Բաժիններ՝

Վլադիմիր Նաբոկով-Ֆրանց Կաֆկա. «Կերպարանափոխությունը»

Սկիզբը` այստեղ.

Գրեգորը չի հասկանում, թե ինչու քույրը ձախ կողմի սենյակից չի գնում մյուսների մոտ: «Հավանաբար, նա հենց նոր է անկողնուց ելել և դեռ նույնիսկ չի հագնվել: Իսկ ինչո՞ւ էր նա արտասվում: Որովհետև ինքը չէր ելնում և ներս չէր թողնում գործավարին, որովհետև նա կարող էր կորցնել տեղը, և որովհետև այդ ժամանակ գործատերը դարձյալ կսկսեր հետապնդել ծնողներին հին պահանջներով»: Խեղճ Գրեգորը այնչափ ընտել էր լինել լոկ գործիք, որն օգտագործում էր ընտանիքը, որ խղճահարության մասին հարց չի առաջանում, նա նույնիսկ հույս էլ չունի, թե Գրետան իրեն կկարեկցի:

Մայրն ու քույրը բանակցում են ընդմեջ Գրեգորի փակ սենյակի: Քրոջն ու սպասուհուն ուղարկում են բժշկի և փականագործի ետևից: «Իսկ Գրեգորը շատ ավելի հանգիստ էր: Նրա խոսքը, ճիշտ է, չէին հասկանում, թեպետ նրան այն բավական պարզ էր թվում, նույնիսկ ավելի պարզ, քան առաջ, հավանաբար այն պատճառով, որ նրա լսողությունն ընտելացել էր դրան: Բայց փոխարենը` հիմա հավատացին, որ նրա հետ ինչ-որ գեշ բան է կատարվում, և պատրաստ էին նրան օգնելու: Վստահությունն ու հաստատակամությունը, որոնցով տրվում էին առաջին կարգադրությունները, նրա վրա բարեբեր ազդեցություն թողեցին: Նա դարձյալ իրեն զգում էր մարդկանց մոտ, և բժշկից ու փականագործից չբաժանելով, ըստ էության, զարմանալի սխրագործություններ էր սպասում»:

Տեսարան չորրորդ: Գրեգորը բացում է դուռը: «Գրեգորը դանդաղ աթոռով մոտեցավ դռանը, թողեց աթոռը, ընկավ դռան վրա, կանգնած ընկավ դռան վրա, նրա տոտիկների բարձիկների վրա ինչ-որ կպչուն բան կար, փոքր-ինչ շունչ քաշեց: Իսկ այնուհետև սկսեց բանալին բերանով պտտել կողպեքի մեջ: Ավաղ, նա, ոնց որ է, իսկական ատամներ չուներ, և ինչո՞վ հիմա պիտի կողպեքի մեջ բանալին բռներ, բայց փոխարենը` ծնոտը շատ ուժեղ գտնվեց, ուշք չդարձնելով այն բանին, որ, անշուշտ, իրեն վնաս տվեց, քանի որ ինչ-որ այլ հեղուկ նրա բերանից հոսեց, սահեց բանալու վրայով ու կաթեց հատակին (…): Քանի որ նա դուռն այնպես բացեց, որ ինքը դեռ չէր երևում, երբ դուռն արդեն լայն բացված էր:

Սկզբում նա պիտի դանդաղ անցներ մի կողմից, իսկ շրջանցել այն հարկ էր մեծ զգուշությամբ, որպեսզի մեջքի վրա չփռվեր, մեկ էլ հանկարծ` գործավարի բարձր «Օ»-ն, այն հնչեց` ինչպես քամու սուլոցը, և հետո տեսավ հենց նրան, դռանը ամենամոտը գտնվելով, նա ափը մոտեցրել էր բաց բերանին և դանդաղ ընկրկում էր, ասես նրան քշում է ինչ-որ անտեսանելի, անհաղթահարելի ուժ: Մայրը, չնայած գործավարի ներկայությանը, կանգնած էր այդտեղ, դեռ գիշերվանից արձակ, գզգզված մազերով, սկզբում ձեռքերն ամուր սեղմած, նայեց հորը, իսկ հետո երկու քայլ արեց դեպի Գրեգորը և փռվեց գետնին` իր շուրջը շրջազգեստը տարածելով, դեմքը դեպի կուրծքն իջեցնելով, այնպես, որ նա արդեն բոլորովին չէր երևում: Հայրը սպառնալից բռունցքը սեղմեց` ասես ցանկանալով Գրեգորին իր սենյակ քշել, հետո նա վստահ զննեց հյուրասենյակը, դեմքը ձեռքերով փակեց ու արտասվեց, և նրա հզոր կուրծքը ցնցվում էր»:

Տեսարան վեցերորդ: Վախենալով ազատումից, Գրեգորը փորձում է գործավարին հանգստացնել: «Դե ահա,- ասաց Գրեգորը` հիանալի գիտակցելով, որ հանգստություն պահպանում էր միայն ինքը,- հիմա ես կհագնվեմ, նմուշօրինակները կհավաքեմ և կգամ: Իսկ դուք ուզո՞ւմ եք, դուք ուզո՞ւմ եք, որ ես գամ: Դե ահա, պարոն գործավար, դուք տեսնում եք, ես համառ մեկը չեմ, ես հաճույքով եմ աշխատում, ուղևորությունները հոգնեցուցիչ են, բայց ես առանց դրանց չէի կարող ապրել: Դե ո՞ւր եք գնում, պարոն գործավար: Գրասենյա՞կ: Այո՞: Դուք ամենքին այդ մասին կհայտնե՞ք: Երբեմն մարդ ի վիճակի չէ աշխատելու, բայց հենց այդ պահին էլ ժամն է, որ մարդ հիշի իր նախկին հաջողությունների մասին` հուսալով, որ այնքան ավելի ուշադիր և ջանադիր կաշխատես այդուհետև, խոչընդոտը վերացնելուց հետո»:

Բայց գործավարը սարսափած և ասես տրանսի մեջ` ընկրկում է դեպի աստիճանները: Գրեգորը նետվում է նրա ետևից, այստեղ հիասքանչ մանրամասն կա, ետնաթաթերով, «բայց տեղնուտեղը, հենարան փնտրելով, թույլ ճիչով ընկավ իր բոլոր տոտիկների վրա: Հենց որ դա պատահեց, նրա մարմնի համար առաջին անգամ այս առավոտվա ընթացքում հարմարավետ եղավ, տոտիկների տակ պինդ հատակ կար, տոտիկները, ինչպես նա, ի ուրախություն իրեն, նշեց, հիանալիորեն ենթարկվում էին իրեն, նույնիսկ իրենք էին ձգտում իրեն տեղափոխել այնտեղ, ուր նա կամենում էր, և նա արդեն որոշել էր, որ ահա-ահա իր բոլոր տանջանքները կավարտվեն»: Մայրը վեր է թռչում և, ընկրկելով նրանից, շուռ է տալիս սեղանի վրայի սրճեփը, տաք սուրճը թափվում է գորգի վրա: «Մայրիկ, մայրիկ»,- կամացուկ ասաց Գրեգորը և աչքերը դեպի նա բարձրացրեց:

Մի պահ նա բացարձակապես մոռացավ գործավարի մասին, սակայն թափվող սուրճը տեսնելով` չդիմացավ և մի քանի անգամ ջղաձգորեն օդ շնչեց: Տեսնելով այդ, մայրը դարձյալ ճչացգ»»: Գրեգորը, հիշելով գործավարի մասին, «այն սկսեց վազել, որպեսզի հաստատ նրան հասնի, բայց գործավարը, հավանաբար, կռահել էր նրա մտադրությունը, քանզի, մի քանի աստիճան ցատկելով, անհետացավ: Նա միայն գոչեց. «Թու»,- և ձայնն այդ տարածվեց ողջ հարթակում»:

Տեսարան յոթերորդ: Հայրը կոպիտ Գրեգորին նորից սենյակ է քշում, ոտքերը գետնին խփելով և միաժամանակ թերթն ու ձեռնափայտը թափահարելով: Գրեգորը չի կարողանում դռան մի մասից ներս անցնել, բայց քանի որ հայրը շարունակում է հարձակումը, նա չի դադարեցնում իր փորձերն ու լռվում է: «Նրա մարմնի մի մասը բարձրացել էր, նա թեք պառկել էր անցատեղում, նրա մի կողը լրիվ վիրավոր էր, սպիտակ դռան վրա այլանդակ պուտեր էին մնացել, շուտով նա բոլորովին լռվեց և արդեն չէր կարողանում ինքնուրույն առաջ շարժվել, մի կողքի վրա տոտիկները կախվել էին, դողալով, վերնամասում, մյուս մասում դրանք ցավագին սեղմված էին հատակին: Եվ այդ ժամանակ հայրը հետևից ուժգին, հիրավի փրկարար քացի տվեց, և Գրեգորը, արյունլվա, թռավ իր սենյակը: Դուռը ձեռնափայտով փակեցին, և վրա հասավ երկար սպասված լռությունը»:

Երկրորդ մաս
Տեսարան առաջին: Սարթաթև Գրեգորին կերակրելու առաջին փորձը: Ենթադրելով, որ նրա վիճակը զզվելի, բայց ոչ անհուսալի հիվանդության տեսակ է, որը ժամանակի ընթացքում կարող է անցնել, նրան սկզբում դնում են հիվանդ մարդու դիետայի վրա, նրան կաթ են առաջարկում: Մեզ անընդհատ հիշեցնում են դռների մասին` դռները կամացուկ կիսախավարում բացուխուփ են արվում: Խոհանոցից նախաշեմի միջով նրա դռանն են մոտենում քրոջ թեթև քայլերը, և, քնից զարթնելով, նա պարզում է, որ իր սենյակ կաթով մի աման են դրել: Հոր հետ բախվելուց նա մի տոտիկը վնասել էր, այն կլավանա, բայց այս տեսարանում Գրեգորը կաղում է և հատակի վրայով այն քարշ է տալիս: Գրեգորը մեծ բզեզ է, բայց մարդուց փոքր և ավելի փխրուն, քան մարդը: Նա շարժվում է դեպի կաթնամանը:

Ավաղ, նրա դեռևս մարդկային միտքը կանխազգում է քաղցր կերակուր, կաթից փափուկ սպիտակ հացով, իսկ փորն ու բզեզի համային ելուստները չեն ընդունում կաթնասունների կերը: Թեպետ նա շատ քաղցած է, կաթը նրա համար զզվելի է, և նա ետ է սողում դեպի սենյակի կենտրոնը:

Տեսարան երկրորդ: Դռների թեման շարունակվում է, և ներմուծվում է երկարատևության թեման: Մենք կդառնանք այն բանի վկաները, թե ինչպես են անցնում Գրեգորի օրերն ու գիշերները 1912 թվականի այդ ֆանտաստիկ ձմռանը, ինչպես է նա իր համար թախտի տակ կացարան գտնում: Բայց լսենք ու նայենք, Գրեգորի հետ միասին, կիսաբաց դռան արանքից, թե ինչ է տեղի ունենում հյուրասենյակի ձախ մասում: Նրա հայրը, պատահում էր, աղջկա և կնոջ համար բարձրաձայն թերթ էր կարդում: Այժմ դա չկա, բնակարանը մունջ է, թեպետ և նախկինի պես բնակեցված է, սակայն, ընդհանուր առմամբ, ընտանիքն ընտելանում է իրավիճակին: Նրանց որդու և եղբոր հետ սարսափելի փոփոխություն է տեղի ունեցել, այդտեղ, թվում է թե, ժամն է դուրս նետվելու` արտասվաթոր և օգնության ճիչերով, վշտից գլուխը կորցրած, բայց ոչ, այս երեք քաղքենիներն իրենց համար ապրում են, ասես ոչինչ էլ չի պատահել:

Չգիտեմ, դուք մի երկու տարի առաջ թերթերում կարդացե՞լ եք այն մասին, թե ինչպես բոլորովին երիտասարդ մի աղջիկ մի երիտասարդի հետ սպանել էր իր մորը: Սկսվում է միանգամայն կաֆկայական տեսարանից` մայրը վերադառնում է տուն, բռնացնում է աղջկան երիտասարդի հետ ննջարանում, և երիտասարդը մուրճով մի քանի անգամ հարվածում է այդ կնոջը, որից հետո քարշ է տալիս մի կողմ:

Բայց կինը դեռ ջղաձգվում և տնքում է, և երիտասարդը սիրեցյալին ասում է. «Մուրճը տուր: Պետք է նրան մի հատ էլ խփել»: Դրա փոխարեն` ընկերուհին նրան դանակ է տալիս, և նա մորը խփում է դանակով` բազմիցս, մինչև մահանալը, պատկերացնելով, հավանաբար, թե դա կոմիքս է, մարդուն խփում են, նա բազում աստղիկներ ու հարցական նշաններ է տեսնում, բայց հետո ուշքի է գալիս` հաջորդ անգամվա համար: Ֆիզիկական կյանքը, սակայն, հաջորդ անգամ չունի, և աղջիկն ու այդ տղան պիտի մորը մի տեղ խցկեն: «Օ, ալաբաստրը, դա նրան լրիվ կոչնչացնի»:

Իհարկե կոչնչացնի, հիանալի միտք է` կոխել նրան լոգարան, ալաբաստր լցնել, և վերջ: Իսկ քանի դեռ մայրը պառկած է ալաբաստրի մեջ, իզուր է պառկած, երևի թե ալաբաստրն այն չէ, տղան ու աղջիկը գարեջրով խնջույքներ են անում: Որքան ուրախություն: Հիանալի երաժշտությամբ ձայնասկավառակներ, բանկայով հիանալի գարեջուր: «Միայն լոգասենյակ, երեխեք, մի մտեք: Այնտեղ, սատանան գիտե, թե ինչ է»:
Ես փորձում եմ ձեզ ցույց տալ, որ, այսպես կոչված, իրական կյանքում մենք երբեմն մեծ նմանություն ենք գտնում Կաֆկայի պատմվածքի իրավիճակի հետ: Ուշադրություն դարձրեք այդ ապուշների հոգեկերտվածքին, ովքեր ախորժանք են ապրում երեկոյան թերթից` անտեսելով այն ֆանտաստիկ սարսափը, որ բուն է դրել իրենց բնակարանում: «Ախ, որքան, սակայն, մեղմ կյանք է վարում իմ ընտանիքը»,- ասաց Գրեգորն ինքն իրեն և, հայացքը խավարին հառած, մեծ հպարտություն զգաց այն բանի գիտակցումից, որ ինքը կարողացել է իր ծնողների ու քրոջ համար հասնել այդպիսի կյանքի` այդպիսի հիասքանչ բնակարանում»:

Սենյակը բարձր ու դատարկ է, և բզեզը կամաց-կամաց Գրեգորի մեջ դուրս է քշում մարդուն: Բարձր սենյակը, «որում նա ստիպված էր փռված պառկել հատակին, վախեցնում էր նրան, թեև իր վախի պատճառը նա չէր հասկանում, չէ՞ որ նա այս սենյակում ապրում էր արդեն հինգ տարի, և թեքվելով, կամա թե ակամա, նա ոչ առանց ամոթի` փութաց թախտի տակ մտնել, ուր, չնայած այն բանին, որ մեջքը փոքր-ինչ սեղմվում էր, և գլուխը հնարավոր չէր բարձրացնել, նա մեկեն իրեն շատ հարմարավետ զգաց և ափսոսեց միայն, որ իր մարմինը չափազանց լայն է, որպեսզի լիովին տեղավորվի թախտի տակ»:

Տեսարան երրորդ: Քույրը Գրեգորին մի քանի ճաշատեսակ է բերում` ընտրության համար: Նա տանում է կաթնամանը, ճիշտ է, ոչ թե պարզապես ձեռքերով, այլ փալասի օգնությամբ, քանի որ ամանին է դիպչել սարսափելի հրեշը: Նա, սակայն, խելոք է, այդ քույրը և նրան մի ողջ հավաքածու է մատուցում` կիսափտած բանջարեղեն, հին պանիր, պաղած սպիտակ սոուսով ոսկորներ, և Գրեգորը վրա է պրծնում հյուրասիրության վրա: «Հաճույքից արցունքոտած աչքերով նա իրար հետևից վերացրեց պանիրը, բանջարեղենը, սոուսը. թարմ սնունդն, ընդհակառակը, նրան դուր չէր գալիս, նույնիսկ հոտը նրան անտանելի էր թվում, և նա մի կողմ էր դնում դրանից այն կտորները, որոնք ուզում էր ուտել»: Քույրը, հասկացնելով, որ ժամանակն է, որ նա հեռանա, դանդաղ կողպեքի մեջ պտտացնում է բանալին, իսկ հետո մտնում և հավաքում է նրա ետևից, իսկ այդժամ կերակրից ուռած Գրեգորը թաքնվում է թախտի տակ:

Տեսարան չորրորդ: Քույր Գրետայի դերը մեծանում է: Դա նա է կերակրում բզեզին, միայն նա է մտնում նրա որջը` հոգոց հանելով և երբեմն սրբերին կանչելով, չէ՞ որ այդ ընտանիքն այնքան քրիստոնեական է: Հիանալի դրվագը, երբ խոհարարուհին, մոր առաջ ծնկի եկած, խնդրում է իրեն աշխատանքից ազատել: Արցունքն աչքերին` նա ազատման համար իր երախտագիտությունն է հայտնում, ասես ազատություն ձեռք բերած ստրուկ, և թեև ոչ մեկը նրան չի խնդրել, հանդիսավոր երդվում է ոչ մի խոսք չասել այն մասին, թե ինչ է պատահել Զամզաների ընտանիքում:

«Գրեգորն այժմ ամեն օր կեր էր ստանում, մի անգամ` առավոտյան, երբ ծնողներն ու ծառաները դեռ քնած էին, իսկ երկրորդ անգամ` ընդհանուր ճաշից հետո, երբ ծնողները դարձյալ պառկում էին քնելու, իսկ ծառայողներին քույրն ինչ-որ հանձնարարությամբ ճանապարհ էր դնում: Նրանք նույնպես, իհարկե, չէին ուզում, որպեսզի Գրեգորը սովից մեռնի, բայց նրա կերակրման բոլոր մանրամասներն իմանալը, հավանաբար, շատ ծանր կլիներ, և, հավանաբար, քույրը ջանում էր նրանց ազատել, դե, թեկուզ փոքրիկ վշտերից, որովհետև նրանք բավականաչափ տառապում էին»:

Տեսարան հինգերորդ: Ճնշող տեսարան է: Պարզվում է, որ, երբ Գրեգորը դեռ մարդ էր, ընտանիքը խաբում էր նրան: Նա ընդունվել է այդ մղձավանջային ծառայության, կամենալով հորն օգնել, որ հինգ տարի առաջ սնանկացել էր: «Դրան բոլորն ընտելացել էին, և՛ ընտանիքը, և՛ ինքը` Գրեգորը, փողերը նրանից երախտագիտությամբ ընդունում էին, և նա հոժարությամբ տալիս էր, բայց առանձնահատուկ ջերմություն այլևս չէր ծնվում: Միայն քույրն էր մնացել, այդուհանդերձ, Գրեգորին մոտ, և քանի որ նա, ի տարբերություն Գրեգորի, շատ էր երաժշտություն սիրում և հուզիչ ջութակ էր նվագում, Գրեգորը թաքուն միտք ուներ նրան հաջորդ տարի Կոնսերվատորիա ընդունել, չնայած մեծ ծախսերին, որը դա կբերի և որը պետք է ծածկել մեկ այլ բանի հաշվին:

Գրեգորի քաղաքում մնալու կարճատև դադարների ընթացքում, քրոջ հետ խոսելիս, հաճախ հիշատակվում էր Կոնսերվատորիան, բայց հիշատակվում էր միշտ` որպես հիասքանչ, անիրականանալի երազանք, և նույնիսկ այդ անմեղ հիշատակումները ծնողների մեջ դժգոհություն էին ծնում, սակայն Գրեգորը Կոնսերվատորիայի մասին մտածում էր շատ որոշակի և պատրաստվում էր հանդիսավոր հայտարարել իր մտադրության մասին Ծննդյան շեմին»: Այժմ Գրեգորն ականջ է դնում հոր բացատրություններին` կապված այն բանի հետ, «որ, չնայած բոլոր դժբախտություններին, հին ժամանակներից մի փոքր կարողություն մնացել է, և, որ այն, քանի որ տոկոսներին ձեռք չեն տվել, այս տարիների ընթացքում նույնիսկ աճել է: Բացի այդ, պարզվում է, որ փողը, որ ամեն ամիս Գրեգորը տուն էր բերում, Գրեգորն ինքն իրեն ընդամենը մի քանի գուլդեն էր թողնում, իսկ մնացածն ամբողջությամբ փոքրիկ կապիտալ էին ձևավորել:

Դռան ետևում կեցած Գրեգորը ջանադիր գլխով էր անում, ուրախացած այդպիսի անսպասելի խնայողությունից և հեռատեսությունից: Ընդհանուր առմամբ, նա կարող էր այդ փողերով փակել հոր պարտքի մի մասը և մոտեցնել այն օրը, երբ նա` Գրեգորը, կարող էր հրաժարվել իր ծառայությունից, բայց հիմա շատ ավելի լավ եղավ, որ հայրը փողերի հետ այդպես է վարվել»: Ընտանիքը համարում է, որ այդ փողերը պետք է պահել սև օրվա համար, բայց այդ ժամանակ որտեղի՞ց վերցնեն ապրելու փողը: Հայրը հինգ տարի չի աշխատել, և նրա վրա քիչ հույս կարելի է դնել: Մայրն ասթմայով է տառապում և ի վիճակի չէ փող աշխատելու:

«Թե, գուցե հարկ էր, որ քույրը դա վաստակեր, որն իր տասնյոթ տարեկանում դեռ երեխա էր և իրավունք ուներ դեռ ապրելու այնպես, ինչպես ապրում էր. նրբագեղ հագնվել, մինչ ուշ ցերեկ քնել, օգնել տնտեսության մեջ, մասնակցել ինչ-որ համեստ զվարճանքների և, ամենից առաջ, ջութակ նվագել: Երբ խոսք էր գնում աշխատավարձից, այդ անհնար էր, Գրեգորը միշտ բաց էր թողնում դուռը և նետվում էր դեպի զով կաշվե թախտը, որ դռան մոտ էր, որովհետև նա ամոթից ու վշտից կարմրում էր»:

Տեսարան վեցերորդ: Քրոջ և եղբոր միջև նոր հարաբերություններ են առաջանում, այս անգամ` կապված ոչ թե դռան, այլ պատուհանի հետ:

Գրեգորը, «Ջանք չխնայելով, մոտեցնում էր բազկաթոռը լուսամուտագոգին, որ ակնհայտ էր միայն ազատագրման մասին ինչ-որ հիշողությամբ, որ ավելի վաղ էր նրան համակում, երբ նա պատուհանից դուրս էր նայում»: Գրեգորը կամ Կաֆկան, հավանաբար, ենթադրում են, որ Գրեգորի մղումը դեպի պատուհանը պայմանավորված է մարդկային հիշողություններով: Իրականում դա միջատի տիպիկ հակազդեցությունն է լույսին, լուսամուտագոգերին միշտ ինչ-որ փոշոտ միջատներ ես գտնում` տոտիկները վեր տնկած թիթեռներ, վիրավոր երկարատոտիկ, խեղճ բզեզիկ, որ մոլորվել է սարդոստայնում, պատուհանին խփվող ճանճ: Գրեգորի մարդկային տեսողությունը թուլանում է, նա արդեն չի տեսնում փողոցի մյուս կողմում գտնվող տունը:

(Միջատի ընդհանուր գաղափարն իշխում է մարդկային մանրամասների վրա, (բայց ինքներս միջատ չլինենք: Նախևառաջ ուսումնասիրենք պատմվածքի յուրաքանչյուր մանրամասնը, ընդհանուր գաղափարն ինքնին կկազմավորվի, երբ որ մենք ձեռքի տակ ունենանք բոլոր անհրաժեշտ տվյալները): Քույրը չի հասկանում, որ Գրեգորի մեջ պահպանվել է մարդկային սիրտը, մարդկային զգայունությունը, հասկացությունները պատշաճության մասին, խոնարհությունը և հուզիչ հպարտությունը: Նա սարսափելի վշտացնում է եղբորը, երբ վազում է պատուհանի մոտ, աղմուկով այն բացում է, որպեսզի թարմ օդ շնչի, և նույնիսկ չի էլ ջանում թաքցնել, որ հոտն իր որջում նրա համար անտանելի է:

Նա չի թաքցնում նաև այն զգացողությունները, որոնք հարուցում է Գրեգորի կերպարը: Մի անգամ, երբ արդեն համարյա մի ամիս էր անցել իր կերպարանափոխությունից հետո, «և քրոջ մոտ, հետևաբար, առանձնակի պատճառներ չկային` նրա տեսքից զարմանալու, նա փոքր-ինչ շուտ եկավ և Գրեգորին տեսավ պատուհանից դուրս նայելիս, որի մոտ նա անշարժ կանգնել էր, իրենից բավական սարսափելի տեսարան ներկայացնելով (…): Բայց նա ոչ թե պարզապես չմտավ, այլ ետ ցատկեց ու դուռը փակեց, օտար մեկին կարող էր նույնիսկ թվալ, որ Գրեգորը հսկում էր նրան ու ուզում էր կծել: Գրեգորը, իհարկե, տեղնուտեղը թաքնվեց թախտի տակ, բայց նրա վերադարձին ստիպված եղավ սպասել մինչև կեսօր, և նրա մեջ ինչ-որ արտասովոր տագնապ կար»: Դա նրան ցավ էր պատճառում, և ոչ մեկը չէր հասկանում, թե ինչպիսի: Անսովոր նրբանկատություն ցուցաբերելով և ջանալով քրոջն ազատել եղկելի տեսարանից, Գրեգորը «մի անգամ մեջքի վրա, այդ գործի վրա նա չորս ժամ ծախսեց, սավան տարավ թախտի մոտ և այն այնպես դրեց, որպեսզի իրեն ամբողջությամբ ծածկի, և քույրը, նույնիսկ կռանալով, չէր կարող իրեն տեսնել, (…), և Գրեգորին նույնիսկ թվաց, որ նա որսաց քրոջ երախտապարտ հայացքը, երբ զգուշորեն գլխով բարձրացրեց սավանը, որպեսզի տեսնի, թե ինչպես է քույրն ընդունել այդ նորամուծությունը»:

Նկատեք, թե ինչ լավն ու բարին է մեր խեղճ, փոքրիկ հրեշը: Կերպարանափոխությունը բզեզի, որ խաթարում, այլանդակում է նրա մարմինը, թվում է, ավելի վառ է արտահայտել նրա մարդկային հմայքը: Նրա ծայրահեղ անշահախնդրությունը, մշտական հոգսը բարեկամների կարիքների մասին, սարսափելի դժբախտության ֆոնի վրա հատկապես ռելիեֆային են երևում: Կաֆկայի վարպետությունը դրսևորվում է այն բանում, թե ինչպես է նա կուտակում, մի կողմից` Գրեգորի էնտոմոլոգիական մանրամասները, միջատի կերպարի բոլոր վշտալի մանրամասները, իսկ մյուս կողմից` թափանցիկորեն և կենդանի ընթերցողի առաջ բացահայտում է նրա քնքուշ, նրբին մարդկային հոգին:
Յոթերորդ տեսարան: Կահույքը վերատեղափոխում են: Անցել է երկու ամիս: Մինչև այժմ նրան այցելում էր միայն քույրը, դե, ասում է իրեն Գրեգորը, նա դեռ երեխա է և իր վրա է վերցրել ինձ խնամելու հոգսը երեխայի թեթևամտությամբ: Մայրը, երևի, իրավիճակն ավելի լավ է հասկանում:

Եվ ահա յոթերորդ տեսարանում մայրը, նվազ և անխելահաս ասթմատիկը, առաջին անգամ կմտնի նրա սենյակ: Կաֆկան մանրակրկտորեն նախապատրաստում է այդ տեսարանը: Գրեգորը, զբաղվելու համար, պատերի վրա և առաստաղով սողալու սովորույթ է ձեռք բերել: Դա բարձրագույնն է խղճուկ երանություններից, որ հասու է բզեզին, չէ՞ որ, սողալով, նա ամենուր թողնում էր կպչուն նյութի հետքերը, և որոշեց` որքան հնարավոր է շատ տեղ թողնել նրան այդ զբաղմունքի համար, սենյակից դուրս բերելով սողալուն խանգարող կահույքը, այսինքն` ամենից առաջ` սնդուկը և գրասեղանը»:

Օգնության է կանչվել մայրը: Մայրը մոտենում է դռանը «հուզիչ ուրախության բացականչություններով», բայց, երբ նա մտնում է խորհրդավոր սենյակը, այդ անտեղի ու ավտոմատիկ հակազդեցությունը փոխարինվում է խոսուն լռությամբ: «Քույրը, իհարկե, սկզբում ստուգեց, արդյո՞ք ամեն ինչ սենյակում կարգին է, լոկ դրանից հետո նա մորը ներս թողեց: Գրեգորը մեծագույն փութկոտությամբ կոլոլեց ու ավելի հեռու քաշեց սավանը, թվում էր, որ սավանն իրոք որ պատահաբար է ընկած թախտի վրա:

Այս անգամ Գրեգորը չսկսեց նայել սավանի տակից, նա հրաժարվեց մորը տեսնելու հնարավորությունից արդեն այս անգամ, բայց ուրախ էր, որ նա վերջապես եկել էր:

– Ներս մտիր, նա չի երևում,- ասաց քույրը և բացահայտորեն մորը ձեռքից բռնած տարավ»:
Կանայք զբաղվում են կահույք տարուբերելով, և այդ ժամանակ մայրն ինչ-որ մարդկային միտք է արտաբերում` միամիտ, բայց բարի, անօգնական, բայց զգացմունքով թելադրված. «Մի՞թե կահույքը հեռացնելով` մենք ցույց չենք տալիս, որ դադարել ենք հուսալ ինչ-որ լավացում, և անխղճորեն նրան տրամադրում ենք ինքն իրեն: Ըստ իս, ամենից լավը ջանալն է սենյակը թողնել այնպիսին, ինչպիսին էր այն նախկինում, որպեսզի Գրեգորը, երբ նա վերադառնա ի մեզ, ոչ մի փոփոխություն այնտեղ չգտնի և շուտ մոռանա այս ժամանակը»: Գրեգորի մեջ երկու զգացողություն են պայքարում: Բզեզին դատարկ սենյակում դատարկ պատերով ավելի հարմար կլինի սողալը, միակ բանը, որ նրան պետք է, դա ինչ-որ անկյունն է, թաքստոցը հենց նույն անփոխարինելի թախտի տակ, իսկ մնացյալ մարդկային հարմարություններն ու արդուզարդը բանի պետք չեն: Բայց մոր ձայնը Գրեգորին հիշեցնում է իր մարդկային անցյալի մասին:

Դժբախտաբար, քույրը տարօրինակ ինքնավստահություն է ձեռք բերել և իրեն Գրեգորի հարցերով փորձագետ է համարում, ի տարբերություն ծնողների. «Գուցե թե, ի դեպ, այստեղ դրսևորվում է նաև այդ տարիքի աղջիկներին ներհատուկ երևակայության կրքոտությունը, որը միշտ ուրախ է իրեն ազատություն տալու և այժմ դրդում էր Գրետային Գրեգորի վիճակն ավելի սարսափազդու դարձնելու, որպեսզի նրան ավելի շատ ծառայություններ մատուցեր, քան մինչ այդ»: Այստեղ հետաքրքրական նոտա է` ինքնիշխան քույրը, բռնակալ քույրը հեքիաթներից, որ հրահանգներ է տալիս հիմար բարեկամներին, հպարտ քույրերը Մոխրոտիկի, առողջության, երիտասարդության և ծաղկող գեղեցկության դաժան սիմվոլը վշտի և փոշու տանը: Ի վերջո, նրանք, այդուհանդերձ, որոշում են կահույքը տեղափոխել, բայց ծանր սնդուկը դժվար է տրվում նրանց ջանքերին: Գրեգորը սարսափելի խուճապի մեջ է: Նրա միակ հոբբին սղոցելն էր փոքրիկ սղոցով, որը նա սնդուկի մեջ էր պահում:
Տեսարան ութերորդ:

Գրեգորը ջանում է փրկել շրջանակով դիմանկարը, որը նա սղոցել էր թանկագին սղոցով: Կաֆկան տարակերպ էֆեկտներ է ավելացնում` ամեն անգամ բզեզը հայտնվում է բարեկամների առաջ այլ դիրքում, նոր տեղում: Քանի դեռ կանայք զբաղված են գրասեղանով և չեն նկատում նրան, նա դուրս է գալիս իր թաքստոցից, բարձրանում է պատի վրա և կպչում է դիմանկարին, չոր, տաք փորիկով կպչում է սառն ապակուն: Այդ գործերում մորից օգուտ չկա, նրան դեռ պիտի մի բան էլ քույրը պահի: Ողջ պատմվածքի ընթացքում Գրետան մնում է ուժեղ և առույգ, այնինչ ոչ միայն եղբորը, այլև ծնողներին համակում է քնկոտ թմբիրը, որը սպառնում է վերածվելու ծանր, քայքայիչ անզգայության: Իսկ Գրետան, իր կարմրաթուշ երիտասարդության պինդ առողջությամբ, նրանց նեցուկ կլինի:

Տեսարան իններորդ: Չնայած Գրետայի ջանքերին, մայրը տեսավ Գրեգորին` «վիթխարի ալ բիծը ծաղկավոր պաստառի վրա, գոչեց, մինչև որ նրա գիտակցությանն իսկապես հասավ, որ դա հենց Գրեգորն է, սրտմաշուկ ճչոցը. «Ախ, աստված իմ, աստված իմ», ուժասպառ ձեռքերը չռած ընկավ թախտի վրա ու անշարժացավ:
– Հեյ Գրեգոր,- ճչաց քույրը` բռունցքը բարձրացնելով և աչքերը պսպղացնելով:
Կերպարանափոխությունից հետո դրանք առաջին բառերն էին, որ անմիջականորեն իրեն էին ուղղված»: Նա դուրս է թռչում հյուրասենյակ` ինչ-որ կաթիլների ետևից, որպեսզի մորն ուշքի բերի:

«Գրեգորը նույնպես ուզում էր մորն օգնել, դիմանկարը փրկելու ժամանակ դեռ կար, բայց Գրեգորը կիպ կպել էր ապակուն և զոռով էլ չկարողացավ դրանից պոկվել, այնուհետև նա փախավ հարևան սենյակ, ասես կարող էր քրոջն ինչ-որ խորհուրդ տալ, ինչպես նախկինում, բայց ստիպված էր պարապ կանգնել նրա ետևում, տարբեր թուրմեր տնտղելով, նա շրջվեց ու վախեցավ, ինչ-որ մի սրվակ ընկավ հատակին ու կոտրվեց, բեկորը վիրավորեց Գրեգորի դեմքը, իսկ նա աբողջովին պատված էր ինչ-որ դառը դեղով, այլևս չհապաղելով, Գրետան վերցրեց այնքան սրվակներ, որքան կարող էր հետը տանել, և վազեց մոր մոտ, նա դուռը ոտքով փակեց: Այժմ Գրեգորը մորից կտրված էր, ով իր մեղքով, հնարավոր է, մոտ էր մահվանը, նա չպիտի դուռը բացեր, եթե չէր ուզում քրոջը քշել, իսկ քույրը պետք է մոր մոտ լիներ, այժմ նրան ոչինչ չէր մնում անելու, բացի սպասելուց, և տվայտելով զղջանքով ու տագնապով` նա սկսեց սողալ, ամենուր սողաց` պատերով, կահույքով և առաստաղով, և վերջապես, երբ ողջ սենյակը սկսեց նրա շուրջը պտտվել, ընկավ մեծ սեղանի կենտրոնամասի վրա»:

Ընտանիքի անդամների փոխադարձ դիրքը փոխվեց: Մայրը (թախտի վրա) և քույրը հիմա գտնվում են միջին սենյակում, Գրեգորը` ձախ կողմի սենյակում, անկյունում: «Եվ վազելով իր սենյակի դռան մոտ, նա կպավ դռանը, որպեսզի հայրը, նախասենյակից դուրս գալով, մեկեն տեսներ, որ Գրեգորն անմիջապես իր մոտ վերադառնալու պատրաստակամությամբ լի է, և, որ պետք չէ, հետևաբար, նրան հետ քշել, այլ բավ է միայն դուռը բացել, և նա տեղնուտեղը կանհետանա»:
Տեսարան տասներորդ: Խնձորների նետումը: Գրեգորի հայրը փոխվել է, և նա հիմա իր հզորության գագաթին է:

Դա արդեն այն մարդը չէ, ով հոգնած պառկած էր անկողնում և դժվարությամբ էր կարողանում ողջույնի համար ձեռքը բարձրացնել, իսկ զբոսանքի ժամանակ հազիվ էր քարշ գալիս` հենվելով ձեռնափայտին: «Հիմա նա բավական ձիգ է, նա ոսկե կոճակներով կապույտ խիստ ոճի հանդերձանքով էր, որոնք հագնում են բանկային բեռնափոխադրիչները, բարձր կիպ օձիքի վրա էր կախվում երկակի դունչը, թավ հոնքերի տակից նայում էին ուշադիր ու խաղացկուն սև աչքերը, սովորաբար գզգզված ճերմակ մազերը խնամքով սանրված էին և յուղով էին օծված:

Նա թախտի վրա նետեց, աղեղնաձև ողջ սենյակի վրայով, ոսկե նշանով իր գլխարկը, հավանաբար` բանկի և, ձեռքերը թաքցնելով տաբատի գրպաններում, ինչից որ իր երկար համազգեստի փեշերը կողմ քաշվեցին, շարժվում էր դեպի Գրեգորը` չարությունից այլանդակված դեմքով: Նա, հավանաբար, ինքն էլ չգիտեր` ինչպես պիտի վարվի, բայց նա անսովոր վեր էր հանում ոտքերը, և Գրեգորն ապշեց նրա ներբանների չափից»:

Ինչպես միշտ, Գրեգորին չափազանց գրավում է մարդկային ոտքերի շարժումը, մեծ լայն ոտնաթաթերի, որ այդքան նման չեն վխտող վերջույթների: Այստեղ նորից հայտնվում է դանդաղեցված շարժման թեման: (Ընկրկող գործավարի տեսարանը նույնպես տրված էր դանդաղեցված շարժմամբ): Այժմ հայրն ու որդին դանդաղ պտտվում են սենյակով մեկ: Մանևրումներն արվում են այնքան դանդաղ, որ նույնիսկ հետապնդման նման չեն: Եվ այստեղ հայրը սկսում է նրան խնձորներով ռմբակոծել` փոքրիկ կարմիր խնձորներով, հյուրասենյակում այլ զենք չլինելու պատճառով:

Գրեգորը նորից քշվում է միջին սենյակը, իր միջատային ռեզերվացիան: «Մի թեթև նետված խնձոր դիպավ Գրեգորի մեջքին, բայց սահեց, նրան վնաս չպատճառելով: Փոխարենը` մյուսը, որ անմիջապես հայտնվեց առաջինի ետքից, պինդ խրվեց նրա մեջքի մեջ: Գրեգորը ջանում էր ավելի հեռու սողալ, կարծես թե տեղի փոփոխությունը կարող էր անցկացնել հանկարծակի անասելի ցավը, բայց նա իրեն հատակին գամված զգաց և ձգվեց` գիտակցությունը կորցնելով:

Նա միայն հասցրեց տեսնել, թե ինչպես բացվեց իր սենյակի դուռը, և հյուրասենյակ, կանխելով ինչ-որ բան ճչացող քրոջը, ներս թռավ գիշերանոցով մայրը, քույրը հանվեցրել էր նրան, որպեսզի շնչառությունը թեթևացնի ուշաթափության ժամանակ, նա տեսավ, թե ինչպես վազեց դեպի հայրը, և նրանից, մեկը մյուսի ետևից, հատակին ընկավ արձակած շրջազգեստը և թե ինչպես նա, սայթաքելով շրջազգեստի վրա, ընկավ հոր կրծքին` գրկելով նրան, ամբողջությամբ ձուլվելով նրան: Բայց այդտեղ Գրեգորի տեսողությունն արդեն կորավ, ափերով գրկելով հոր վիզը, պաղատեց, որպեսզի նա պահպանի Գրեգորի կյանքը»:

Դա երկրորդ մասի վերջն է: Եզրահանգումներ անենք: Քույրը սկսեց Գրեգորին վերաբերվել անթաքույց թշնամությամբ: Մի ժամանակ, գուցե թե, նա նրան սիրել էր, բայց հիմա նա նրա մեջ զայրույթ ու զզվանք է հարուցում: Տիկին Զամզայի մեջ զգացողությունները մարտնչում են ասթմայի դեմ: Նա բավական մեխանիկական մայր է, և յուրովի, մեխանիկորեն, սիրում է որդուն, բայց շուտով մենք կհամոզվենք, որ նա նույնպես պատրաստ է նրանից հրաժարվելու:

Հայրը, ինչպես դա արդեն նշվել էր, հասել է ազդեցիկ ուժի գագաթնակետին: Ի սկզբանե նա ծարավի է ֆիզիկական վնաս հասցնելու իր անօգնական որդուն, և այժմ իր նետած խնձորը մնացել է խեղճ միջատ Գրեգորի մեջքի մեջ:
Շարունակելի
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս