014-ը»: Չի ստացվում: Ու հասարակական ուշադրության կենտրոնում հայտնվեց մեկ այլ տնտեսական փաստաթուղթ: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների հազար խոշոր հարկատուների ցանկը:
Պարբերաբար հրապարակվող այս փաստաթուղթը շարունակում է մնալ մեր տնտեսության մոգական փաստաթղթերից: Ոչ ոք, բնականաբար, այս ցուցակը մինչև վերջ չի կարդում: Բայց ցանկացած ուսումնասիրող կասի, որ ցուցակի հատկապես վերին հատվածում փոփոխություններ համարյա չկան: Առաջին տասնյակում, որպես կանոն, նույն խոշոր ընկերություններն են՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, «ՀայՌուսգազարդը», կապի խոշորագույն ընկերությունները, «արաղ-թութուն» ու բենզին ներմուծողները: Բայց ցուցակներում միշտ հետաքրքիր փաստեր կան: Հենց դրանք էլ հավակնում են իրենց լեգենդար անբացատրելիությամբ գինեսյան գրքում հայտնվելուն: Օրինակ, տեսեք, նախորդ տարվա համեմատ` իր մուծած հարկերով ռեկորդային՝ 67 տոկոսից ավելի աճ է արձանագրել «Ղ-Տելեկոմը»: Ինչի՞ հաշվին՝ պարզ չէ:
Ոչ հեռախոսակապի, ոչ ինտերնետի մատուցման ոլորտում հեղափոխություն չի եղել: Բայց այս ընկերության աճը համադրելի չէ նույն ոլորտում գործող մյուս ընկերության՝ «Արմենիա տելեֆոն կոմպանիի» 19 տոկոսանոց աճի հետ: 9-րդ խոշորագույն վառելիք ներմուծող «ՍԻ ՓԻ ԷՍ օյլ քորփորեյշն» ընկերությունը նախորդ տարվա համեմատ` համարյա 21 տոկոս պակաս գումար է մուծել բյուջե: Սա` այն դեպքում, երբ նույն բիզնեսով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը 8 տոկոս ավելի է հարկ մուծել, քան անցած տարի: «Ֆլեշի» հաջողությունները պետք չէ բացատրել այն փաստով, որ կառավարությունը հենց այց ընկերությանն է տալիս գյուղացիներին իբր որպես աջակցություն տրամադրվող դիզվառելիքի ներկրման պատվերը: Նախորդ տարի էլ է նույն կերպ եղել:
Մյուս ռեկորդային աճ արձանագրող երկու ընկերությունների՝ 60 տոկոսից ավելի հարկ մուծելու փաստի բացատրությունը երևի ամենահեշտն է: Համաշխարհային շուկայում աճել են հանքահումքային ապրանքների գներն ու պահանջարկը: Հետևաբար` այս դրական ցուցանիշը չի կարելի համարել ոչ այդ ընկերությունների ղեկավարության, ոչ էլ հարազատ իշխանությունների կողմից կառավարման մեթոդների կատարելագործման արդյունք: Տնտեսական հսկաների մեջ այս տարի ռեկորդային երկրորդ՝ 13 տոկոսանոց նվազման հեղինակը հանրահայտ «Ալեքս Գրիգն» է: Բայց դե, այս կազմակերպությունից, ավելի ճիշտ` նրա սեփականատիրոջից սպասելիքներ պիտի որ չլինեին:
Մարդը պատմաճարտարապետական հուշարձաններ է ձևափոխում, խոշոր ներդրումներ անում, աշխատատեղեր ստեղծում: Ավելի հարկ մուծելու պատվաբեր գործը թողնվել է «Հայաստանի էլեկտրական ցանցերին»: Էլեկտրաէներգիայի գինը երկրորդ կիսամյակից բարձրացավ: Արդյունքում` տարվա առաջին ինն ամիսներին ՀԷՑ-ը մոտ 22 տոկոսից ավելի հարկ է մուծել: Դե պատկերացրեք, թե առաջիկա մեկ ու կես տարում դեռ ինչ ռեկորդներ է սահմանելու: Խոշոր հարկատուների առաջին տասնյակի եզրափակողի՝ «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության ցուցանիշն ամենաանհասկանալին է:
Ծխախոտի ներմուծմամբ զբաղվող ընկերությունն այս տարի նախորդի համեմատ` մոտ մոտ 45,5 տոկոս ավելի է հարկ մուծել: Բացարձակ թիվն էլ ազդեցիկ է: Այս տարի մուծվել է 5 միլիարդ 343 մլն դրամ՝ նախորդ 3 մլրդ 675 մլն-ի դիմաց: Դժվար մեկնաբանելի փաստ է: Նախ` ամբողջ աշխարհում ծխախոտի սպառումը նվազման միտում ունի: Եթե ընդունենք, որ այս համաշխարհային միտումը մեզ հետ աղերս չունի, ուրեմն ուրիշ բացատրություն պիտի գտնենք:
Որովհետև դժվար է հավատալ, որ այս տարի համարյա կրկնակի ավելացել է «Ֆիլիպ Մորիսի» արտադրանք ծխող հայաստանցիների թիվը: Հատկապես, որ մեր՝ հայաստանցիներիս թիվը նվազման միտում ունի: Նույնիսկ՝ ըստ պաշտոնական վիճակագրության: Ուրեմն, մնում է ենթադրել, որ այս ընկերությունն այս տարի ավելի է հարկվել, քան նախորդ տարիներին: Խորհրդային տարիներին տնտեսական ձեռնարկություններին խրախուսելու համար «Փոխանցիկ կարմիր դրոշի» գաղափարն էր կիրառվում:
Պետությունը կարմիր դրոշ էր սարքել ու այն փոխանցում էր լավագույն հայտարարվող ձեռնարկություններին: Անկախ Հայաստանում, երևի, հարկերի հավաքագրումն է «Փոխանցիկ դրոշի» քաղաքականությամբ կիրառվում: Հավանաբար, տարվա շեմին ձեռնարկությունների սեփականատերերին կանչում են պետական համապատասխան հիմնարկություն ու տեղեկացնում, որ այս տարի իրենց է բաժին ընկել «Հարկեր մուծելու փոխանցիկ պատիվը»: Կամ, եթե կուզեք՝ «Հարկեր մուծելու փոխանցիկ պատիժը»: Հենց այսպես էլ հարկվում ենք: