«Իշխանությունը սարսափ է ապրում որդեկորույս ու անհետ կորածների ծնողների խմբից, նրանց վրա ազդելու լծակ չունի». Վահան Հովհաննիսյան

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ զոհված տղաների ծնողները սկսեցին պարբերաբար բողոքի ձայն բարձրացնել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել պատերազմի ժամանակ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարին, այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին, այդ ծնողները սկսեցին թիրախավորվել իշխանությունների կողմից։

Պարբերաբար որդեկորույս ծնողների նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր, ձերբակալվեցին, կալանավորվեցին։ Պատերազում նահատակված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վերջինս նույնիսկ որոշ ժամանակ չէր կարողանում այցելել «Եռաբլուր»՝ որդու շիրիմին։

Օրերս էլ հայտնի դարձավ, որ 1 ամիս ժամկետով կալանավորվել է Արսեն Ղուկասյանը, ում եղբայրը պատերազմում զոհվել է, իսկ եղբորորդին մինչև այս պահը համարվում է  անհետ կորած։ Արսեն Ղուկասյանի հետ միասին ձերբակալվել էր նաև անհետ կորած տղաներից մեկի հարազատը՝ Ապիջան Սարգսյանը։

Սեպտեմբերի 29-ին 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Այս հանդիպման ժամանակ ՊՆ շենքի մոտ տեղի ունեցավ քաշքշուկ, ինչի առիթով՝ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Մինչդեռ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» տեղի ունեցած՝ զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ կարմիր բերետավորների կիրառած բռնության վերաբերյալ գործում, որը գտնվում է Քննչականում, որևէ տեղաշարժ չկա։

Կարդացեք նաև

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, ով 2020 թվականից ի վեր զբաղվում է որդեկորույս ծնողների դեմ հարուցված քրեական գործերով, խոսելով ընդհանուր տեղի ունեցող այս գործընթացների մասին, նախ ասաց՝ օրենքի առաջ բոլորն են հավասար և քրեական պատասխանատվությունը բոլորի համար է՝ անկախ տարիքից, սեռից, սոցիալական կարգավիճակից և այլն։ Սակայն օրենքն ու իրավունքը միաժամանակ ներառում են այնպիսի սկզբունք, ինչպիսին է հումանիզմը և մարդասիրությունը։

«Այս երկուսը զուգահեռ քայլող իրավիճակներ են՝ հումանիզմը, օրենքը և իրավունքը։ Այն, ինչը ես տեսնում եմ, ինչը կատարվում է զոհված զինծառայողների ծնողների, անհետ կորածների հարազատների հետ, որևէ կապ չունի հումանիզմի հետ։ Անգամ եթե առերևույթ ընդունենք, որ այդ անձինք կատարել են այդ հանցանքները, ապա անգամ այդ դեպքում այն գործիքակազմը, որը կիրառվում է այդ անձանց նկատմամբ՝ անթույլատրելի է։ Իշխանությունը, ի դեմս իրավապահ համակարգի՝ Քննչականի, հետաքննության մարմինների, չի առաջնորդվում նվազագույնի սկզբունքով։

Օրինակ, ո՞րն է անհրաժեշտությունը զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ կալանքը խափանման միջոց կիրառելու, որևէ մեկը կարո՞ղ է այս հարցի պատասխանը տալ՝ չի կարող»,- 168.am հետ զրույցում նշեց Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանի կարծիքով՝ որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան իշխանությունը փորձում է սարսափ ապրել այն սոցիալական խավից, որի վրա ազդելու որևէ միջոց ու եղանակ չունի։

«Այս անձինք քաղաքականացված չեն, բիզնեսներ չունեն, միլիարդների չեն տիրապետում, նրանց վրա իշխանությունն ազդելու որևէ միջոց չունի, երբ այդ մարդիկ իրենց արդարացի բողոքի ձայնն են բարձրացնում: Իշխանությունը սարսափ է ապրում այս խմբից, որովհետև նրանց վրա չունի ազդելու լծակ, սա անբասիր խումբ է։ Միակ միջոցը, որը մնում է իշխանության ձեռքին, դա պատժիչ գործիքն է, որով փորձում է վախեցնել, սարսափեցնել, որպեսզի այդ մարդիկ հետ կանգնեն իրենց արդարացի պահանջից։

Բայց ես ամեն օր այդ մարդկանց մեջ եմ, տեսնում եմ, որ սրանով իշխանությունը ոչ թե հասնում է իր նպատակին, այլ իշխանության նման քայլերի պատճառով որդեկորույս ծնողներն ավելի միակամ, իրենց գործողություններում ավելի հաստատակամ են դառնում։ Այսինքն՝ իշխանությունն իր քայլերով բոլորովին հակառակ արդյունքին է հասնելու»,- հավելեց փաստաբանը։

Նա նաև ընդգծեց՝ իշխանությունը փորձում է «կպնել» ամենաակտիվ ծնողներին։ Այս համատեքստում փաստաբանը հիշեցրեց Աստվածաշնչյան խոսքը՝ «Հովիվին խփեք, հոտը կցրվի», հիմա իշխանությունը կարծում է, որ հովիվին հարվածելով, հոտը կցրի, մինչդեռ, ըստ նրա՝ բոլորովին հակառակ արդյունքն է տեղի ունենում, որովհետև ծնողներն ավելի միասնական են դառնում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները գնացել էին «Եռաբլուր»՝ հայտարարելով, որ թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանը մտնի այնտեղ և ծաղիկներ դնի իրենց որդիների շիրիմներին։

Սակայն Նիկոլ Փաշինյանն անվտանգության մի քանի տասնյակ աշխատակիցներով, կարմիր բերետավորներով շրջապատված՝ գնաց «Եռաբլուր»։ Կարմիր բերետավորները սկսեցին բռնի ուժ գործադրել ու բերման ենթարկել որդեկորույս ծնողներին ու ապահովել Նիկոլ Փաշինյանը մուտքը «Եռաբլուր»։

Տեսանյութեր

Լրահոս