Բաժիններ՝

Կադաստրն ապօրինաբար համայնքային այգին վաճառել է գյուղացուն

Փարաքարի բնակիչ Արթուր Գասպարյանը կադաստրի զոհ է դարձել: Տևական ժամանակ է՝ Ա. Գասպարյանը, փաստաթղթերի հսկայական կապոցը ձեռքին, կա՛մ դատարաններում է, կա՛մ Դատախազությունում, կա՛մ էլ կադաստրում, սակայն առայժմ ապարդյուն: «Կադաստրը անօրինական հողահատկացում է կատարել համայնքային այգին վերցրել ու տվել է իմ հարևանին և դրանով փակվում է դեպի իմ տուն մուտքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ա. Գասպարյանը` հավելելով, որ գործն առաջին ատյանում է, դիմել է նաև Դատախազությանը, Տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկեն, և վերջ դրվի կադաստրի կեղծիքին:

Պատմությունը հետևյալն է: Կադաստրի էջմիածնի ստորաբաժանման պետ Կարեն Մանուկյանը որոշում է կայացրել և Փարաքար համայնքի բնակիչ Աբասյանին է տրամադրել 700 քմ հողամաս՝ պետական գրանցմամբ, մինչդեռ Աբասյաններին հատկացված հողատարածքը համայնքային սեփականություն է, իսկ փաստաթղթերում օտարման մասին համայնքի ղեկավարության որոշումը չկա:

Կադաստրի որոշման հետևանքով, Փարաքարի մեկ այլ բնակչի՝ Արթուր Գասպարյանի տան մուտքը փակվել է: Որոշումից հետո Գասպարյանը դիմել է կադաստր` պարզելու, թե ինչո՞ւ են իր իրավունքները խախտում: Նրան ասել են, որ որոշումը կատարել են տեխնիկական անձնագրի հիման վրա:  Հետագայում, երբ Ա. Գասպարյանը կրկին բողոքել է` պարզվել է, որ տեխնիկական անձնագրում եղածը չի համապատասխանում իրականությանը: Ավելի ուշ Ա. Գասպարյանը դիմել է Դատախազություն`տեղեկացնելով, որ կատարվել է պաշտոնական կեղծիք, և պահանջել է քրեական գործ սկսել: Գլխավոր դատախազությունից գործն ուղարկել են Արմավիրի մարզի դատախազություն, և հետաքննիչը տրամաբանությունից դուրս պատասխան է տվել. 1986թ. Փարաքարի Թաիրով համայնքի նախագահ Սերոբ Գյուլանազարյանը 700 քմ հողատարածք է հատկացրել Աբասյանների ընտանիքին, եղել է հայտարարություն, և այդ հիմքով Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննիչ Մելիքյանը քրեական գործի հարուցումը մերժել է:

Ստացվում է, որ կադաստրը մի հայտարարություն է կատարում հողահատկացման վերաբերյալ, Ոստիկանության հետաքննիչը` մեկ այլ: Սրան զուգահեռ՝ Փարաքարի գյուղապետարանում կա 2006 թվականի փաստաթուղթ, համաձայն որի՝ Աբասյաններին հատկացված տարածքը գյուղապետարանի սեփականությունն է հանդիսանում: Գասպարյանին զարմացնում է, թե ինչպե՞ս կարող է 2006թ.  փաստաթղթերով և պետական գրանցմամբ հողատարածքը պատկանել գյուղապետարանին, 2011թ. հատկացվել մեկ այլ քաղաքացու, երբ համայնքի ղեկավարի որոշում չկա, և բերվել հետին թվով մի հայտարարություն, թե խորհրդային տարիներին նման խոստում է եղել: Գասպարյանը համոզված է` կատարվածը կեղծիք է, ու կադաստրը հսկայական գումարների համար դիմել է օրենքի խախտման և կեղծիքի: Գասպարյանն ուսումնասիրել է օրենքները և իրավական ակտերն ու հանգել եզրակացության, որ կադաստրն իրավունք չուներ այդ տարածքը տրամադրել քաղաքացուն, քանի որ գոյություն ունի Հողային օրենսգրքի 60 հոդվածը, համաձայն որի՝ փողոցն ու հրապարակը համայնքային սեփականություն են, և անգամ համայնքի ղեկավարն այն օտարելու իրավունք չունի և չի կարող տրամադրել քաղաքացիներին: Ստացվում է, որ կադաստրի որոշման հետևանքով՝ խախտվել են ոչ միայն Փարաքարի բնակիչ Արթուր Գասպարյանի իրավունքները, այլև` համայնքի. Ընդհանուր օգտագործման տարածքը տրամադրվել է անհատ անձի՝ ոչ թե վարձակալության սկզբունքներով, այլ անհատույց:

Կարդացեք նաև

Օրեր առաջ Ա. Գասպարյանը դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի ուշադրություն դարձնեն կեղծիքների կույտին, և հարցին օրինական լուծում տրվի:  ՄԻՊ գրասենյակից դեռ պատասխան չի եկել, սակայն Գասպարյանը լիահույս է, որ օրենքը պետք է հաղթի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս