Բաժիններ՝

Մանկաբարձ-գինեկոլոգը կալանավորվեց դատարանի դահլիճում

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանի մահվան գործով, մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը, Երևանի Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով, դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ 3 տարի ժամկետով զրկվելով մանկաբարձ-գինեկոլոգի գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ դատավճռի՝ մանկաբարձ գինեկոլոգի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխվեց կալանքի և ամբաստանյալը կալանավորվեց հենց դատական նիստերի դահլիճում:

Իսկ մինչ այդ ամբաստանյալ Վարուժան Մարդանյանը, օգտվելով վերջին խոսքի իրավունքից, նշեց, որ իր սխալի պատճառով մարդ է մահացել և որ ինքը չի ցանկանում արդարանալ, բայց նաև նշեց, որ հայտնվել էր բարդ իրավիճակում` դատարանին խնդրելով հաշվի առնել, մինչև 14 տարեկան 3 երեխաներ ունենալու հանգամանքը:

Հիշեցնենք, որ Վարուժան Մարդանյանը, բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հղի կնոջ մահը: Բժշկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասով՝ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:

Չորս երեխաների մայր, Սպիտակի Ջրաշեն գյուղի բնակիչ 43-ամյա Հրածին Մալխասյանը 18-20 շաբաթական հղիությամբ անցյալ տարվա հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, որտեղ վիժել էր, նրա մոտ սկսվել էր արյունահոսություն, վիրահատվել էր, ապա ծայրահեղ ծանր վիճակում՝ անգիտակից, արհեստական շնչառության ապարատով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նորից վիրահատվել էր:Արյունահոսության պատճառով առաջացել էին արյան մակարդելիության լուրջ խնդիրներ, որոնք հանգեցրել էին աղիքների մեռուկացման, վիրահատության շնորհիվ արյունահոսությունը դադարել էր, սակայն 2-3 ժամ անց հիվանդը վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով, մահացել էր:

Նշենք նաև, որ տուժողի իրավահաջորդը ամբաստանյալին բողոք և պահանջ չէր ներկայացրել, սակայն վերջինս հոգացել է տուժողի հուղարկավորույթան ծախսերը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս