Բաժիններ՝

Նամակ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Ռուբեն Ամատունին նամակով դիմել է «168 Ժամին»: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Ես դիմում եմ Ձեզ՝ գտնվելով մի անելանելի, անհասկանալի, անօգնական իրավիճակում դատապարտյալի պիտակավորմամբ՝ իրազեկելով Ձեզ և Ձեր միջոցով՝ շատերին ու հասարակությանը «լոթարինգյան» խորը քնից արթնացնելու համար, պատմելու այն դաժան գործընթացի մասին, որը ճնշում է հասարակության կողմից մոռացության մատնված մի խավի կամ, ինչպես մեզ ընդունված է կոչել, դատապարտյալներիս: Մեզ պայմանական վաղաժամկետ ազատելու նիստերի ժամանակ կատարվում են մարդու իրավունքների ամենակարևորագույն գործընթացի խախտումներ, ինչպես նաև՝ բարոյահոգեբանական խոշտանգումներ, որոնց արդյունքում մարդիկ ձեռք են բերում հոգեկան շեղումներ, և որոնցում առհասարակ որևէ մեղքի բաժին չունի «Կոշ» ՔԿՀ-ի ադմինիստրացիան: Շատ զարմանալի է, չէ՞:

Ես հիմա համառոտ կներկայացնեմ Ձեզ, ըստ հաջորդականության, ինձ, այդ խնդիրը և իմ խնդրանքը: Ծնվել եմ 1983 թ.՝ ք. Երևանում, միակ երեխան եմ ընտանիքում, կրթությունս՝ միջնակարգ, զինծառայություն անցել եմ 2004-2006 թթ., մասնագիտությամբ՝ մեղվաբույծ. հայրս մահացել է 2007թ., խնամքիս տակ է գտնվում ծեր, միայնակ, 2-րդ կարգի հաշմանդամ մայրս, որը հիմա գտնվում է շատ ծանր դրության մեջ: 18.09.2010թ. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել եմ ՀՀ Քր. օր.-ի 175-րդ հոդվածի 1-ին մասի, 34-176-րդ հոդվածի 1-ին մասի, 35-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 7 տարի ժամկետով. ազատազրկման պատժիս սկիզբը հաշվվում է 28.01.2010-ից, ռեժիմս կիսաբաց է, կարգապահ եմ, չունեմ քաղհայց, նախկին դատվածություն, տույժ, հակում, հաշվառում, ստեղծել եմ «Դատապարտյալների կրթական ինքնագործ միավորում», որի նախագահը ես եմ, որտեղ ուսման ձգտում ունեցողներին սիրողական մակարդակով դասավանդում ենք աշխարհագրություն, պատմություն, անգլերեն, իսպաներեն, «Սպորտային ինքնագործ միավորման» անդամ եմ, «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի Կոշի մասնաճյուղի անդամ եմ և ազատ ժամանակ զբաղվում եմ ստեղծագործ աշխատանքով, 2 անգամ ներման խնդրագրով դիմել եմ ՀՀ նախագահին, սակայն մերժվել եմ:

Ես, կարդալով ՀՀ քրեական օրենսգրքի 76-77-րդ և Քրեակատարողական օրենսգրքի 114, 115-րդ հոդվածները, գիտեմ, որ այսպիսի դրական բնութագրով և իմ ծանր հոդվածներով պատժաչափով դատապարտված ցանկացած դատապարտյալի՝ իր պատժի 1/3 մասը կրելուց հետո, պատիժը պետք է փոխարինեն ավելի մեղմ պատժատեսակով և դուրս բերեն բաց տիպ, իսկ պատժի 1/2 մասը կրելուց հետո՝ պայմանական վաղաժամկետ ազատեն: Իմ 1/3-ը լրացել է 28.05.2012թ., սակայն, ինչպես տեսնում եք, ես դեռ նույն ռեժիմով եմ պատիժս կրում, իսկ իմ պատժի ½-ը լրացավ ս.թ հուլիսի 28-ին, և ինձ հայտնի էր դարձել, որ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաների ներքին կարգով տրված հրամանով՝ ինձ և առհասարակ ՀՀ քր. օր.-ի 104, 112, 113, 175, 176, 177-ի 3-րդ մաս, 178, 266, 268 հոդվածներով կատեգորիկ կերպով ոչ մեկի չեն ազատում պայմանական վաղաժամկետ: Ես այս մոտ 900 հոգանոց կալանավայրի 10 ամենադրական դատապարտյալներից մեկն եմ, և ս.թ. հուլիսի 31-ին «Կոշ» ՔԿՀ-ի «վարչական հանձնաժողովը» մերժեց իմ պայմանական վաղաժամկետ ազատումը՝ ենթարկվելով վերը նշված հրամանին և պաշտոնապես պատճառաբանելով հոդվածիս ծանրությունը, իսկ իրականում՝ համաձայն այդ չինովնիկների արձակած անօրինական, անմարդկային, անհասկանալի հրամանին:

Այս անօրինական, դաժան վերաբերմունքը հակասում է միջազգային պայմանագրերին, ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քրեական օրենսգրքի 76, 77, Քրեակատարողական օրենսգրքի 114,115-րդ հոդվածների պահանջներին, նրանք հաշվի չեն առնում դատապարտյալի անձը, վարքը և մյուս դրական կողմերը: Այս դաժան վերաբերմունքն արմատապես սխալ է և ոչնչացնում է շատ դատապարտյալների, նրանց ընտանիքներին, շրջապատի հավատը օրենքի, արդարության և այս պետության նկատմամբ: Խնդրում եմ Ձեզ՝ կազմակերպել լրագրողական քննություն և պարզել, թե ովքեր են այդ սուբյեկտները, որոնք իրենց դասում են օրենքից դուրս և բարձր՝ կատարելով ցեղասպանություն սեփական ժողովրդի հանդեպ: Մենք սովորել ենք հարմարվել տարբեր վատ պայմաններին և ձայն չհանել տիրող անօրինականությունների դեմ, ինչի հետևանքով էլ մեր երկիրը և մենք հայտնվել ենք բարձիթողի և թշվառ վիճակում: Սակայն ես չեմ կարող ուրիշների նման տառապել, հաշտվել չազատվելու մտքի հետ, մորս չհասնելու մտքի հետ և բարձրացնում եմ իմ ձայնը՝ ահազանգելով SOS: Ես արժանացել եմ նաև 2 խրախուսանքի՝ լավ վարքի և տրված հանձնարարությունները բարեխղճորեն կատարելու համար, իմ մասին լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու համար այցելեք Հ2 հեռուստաընկերության «Հրատապ ռեպորտաժ հաղորդաշար»՝ 25.02.2012: Ես չունեմ որևիցե խնդիրներ «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմի հետ, մեր փոխհարաբերությունները նորմալ են, և նրանք ինձ բազմիցս հայտարարել են, որ մեծ հաճույքով կազատեին ինձ, բայց ավաղ չեն կարող՝ համաձայն այդ անօրինական հրամանի: Այս մերժումների հետևանքով մարդիկ ձեռք են բերում հոգեկան և նյարդային շեղումներ, կորցնում են առողջությունը, դա առաջնահերթ վերաբերում է մեզ՝ բոլոր դրական, ուղղված դատապարտյալներիս, խեղվում են հազարավոր դատապարտյալներիս կյանքը և ապագան:

Սա մի անհեթեթություն է, քանի որ մեզ՝ դրական, ուղղված, ազատման ենթակա դատապարտյալներիս, անօրինական կերպով, խախտելով և ոտնահարելով մեր իրավունքները՝ ստիպում են շփվել բացասական դատապարտյալների հետ: Ես կարծում եմ, որ պետք են շատ դատապարտյալներ, կամ այս եղանակով իբր թե պայքարում են հանցավորության աճի դեմ, ինչը, սակայն, անմարդկային և անօրինական է: Այս ամենը պարզելու համար խնդրում եմ կազմակերպել լրագրողական քննություն, ես անձամբ պատրաստ եմ տալ հարցազրույց և հայտնում եմ, որ կան դրական դատապարտյալներ, որոնք դիմում են բոլոր պատկան մարմիններին՝ վերից վար, սակայն կա՛մ պատասխան չեն ստանում,  կա՛մ տրվում է մոլորեցնող, հանելուկային, սպառիչ բացասական պատասխան, ինչը բացասական է անդրադառնում մարդկանց վրա, որոնք հոգեպես թուլանում են և կարծելով, որ ճիշտը և արդարությունը, մարդասիրությունը, օրենքը մեռել են՝ այլևս չեն պայքարում:

Մինչև 2006 թ. Ռ. Քոչարյանի հրամանով ստեղծվում է հակակոռուպցիոն նշանակությամբ «անկախ հանձնաժողովը», որը մինչև այսօր կա և ենթարկվում է ՀՀ նախագահին, ինչից հետո «անկախ հանձնաժողովը» սկսում է մասսայական մերժումները, իսկ բարձրացած դժգոհություններից հետո քրեակատարողական հիմնարկների «վարչական հանձնաժողովները» ստանում են այդ գաղտնի հրամանը՝ մերժել՝ անկախին թողնելով մերժումների 10-15 տոկոսը: Գնալով այդ գործընթացը դաժանացել և սաստկացել է, հիմա դարձել է աքսոր, ինչի՞ համար են այդ հոդվածներն ու օրենքները հաստատվել, եթե չեն գործելու: Անձամբ ես օրենքով դատվել եմ, օրենքով կրում եմ պատիժս և խնդրում եմ՝ ինձ օրենքով ազատել: Հուլիսի 31-ին ներառյալ, 132 հոգուց «վարչական հանձաժողովի» կողմից պայմանական վաղաժամկետ ազատման հավանություն ստացան միայն 16-ը, այն էլ՝ թեթև հոդվածներով, իսկ 116-ը մերժվեցին, այն 16-ից միայն 5-ը ստացան «անկախ հանձնաժողովի» հավանությունը, որոնք էլ կազատվեն, որոնց մինչև օրացուցային ազատում՝ մնացել էր 4-10 ամիս:

Ս.թ. հոկտեմբերի 30-ին կամ 31-ին տեղի է ունենալու «Կոշ» ՔԿՀ-ի «վարչական հանձնաժողովի» նիստը, որտեղ ներկա եմ գտնվելու ես, և որտեղ քննարկվելու է իմ պայմանական վաղաժամկետ ազատման հարցը 2-րդ անգամ, և ես խնդրում եմ Ձեզ՝ ներկա գտնվել այդ նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի ներկայությունը, և ականատես լինել իմ կողմից նշված փաստերին և դեռ բան էլ ավելի: Նիստի օրը կարող եք ճշտել վարչակազմից:

Ես պատրաստ եմ տալ հարցազրույց և խնդրում եմ Ձեզ՝ լուսաբանել այս ամենը մեր հասարակությանը, ամբողջ աշխարհին՝ բոլոր հնարավոր լրատվական միջոցներով, և կազմակերպել լրագրողական քննություն՝ պարզելով այս ամենի ետևում գտնվող մարդկանց, եթե, իհարկե, նրանց այսքանից հետո կարելի է անվանել «մարդ», նրանց այս գործընթացին, այս անօրինականություններին վերջ տալու համար: հուսով եմ, որ չեք անտեսի մեր խնդրանք-աղերսանքը, կօգնեք, կաջակցեք մեզ՝ փրկելով այս բարոյահոգեբանական խոշտանգումներից և վերականգնելով ոտնահարված արդարությունը և մարդասիրությունը:

Հիմնարար եզրահանգման ենք գալիս, որ դատապարտյալներիս թվաքանակի ավելացումը և պահպանումը ձեռնտու և շահավետ աղբյուր է մի խումբ շահագրգիռ պաշտոնատար անձանց համար, մեզ օգտագործում են՝ որպես թրաֆիկինգի առարկա հանդիսացող շրջանառու միջոցներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս