Բաժիններ՝

«Շարժում, արագություն, թեթևություն, անկշռություն… դրանք բնութագրում են Դիանա Հակոբյանի նոր կտավները»

Հոկտեմբերի 15-30-ը «Դալան» ցուցասրահում տեղի է ունենալու նկարչուհի Դիանա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Color is Calling/Գույնը կանչում է» անվանումը:

168.am-ի հետ զրույցում նկարչուհին ասաց, որ «Color is Calling/Գույնը կանչում է» անվանումը նաև իր աշխատանքներից մեկի անունն է:

«Այս ծրագիրը դեռևս չեմ ավարտել, ընդհանուր առմամբ, այն թռիչքների և անկումների մասին է: Ցուցահանդեսին ներկայացվելու են 10 և ավելի աշխատանքներ: Ասեմ նաև, որ լինելու է կատալոգ, որի համակարգողը Եվա Խաչատրյանն է»,- ասաց Դիանա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ նկարչուհին բազմիցս մասնակցել է խմբակային ցուցահանդեսների, իսկ ինչ վերաբերում է անհատական ցուցահանդեսին, վերջինը տեղի էր ունեցել 2006 թվականին:

Կարդացեք նաև

Ստորև ներկայացնում ենք Եվա Խաչատրյանի գրառումը, որը բնութագրում է նկարչուհու՝ ցուցահանդեսին ներկայացվելիք աշխատանքները.

«Շարժում, արագություն, թեթևություն, անկշռություն… պարամետրեր, որոնք, թերևս, կարող էին ներհատուկ լինել շարժվող պատկերի, սակայն դրանք բնութագրում են Դիանա Հակոբյանի նոր կտավները: Անասելի արագությամբ ընթացող էլեկտրիկ արդյունաբերական բնանկարները ստիպում են մոռացության մատնել իրենց կտավային պատկանելությունը. որոշակի կապ է ստեղծվում մի քանի մեդիա իրականությունների միջև, և ծնվում է վիդեո և լուսանկարչական տարրերով հանդերձ՝ մի նոր գեղանկարչություն:

Դիանա Հակոբյանի վիդեո աշխատանքներին հատուկ խաղի տարրը առկա է նաև այս նոր աշխատանքներում, թեև այստեղ այդ խաղն ավելի վերացական բնույթ է կրում. այն այլ իրականության մեջ հայտնվելու ձգտումը, փոխանցումն ու ընկղմումն է: Եթե իր վիդեո աշխատանքների մեծամասնությունը կրում է սուբյեկտիվ (անձնական) բնույթ, և հեղինակն է ներկա այդ աշխատանքներում և խաղում է իր իսկ ստեղծած խաղերը, որոնք երբեմն էլ սոցիալական բովանդակություն ունեն՝ կապված կանանց խնդիրների հետ, ապա այս պարագայում խաղերը տեղի են տալիս կտրվածությանն ու հեռահարությանը: Սա նոր և ցանկալի աշխարհի ստեղծումն է:
Մասշտաբայնության հենց այստեսակ փոփոխությունն է, որ ստիպում է ոչ միայն հետևել, այլ նաև ցանկալ տեղափոխվել այդ դյութիչ իրականություն՝ հագեցած անհայտ ապագայի կամ հայտնի, բայց անխոս բաղձալի անցյալի վառ ֆանտաստիկ գույներով:

diana

Պատկերված կերպարների «ցատկերի» և «անկումների» թեթևության շնորհիվ՝ այդ կերպարները ներդաշնակորեն միաձուլվում են շրջապատող իրականությանը: Դեռահասների կերպարները, որոնք ձուլվում են բնական կամ արդյունաբերական լանդշաֆտի հետ, ունեն ազատության, խնդության և հեշտության անճառ զգացում: Թվում է՝ հեղինակն ամրացնում է այդ ֆանտաստիկ իրականությունը հենց նրանց ետևում: Այս դեռահասները վերածվում են ազատության խորհրդանիշերի և ստեղծված իրականության տիրակալների: Երբեմն հեղինակը պատկերում է կերպարի մասնիկը միայն՝ ընդգծելով անդուլ շարժման կարևորությունը:

Այս կտավները կարելի է անվանել ամենատարբեր տրամադրություններ պատկերելու որոշակի փորձ. դրանց մեջ սողոսկում են երանգներ, ինչպիսիք են միայնությունը, զանազան խոչընդոտների հաղթահարման ձգտումը, մեծ արագությամբ առաջ ընթանալու ցանկությունը, կամ ընդհակառակը՝ ժամանակի կանգնեցումը: Միևնույն ժամանակ նկատվում է գույնի բավականին հանդուգն խաղ, որը կրկին այս կամ այն տրամադրության կամ հոգեվիճակի արտահայտչամիջոց է: Դրամատիկ երանգները, որոնք բնորոշվում են հանդարտությամբ, հատուկ են բնության եթերային պատկերներին գունային գամմայի իրենց մինիմալիստական կիրառությամբ, այնինչ արդյունաբերական միջավայրը հագեցած է գունային պոռթկումներով, շարժմամբ և արագությամբ: Այսկերպ, ընդհանուր առմամբ, կարելի է նկատել մի քանի զուգահեռ աշխարհներ և շերտեր, որոնք պատկերվում են հեղինակի կողմից և գոյություն ունեն և՛ մեր մեջ, և՛ մեզնից անդին: Այդուհանդերձ, հեղինակը հատուկ շեշտադրում է ոչ թե այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, այլ այն, որտեղ մենք ցանկանում ենք ապրել, և հաճախ այդ աշխարհը մեր երազներն են, որոնք երբեմն այնքան գայթակղիչ են լինում, որ արթնանալը կարծես դառնում է անհնարին:

Բոլոր «ցատկերի» և «անկումների» հետապնդածը մեկն է՝ բերկրանք: Դրանք ստիպում են մոռանալ շրջապատող իրականությունը և ընկղմում են քեզ միանգամայն այլ՝ խնդությամբ լի աշխարհ: Ականատեսն ենք դառնում բացարձակ արվեստի, որն այդպես էլ պոռթկում է դուրս՝ ազատվելով այլևայլ կապանքներից և խոչընդոտներից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս