Մի վախեցեք կրճատումներից. Ջհանգիրյանի հորդորը՝ կառավարությանը
2014թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին խորհուրդ տվեց պետական ապարատի կրճատումից չվախենալ։ Նա նկատեց, որ ամեն մի աշխատատեղի հաստիք բացի, աշխատավարձից, նաև համակարգիչների և այլ գույքերի ծախս է ենթադրում։ « Պետք է լուրջ կրճատել»,-հավաստիացրեց ՀԱԿ պատգամավորը:
Արդարադատության նախարարն ի պատասպան հայտնեց, թե նախարարությունն արդեն իսկ 33 հաստիք կրճատել է։ Ապա Գագիկ Ջհանգիրյանը խնդրեց անդրադառնալ քրեակատարողական հիմնարկներին բյուջեով հատկացվելիք գումարին. «Նախորդ տարվա համեմատ ամեն կալանավորի համար օրը ինչքա՞ն է նստում բյուջեի վրա, և քրեակատարողական նոր հիմնարկը, որ կառուցվում է, այնտեղ էլեկտրոնային համակարգ պետք է գործի, ինչն էլ ենթադրում է, որ հսկիչների թիվը պակասելու է, այս համակարգից ինչքա՞ն գումար է նստելու մեր վրա»։ Հրայր Թովմասյանը պատասխանեց, թե կալանավորների համար հատկացված գումարի չափը մնացել է անփոփոխ, և օրական ամեն անձի համար հատկացվում է 4000 դրամ։ «Իհարկե խոշորացված, բայց դրա մեջ բոլոր ծախսերը՝ սնունդ, սպասարկում, շենքի պահպանություն, մտնում են»,-ասաց նա։ Նախարար Թովմասյանը հայտարարեց նաև, որ ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդիր չկա. «4290 մահճակալ ունենք, այն դեքում, երբ 4100-ի շրջանակներում է կալանավորների թիվը»: Ջհանգիրյանը տեղից արձագանքեց. «Ամնիստիայի շնորհիվ բայց»։ Նախարարը համաձայնեց՝ «Այո, նաև դրա»։