Mercedes Benz, Volkswagen, BMW, Audi և այլ գերմանական հայտնի ավտոարտադրողների հագուստը կարում են հայ մասնագետները (տեսանյութ, լուսանկարներ)
WKS Armenia ընկերությունը Հայաստանում գործում է 2007 թվականից: Ընկերությունը մասնաճյուղեր ունի Ամասիայում (100 աշխատակից), Վանաձորում (200 աշխատակից) և Երևանում (350 աշխատակից): Ընդհանուր առմամբ ընկերությունում աշխատում է 800 մարդ: 168.am-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Քրիստիան Գերեջին նշեց, որ Հայաստանում ընկերության կարի արտադրամասերում հայ մասնագետները կարում են հագուստ գերմանական հայտնի ավտոարտադրող ընկերությունների համար: Դրանց թվում են՝ Mercedes Benz-ը, Volkswagen-ը, BMW-ն, Audi-ին, ինչպես նաև՝ Opel-ն ու Ford-ը:
Նա տեղեկացրեց, որ ընկերությունը մասնաճյուղեր ունի աշխարհի տարբեր՝ 15 երկրներում, սակայն Հայաստանի մասնաճյուղը՝ արտադրանքի որակի առումով, բոլորից լավն է և առաջին տեղում է գտնվում:
«Մենք արտադրում ենք օրգանական հագուստ, որտեղ քիմիա չկա»,- ասաց Քրիստիան Գերեջին` նշելով, որ ինքը մեծ հպարտությամբ է լցվում, երբ հագուստի վրա գրվում է «Made in Armenia»:
«Եթե ամեն մի հայ, ով ապրում է դրսում կամ ներսում, գար և ինձ պես ապրեր իր հայրենիքում և ներդրումը աներ այստեղ ու իր կատարած ներդրումի գլխին կանգներ` սկսած շինարարությունից մինչև արտադրություն, կհաջողի»,- ասաց մեր զրուցակիցը` նշելով, որ ինքն արդեն մոտ 7 տարի է՝ Հայաստանում է բնակվում:
Քրիստիան Գերեջին նշում է, որ վերջերս իրենց մեծ դժվարություններով հաջողվել է ձեռք բերել նախկին տրիկոտաժի գործարանը, գրեթե քանդված գործարանը հիմնովին վերանորոգել են, ու շուտով արդեն ընկերության երևանյան մասնաճյուղը կտեղափոխվի նոր ժամանակակից պահանջներին բավարարող գործարան, որտեղ կլինեն թե ժամանակակից սարքավորումներ, և թե աշխատելու հարմարավետ պայմաններ:
«Եթե որևէ մի բիզնեսի հիմքն առաջին օրվանից առողջ դնես որևէ երկրում՝ ուր էլ որ լինես, կհաջողես, բայց եթե սխալ դնես, եթե անգամ այն Ամերիկայում դնես կամ որևէ այլ վայրում, այդ բիզնեսը չի հաջողի»,- ասաց Քրիստիան Գերեջի`նշելով, որ հայ ժողովուրդը միշտ դժգոհում է ամեն ինչից, սակայն պետք է այդ ամենը մի կողմ դնել և փորձել աշխատել, քանի որ եղած վատ բաների կողքին կա նաև լավը:
«Ես Եվրոպայում եմ ծնվել և մեծացել, այնտեղ մենք հետևյալն ենք ասում. ամեն մի լավ աշխարհ և ամեն մի լավ բնություն սկսում է քեզնից: Սա է իմ փիլիսոփայությունը»,- ասաց Քրիստիան Գերեջինը:
Մանրամասները՝ տեսանյութում: