
Թուրքիայում մեկնարկում է ANKA ԱԹՍ-ի զանգվածային արտադրությունը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում համաձայնագիր է ստորագրվել ANKA անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) զանգվածային արտադրություն սկսելու վերաբերյալ: Համապատասխան համաձայնագիրը հոկտեմբերի 25-ին ստորագրվել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության ու երկր Գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) միջև:
ANKA-ի երկարությունը կազմում է 8 մետր, իսկ թևերի բացվածքը՝ 17.3 մետր: ԱԹՍ-ն ունի 155 ձիաուժ հզորությամբ շարժիչ, այն կարող է օդում անընդմեջ մնալ 24 ժամ և հետախուզություն իրականացնել 9000 մետր բարձրությունից: Ներկա դրությամբ ANKA-ն ունի ինֆրակարմիր և դիտարկման էլեկտրոնային-օպտիկական համակարգեր:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության քարտուղարության (SSM) ղեկավար Մուրադ Բայարը օրեր առաջ հայտարարեց, որ ANKA ԱԹՍ-ը ստանալու է սեփական մշակման արբանյակային կապի համակարգ: