Ցրտին դիմանալու ծախսերը
Բնակչությունը սարսափով է սպասում ցրտերն ընկնելուն: Սովորական մարդու համար բավական դժվար է հաշվարկել ջեռուցման ապագա ծախսերը: Նախորդ տարիներին հեշտ էր: Էլեկտրաէներգիայի և գազի սակագները երկար ժամանակ չէին փոփոխվում: Ուստի բնակչությունը ձմռան շեմին փորձում էր պապենական մեթոդներով կանխագուշակել գլխի գալիքը:
Օրինակ` գլուխ սոխի շերտերի բարակությունը նշանակում է, որ ձմեռը տաք է լինելու: Հետևաբար` կարելի կլինի խնայել ջեռուցման վրա: Բայց այս տարի ամեն ինչ խառնվել է: Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումներն անկանխատեսելի վիճակ են ստեղծել բոլորի համար: Բացարձակապես բոլորի` բացառությամբ ՀՀ կառավարության: 2014թ. բյուջեի նախագիծը գրելիս մեր կառավարությունը հստակ հաշվարկել է պետական կառավարման բոլոր օղակների էներգետիկ ծախսերը: Իսկ դա հասարակ գործ չկարծեք:
Այդ նախորդ տարիներին էր, որ պետական գրասենյակների ջեռուցման ծախսերն արտագրվում էին նախորդ տարվա բյուջեից: 2014թ. բյուջեում պետք էր հաշվարկել սակագնի բարձրացումը: Իսկ այդ գործում կառավարությունը պապենական մեթոդներ չի կիրառել: Ակնհայտորեն չի կիրառել: Այլապես հնարավոր կլիներ դրանից որևէ բան հասկանալ: Էներգետիկ ծառայությունների (ձմռանը` տաքանալու, իսկ ամռանը` հովանալու համար) հատկացումները 2014թ. բյուջեի նախագծում արվել են բավական անհասկանալի մեթոդաբանությամբ: Ոչ մի համամասնություն չի պահպանվել:
Օրինակ` ՀՀ կառավարության շենքային պայմանները չեն փոխվել:
2013թ. բյուջեում կառավարության աշխատակազմի համար նախատեսված էր հատկացնել մոտ 142 մլն դրամ, իսկ 2014-ի համար արդեն 170 մլն դրամ է պլանավորվել: Աճը կազմում է մոտ 20 տոկոս: Բայց այս օրինակից պետք չէ ենթադրել, որ բոլորիս էներգետիկ ծախսերը տարվա կտրվածքով աճելու են հենց 20 տոկոսի չափով: Որովհետև եկող տարվա համար նախագահի աշխատակազմը նախորդ տարվա համեմատ` 23 տոկոս ավելի գումար է ստանալու, իսկ ԱԺ-ին` դրա կեսի չափով` ընդամենը 11,6 տոկոս է ավելի տրվելու:
Պնդելը, թե էներգետիկ ծառայությունների վարձաչափը հաշվարկելիս 2014-ի բյուջեն կազմողներն ինչ-որ մեթոդ են կիրառել, չափազանցություն կլինի: Հնարավոր չէ նաև պնդել, թե այդ հաշվարկի հիմքում ինչ-որ թվաբանական բանաձև է կիրառվել: Տեսեք, 2013-ի համեմատ` պետական երկու հիմնարկության ծախս, ավելանալու փոխարեն, կրճատվելու է: Խոսքը Քաղաքացիական ավիացիայի (պակասել է մոտ 15 տոկոսով) և Պետական գույքի կառավարման (պակասել է 25,5 տոկոսով) վարչությունների մասին է:
Այս կրճատումների ֆոնին անհասկանալի է չորս նախարարությունների համար նախատեսված աճը: Կարելի է ենթադրել, որ ձմռան ցուրտ կամ տաք լինելը որոշելիս` կառավարությունը հիմնվում է սեփական հիդրոմետծառայության տվյալների վրա: Իսկ այդ տվյալներով, ասենք, Հանրապետության հրապարակի կառավարության մայթին 2014-ի ձմեռն` ավելի մեղմ, իսկ ամառն` ավելի զով են լինելու, քան դիմացի մայթին: Որովհետև կառավարության էներգետիկ ծախսերը նախատեսված է ավելացնել մոտ 20 տոկոսով, իսկ դիմացի մայթին գտնվող Արտգործնախարարության ծախսերը` մոտ 55 տոկոսով:
Ձմեռն ավելի ցուրտ է լինելու Բնապահպանության (մոտ 52 տոկոս), Տարածքային կառավարման (մոտ 62 տոկոս), Աշխատանքի և սոցիալական հարցերի (մոտ 130 տոկոս) նախարարություններում: 2014-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անելիք չունի: 2014-ին լուրջ ընտրություններ չեն լինելու: Բայց նրանց էներգետիկ ծախսերն ավելանալու են մոտ 56 տոկոսով:
Հավանաբար` այն պատճառով, որ համակարգչի առջև նստած աշխատակիցները սեփական որակավորումը բարձրացնող թեստեր լուծելիս` հանկարծ չցրտահարվեն: 2014-ին ընտրություններ չեն լինելու, հետևաբար` չեն լինելու նաև ընդդիմության զանգվածային միջոցառումներ: Այստեղից կարելի է նաև ենթադրել, որ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ չի ունենալու նաև ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը: Բայց հատուկ քննիչների էներգետիկ ծախսերի աճն ընդամենը 7 տոկոս է: Ի տարբերություն ընտրական գործի կենտրոնական մասնագետների 56 տոկոսի: Նույն անհասկանալի համամասնությամբ են որոշվել նաև մարզպետարանների էներգետիկ ծախսերը: Արագածոտնի մարզպետարանի ծախսերն ավելանալու են մոտ 68 տոկոսով:
Սյունիքի մարզպետարանինը` 57 տոկոսով: Այն, որ Արարատի մարզում ձմեռն ավելի տաք է, կարելի է ենթադրել մարզպետարանին հասանելիք գումարի մոտ 18 տոկոսանոց աճից: Բայց այս դեպքում դժվար է ենթադրել, թե ինչո՞ւ են Գեղարքունիքի մարզպետարանի ծախսերն աճելու ընդամենը 19 տոկոսով, որը լրիվ համադրելի է Արարատի մարզի ցուցանիշի հետ: Ահա թե ինչ բազմաշերտ ու անհասկանալի տրամաբանությամբ են ծախսվելու մեր` հանրային փողերը` ըստ Բյուջե-2014-ի կառավարական նախագծի:
«168 ԺԱՄ»