
ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգը մինչև տարեվերջ կստանա ավելի քան 450 միավոր ռազմական տեխնիկա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը հարձակողական նշանակության նոր ռազմական տեխնիկա է տեղակայում Հարավային ռազմական օկրուգում, որն ընդգրկում է Սև և Կասպից ծովերին հարակից տարածքները:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ը, որի հաղորդմամբ՝ մինչև տարեվերջ Հարավային ռազմական օկրուգի զորամասերը կստանան ավելի քան 450 միավոր արդիականացված ռազմական տեխնիկա՝ բեռնատարներ, տրանսպորտային միջոցներ, ինքնագնաց հրանոթներ, զրահամեքենաներ, հրթիռային տարբեր համալիրներ:
Տարածաշրջանի զորամասերը ստանալու են 100 միավոր հրթիռա-հրետանային համակարգ, այդ թվում նաև «Իսքանդեր-Մ» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ:
Ռազմական օկրուգի մոտոհրաձգային ու հետախուզական ստորաբաժանումները ստանալու են БТР-82А տիպի ավելի քան 250 նոր զրահատրանսպորտ, ինչպես նաև Тайфун ու Тигр-М զրահապատ տրանսպորտային միջոցներ: