Քրիզանթեմներն ու Հայաստանի պետբյուջեն
Հուսով ենք՝ ընթերցողը ներողամիտ և ըմբռնումով կվերաբերվի ոչ այնքան «հիգիենիկ» համեմատության համար, որ ներկայացվելու է ստորև։ Որովհետև, նախ` այն մեջբերում է համաշխարհային գլուխգործոց համարվող ստեղծագործությունից, և երկրորդ` հետևելով երեկ Ազգային ժողովում տեղի ունեցող քննարկմանը, այս տողերը չափազանց տեղին են։
Առավելևս, որ մենք մի թեթև մեղմացրել ենք բնօրինակի ձևակերպումները։
Նախ` մի թեթև հիշեցնենք «Հարյուր տարվա մենություն» գրքի այդ հատվածը։ Կերպարներից մեկը` Ֆերնանդան, տիպիկ քաղքենի էր, և, ինչպես ինքն էր ասում, ծովափի ողջ երկարությամբ միակն էր, ով կարող էր պարծենալ, որ ոսկե գիշերանոթ է օգտագործում: Սակայն տնեցիներին դա առանձնապես չէր տպավորում, նրանք անգամ ծաղրում էին կնոջը։ Գնդապետ Բուենդիան, օրինակ, հարցնում էր` ինչո՞վ է նա այդպիսի արտոնություն ձեռք բերել, «չլինի՞ նրանից քրիզանթեմներ են դուրս գալիս»։
Սակայն Ֆերնանդային հատկապես վրդովեցրել էր Ռենատան` սեփական դուստրը, ով ննջարանում լկտիաբար հետևել էր մորը և հետո պատմել բոլորին, որ գիշերանոթն, իրոք, ոսկուց է, տոհմանշանով, բայց ներսում սովորական արտաթորանք է, «ամենասովորական և նույնիսկ սովորականից վատը»:
Ի՞նչ կապ ունի սա մեր իրականության և հատկապես` երեկվա բյուջետային քննարկման հետ։ Պարզաբանենք։ Տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները պարծենում էին (են) միջազգային տարբեր զեկույցներում Հայաստանի ցուցանիշներով։ Ամենից շատ գովերգվողն ու հիշատակվողը, իհարկե, Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող «Doing Business» զեկույցն էր` գործարարությամբ զբաղվելու դյուրինության մասին։ Այդ զեկույցում Հայաստանը վերջին տարիներին վեր է բարձրանում` առաջ անցնելով անգամ շատ եվրոպական երկրներից։
Բայց արի ու տես` տնտեսության վիճակը դրանից չի բարելավվում, այլ հակառակը՝ գնալով զիջում ենք մեր հարևաններին։ Ու դրա համար էլ միշտ հնչել են քննադատություններ, թե միջազգային զեկույցները` այդ «ոսկե գիշերանոթները», բանի պետք չեն, եթե դրա մեջ իրականում շատ վատ բան է (տվյալ դեպքում` տնտեսական աճի անկում, արտագաղթ ու աղքատություն)։ Ու հատկապես անհասկանալի է` քանի՞ կոպեկ արժե գործարարությամբ զբաղվելու զեկույցը, եթե այն գործարարներին չի տպավորում, և օտարերկրյա ներդրումները նվազում են։
Եվ ահա երեկ, Ազգային ժողովում ներկայացնելով 2014 թվականի բյուջեն` վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել է նաև այս մասին։ Նա հիմնավորել է, թե ինչու է դանդաղել տնտեսական աճի տեմպը, և, մասնավորապես, ինչո՞ւ է այս տարվա համար կանխատեսվում 4.1% տնտեսական աճ, եթե 2013թ. բյուջեով այն պետք է լիներ 6.2%:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ տնտեսական աճի տեմպերի նվազման պատճառները բաղկացած են երկու խմբից: Առաջինը` արտաքին գործոններն են, «որոնք մշտապես ազդեցություն են թողնում մեր տնտեսության վրա»:
Սակայն վարչապետն ավելի մանրամասն կանգ է առել ներքին գործոնների` երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Եվ առաջին հերթին` շեշտել է բիզնես միջավայրի որակի խնդիրը։
«Առաջին հերթին` մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի բիզնես միջավայրի բարելավումը, և այստեղ մենք արձանագրում ենք, որ դեռևս ունենք չլուծված խնդիրներ, իսկ որոշ չափանիշներով նաև նահանջ ունենք: Այս ցուցանիշը չափազանց կարևոր է, որովհետև տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը պետք է լինեն մասնավոր ներդրումները, իսկ դրանց տեսակարար կշիռը ՀՆԱ-ում վերջին հինգ տարիների ընթացքում կայուն կերպով նվազում է, ինչը, բնականաբար, մտահոգում է մեզ, և սա ամենակարևորագույն գործոնն է: Դա նշանակում է, որ բիզնես միջավայրի բարելավումը մեզ համար պետք է լինի առաջնահերթություն: Չնայած որ մենք այդ ցուցանիշով 180 երկրների համեմատության մեջ առաջին 40 երկրների շարքում ենք»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ դա մեզ չի կարող բավարարել:
Մինչ այս պահը կարող էր թվալ, որ մի հարցում համաձայնություն հաստատվեց՝ Doing Business-ն ու մյուս զեկույցները վերին ատյանի ճշմարտություններ ու չափորոշիչներ չեն։ Որ վերջապես ձեռք ենք քաշում այդ զեկույցներից, դրանց «գերարժեքավորումից» և ավելի շատ կարևորում իրական պատկերը։ Այսինքն՝ հրաժարվում ենք արտաքինից ոսկյա, բայց ներքուստ` ոչ մի օգուտ չտվող այդ վարկանիշներով ու մնացած «թիթիզություններով» ուրախանալու սովորությունից։ Չէ՞ որ Doing Business-ը, ի վերջո, հաշվի է առնում ոչ թե բիզնեսի գործունեության իրական պայմանները, այլ օրենսդրական կարգավորումները։ Կարելի է մշակել բիզնեսի համար ամենալավ օրենսդրությունը, տեղ գտնել այդ և մյուս զեկույցների առաջին տասնյակում։ Սակայն, եթե երկրում օրենքը հավասար չի գործում բոլորի համար, ապա տնտեսությունը կլինի վատագույններից մեկը։ Զեկույցների դերի գերագնահատումը, ի վերջո, բերում է այն վիճակին, որը կա։ Պարզ բան է՝ օտարերկրացի գործարարները միգուցե թերթում են այդ զեկույցները, սակայն ներդրում կատարելուց առաջ իրենք են ուսումնասիրում իրական պատկերն ու կարծիք հարցնում Հայաստանում բիզնես դնելու փորձ ունեցած այլ գործարարներից։ Իսկ այդ կարծիքները ոչ միշտ են ներդրում կատարելու օգտին խոսում։
Վերադառնանք, սակայն, վարչապետի ելույթին։ Մինչև մեր մեջբերած մասը կարելի էր կարծել, որ կառավարությունը սկսելու է զեկույցների դաշտից վերադառնալ հայաստանյան իրականություն։ Սակայն պարզվում է՝ «պատկերը չի կարող բավարարել» ասելով` վարչապետը լրիվ այլ բան նկատի ունի՝ մենք պետք է է՛լ ավելի կարևորենք այդ զեկույցը։
«Սա, իհարկե, մեզ չի կարող բավարարել երկու պատճառով. հաշվի առնելով աշխարհաքաղաքական ռիսկերը, որոնք իրենց էական և բացասական ազդեցությունն են թողնում բիզնես միջավայրի վրա, մենք պարտավոր ենք հայտնվել առնվազն առաջին քսանյակում,- ասել է վարչապետը և շարունակել,- Կան ցուցանիշներ, որտեղ մենք աշխարհում զբաղեցնում ենք 5-րդ, 6-րդ,
7-րդ տեղերը, բայց կան նաև ցուցանիշներ, որ նույնիսկ 100-յակի մեջ չենք մտնում: Հենց այդ ցուցանիշներն էլ էապես զսպում են տնտեսական աճը Հայաստանի Հանրապետությունում: Խոսքն, առաջին հերթին, գնում է վարչարարության, առևտրի պայմանների, հարկային բեռի, ինչպես նաև` պայմանագրերի կատարման գործընթացների մասին»:
Հիմա պա՞րզ է` որն է մեր դժբախտությունը՝ տնտեսության աճի արգելափակման գաղտնիքը։ Այն, որ զեկույցում մեր դիրքերը լավն են, բայց պետք է ավելի լավացնել։ Կամ, այսպես ասենք՝ մեր գիշերանոթը ոսկուց է, սակայն պետք է այն դարձնել պլատինից, զարդարել գեղեցիկ քարերով, ադամանդներով, դնել բարձր` տեսանելի մի տեղ և հիանալ դրանով։ Կարելի է նաև կախարդական խոսքեր մրմնջալ. ո՞վ գիտի` գիշերանոթի միջի պարունակությունը միգուցե փոխվի։ Քրիզանթեմներ, հնարավոր է` դուրս չգան, բայց ինչ էլ դուրս գա` գոնե գեղեցիկ կնայվի ադամանդների ֆոնին։