Բաժիններ՝

Մեղադրողը պահանջել է մանկաբարձ-գինեկոլոգին դատապարտել 2 տարվա ազատազրկման

pastinfo.am –ի փոխանցմամբ` Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանի մահվան  գործով հոկտեմբերի 2-ի նիստում իր մեղադրական ճառում մեղադրող Արիս Բարսեղյանը միջնորդել է մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման՝ 3 տարի ժամկետով զրկելով նրան մանկաբարձ-գինեկոլոգի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Ըստ Ա.Բարսեղյանի՝ Վարուժան Մարդանյանի կատարած արարքը ապացուցված է և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին՝ մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Մեղադրողը միաժամանակ գտնում է, որ դատարանը պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնի այն, որ ամբաստանյալը հոգացել է տուժողի հուղարկավորության ծախսերը, տուժողի իրավահաջորդը նրանից բողոք և պահանջ չունի, ամբաստանյալի խնամքին  են գտնվում մինչև 14  տարեկան նրա 3 երեխաները:

Երևանի Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի  նախագահությամբ, մեղադրողը հիմնավորված է համարել Վարուժան Մարդանյանին առաջադրված մեղադրանքը: Բժիշկ Վարուժան Մարդանյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները  ոչ պատշաճ կատարելու հանգամանքն, ըստ մեղադրողի, հիմնավորվել  է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ: Մեղադրողը գտնում է, որ ամբաստանյալը կոնկրետ պահին չի գիտակցել և նախատեսել հնարավոր  հետևանքները, թեև  պարտավոր էր  և կարող էր դա անել:

Մեղադրողը հիմնավորված է համարել մեղադրանքը, ըստ որի՝ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը՝ բժշկական կենտրոն ընդունելով Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի  մահը:

Հոկտեմբերի 7-ի  դատական  նիստում ամբաստանյալը հանդես կգա վերջին խոսքով:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս