Կառավարությունը նույնպես մտահոգված է, բայց մերժում է Բագրատյանին
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը շարունակում է նորանոր օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել՝ չնայած, որ կառավարությունը որպես կանոն բոլոր առաջարկներին բացասական եզրակացություն է տալիս։
Հրանտ Բագրատյանի վերջին առաջարկությունը նույնպես բացառություն չէ։ Այս անգամ նա հանդես է եկել երկու նախաձեռնություններով, որոնք երկուսն էլ ուղղված են ազգային դրամի ամրապնդմանը։
Եվ այսպես, առաջին նախագծով Հրանտ Բագրատյանն առաջարկում է հավանություն տալ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտարժույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։ Իսկ այդ նախագծում մեկ հոդված է՝ 2014-ի հունվարի 1-ից արգելել ՀՀ տարածքում արտարժույթային գները:
Հիմնավորման մեջ Հրանտ Բագրատյանը նշել է, որ արտարժույթային գների արգելումը բխում է ՀՀ Սահմանադրությունից (հոդված 83.3) և ՀՀ ազգային արժույթի դիրքերն ամրապնդելու անհրաժեշտությունից:
ՀՀ Կառավարությունը իր եզրակացության մեջ նշել է, որ իրենք նույնպես մտահոգված են Հայաստանի Հանրապետության տնտեսության դոլարիզացման կանխմամբ և կարևորում են Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ամրապնդումն ու դրա նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային արժույթով ֆինանսավարկային գործառնությունների տարածմանն ու ընդլայնմանն ուղղված քաղաքականության իրականացումը:
Եվ հենց այդ նպատակներից ելնելով` 2004 թվականին ընդունվեց «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի 6-րդ հոդվածով սահմանվեց Հայաստանի Հանրապետությունում միայն Հայաստանի Հանրապետության դրամով գնանշումների և վճարումների իրականացման սահմանափակումը: Մասնավորապես՝ վերոհիշյալ հոդվածի 1-ին մասով սահմանվեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
ՀՀ կառավարությունը գտնում է, որ գործող օրենքով արդեն իսկ սահմանված են այն անհրաժեշտ ու բավարար պայմանները, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի դիրքերի ամրապնդումը: Բացի այդ, կառավարության համար անհասկանալի է «արտարժութային գին» հասկացությունը: Եվ ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:
Իր երկրորդ նախաձեռնությամբ՝ Հրանտ Բագրատյանն առաջարկում էր փոփոխություն կատարել «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում և այդ օրենքի օրենքի հոդված 34-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով՝ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ տարածքում բանկերի կողմից վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով։ Այսինքն՝ Բագրատյանն առաջարկում է, որ բանկերն իրավունք չունենան վարկեր տրամադրել արտարժույթով։ Ըստ Հրանտ Բագրատյանի՝ այդ փոփոխությն արդյունքում բոլոր տնտեսվարող սուբյեկտները կհայտնվեն հավասար տնտեսվարման դաշտում, կամրանպնդվի ազգային արժույթը` դրամը, կխնայվեն միջազգային պահուստները:
Կառավարությունը, բնականաբար, այս առաջարկության ընդունումը նույնպես նպատակահարմար չի համարել։
Նախ՝ հիշեցրել են, որ ՀՀ տարածքում ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից սպառողական վարկերը տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ արտարժույթով տրամադրվում են հիմնականում միայն բիզնես վարկերը` որը պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների կողմից արտերկրի գործընկերների հետ ունեցած առևտրային հարաբերություններով։
Այնուհետև նշել են, որ ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության կարգավորման նորմատիվներով տարբերակված պահանջներ են սահմանվում արտարժութային և դրամային ակտիվների համար` ընդ որում արտարժութայինի դեպքում՝ ավելի խիստ: Իսկ դրա արդյունքում ստեղծված է մի իրավական դաշտ, որի պարագայում արտարժույթով վարկավորումը բանկերի համար դառնում է ավելի ծախսատար և համեմատաբար ոչ ձեռնտու:
Եվ ամենակարևորը՝ ըստ կառավարության՝ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից ընդհանուր արտարժութային վարկավորման կտրուկ արգելումը և սահմանափակումը երկրի ֆինանսատնտեսական զարգացման ներկա փուլում կարող է առաջացնել տնտեսական ակտիվության անկում։ Դա, ինչպես նշվում է եզրակացության մեջ, կապված է տնտեսվարող սուբյեկտների կողմից արտարժութային ֆինանսական միջոցների պահանջի ոչ բավավարար ֆինանսավորման, ինչպես նաև ֆինանսական համակարգի բնականոն գործունեության խաթարման ռիսկով` պայմանավորված Հայաստանի Հանրապետության ֆինանսավարկային համակարգի հաշվեկշռի պասիվային մասում արտարժութային ավանդների բարձր տեսակարար կշռով:
Մի խոսքով՝ ՀՀ կառավարությունը հերթական անգամ մերժում է Հրանտ Բագրատյանին, այս անգամ՝ փաթեթով։ Բացասական եզրակացությունները ներառված են ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 17-ի նիստում։