Եվրախորհրդարանի դիտորդական պատվիրակությունն այսօր կժամանի Բաքու
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի 7 պատգամավոր այսօր ժամանելու է Բաքու՝ 300 միջազգային դիտորդների հետ համատեղ դիտարկում անցկացնելու հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում:
Այս մասին հայտնել է Բաքվում ԵՄ-ի ներկայացուցչության մամլո ծառայությունը: Ավելի վաղ Եվրանեսթի Խորհրդարանական ասամբլեայում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը տեղի ԶԼՄ-ներին հայտնել էր, թե Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Ադրբեջանն այլևս չի մտնում այն երկրների թվում, որոնցում պահանջվում է դիտորդական առաքելություն՝ ընտրությունների ընթացքին հետևելու համար:
Սուլեյմանովը հավելել է, որ Եվրախորհրդարանն Ադրբեջանի ընտրություններում իր մոնիթորինգը դադարեցնելու մասին որոշում է կայացրել Ադրբեջանում անցկացված նախորդ երեք ընտրությունների անցկացումից հետո: Խոսքը գնում է 2005 և 2010 թվականներին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական և 2008 թվականին անցկացված նախագահական ընտրությունների մասին:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդուման նույնպես պատվիրակություն է ուղարկելու Ադրբեջան՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: