
«Ինչո՞ւ 2026թ․-ին, ինչո՞ւ Ադրբեջանում, և ո՞րն է լինելու թյուրքական պետությունների համատեղ զորավարժությունների հիմնական «պայմանական» թիրախը». Արտակ Զաքարյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թյուրքալեզու պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 12-րդ գագաթնաժողովի արդյունքներով, ադրբեջանական Գաբալայում ընդունվել է հռչակագիր, որն անդրադարձել է նաև մեզ։
Մասնավորապես՝ յոթ երկրների ղեկավարներ, իրենց համատեղ հռչակագրում նշել են Միջին միջանցքի, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն կնպաստի թյուրքալեզու պետությունների միջև կապերի ամրապնդմանը, առևտրաշրջանառության ավելացմանը և տնտեսական համագործակցության զարգացմանը։ Նրանք նաև վերահաստատել են այս հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումների մշակման կարևորությունը։
Ադրբեջանը, բնականաբար Թուրքիայի աջակցությամբ, «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը համառորեն դարձնում են միջազգային ընկալման հարց և այդ հակահայկական գաղափարի շուրջ փորձում է ավելի ու ավելի մեծ թվով համախոհներ հավաքել՝ նախապատրաստելով միջազգային անհրաժեշտ աջակցությունը նաև այդ հարցում։ (Եթե իհարկե Նիկոլը չի խոստացել միջանցք տրամադրել)։
Գաղտնիք չէ նաև, որ թյուրքական պետությունների միջև նախատեսված է ռազմական, պաշտպանական և անվտանգության ոլորտում լայնածավալ համագործակցություն՝ որի հիման վրա, Ալիևն առաջարկել է անդամ պետությունների համատեղ զորավարժությունները, 2026 թվականին անցկացնել Ադրբեջանում։
Ինչո՞ւ 2026թ․-ին, ինչո՞ւ Ադրբեջանում (այսինքն՝ հարավկովկասյան տարածաշրջանում), և ո՞րն է լինելու թյուրքական պետությունների համատեղ զորավարժությունների հիմնական «պայմանական» թիրախը (կամ թիրախները)։
Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ռազմական գործողությունները կարծես թե նոր շարունակություն են ունենալու։ ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների ինտենսիվության և մասշտաբների ընդլայնման հարցեր է քննարկում։
Ի՞նչ է անելու Հայաստանը՝ Նիկոլի կողմից կործանված, ձախողված ու ամբողջությամբ կեղծված քաղաքականության պայմաններում։ Մի՞թե մենք այդքան միամիտ ենք և չենք հասկանում, որ մեր շուրջը, ոչ ոք խաղաղության չի պատրաստվում»: