
Մեծ Բրիտանիայում իր աշխատանքներն է սկսում նոր հատուկ ծառայությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Մեծ Բրիտանիայում իր աշխատանքներն է սկսում նոր հատուկ ծառայությունը: Խոսքը գնում է Ազգային հակակրիմինալ գործակալության (National Crime Agency, NCA) մասին, որը պայքարելու է նաև կազմակերպված հանցավորության ու ապօրինի ներգաղթի դեմ:
NCA-ն ունենալու է ավելի քան 4000 աշխատակից և իր ներկայացուցչություններն է ունենալու աշխարհի 40 երկրում, որոնցում կաշխատի 120 գործակալ: Այս մասին ռուսական գործակալությանը հայտնել է ստեղծված գերատեսչությունում առկա աղբյուրը: Վերջինիս խոսքերով՝ նոր գործակալությունն օժտված է լինելու լայն լիազորություններով:
Նա հավելել է, որ NCA-ի գործունեության ոլորտում են գտնվելու կիբերհանցագործությունները, խոշոր մեքենայությունները, տնտեսական հանցագործությունները, թմրանյութերի, զենքի առևտուրը, մարդկանց սեռական շահագործումը և ապօրինի ներգաղթը: NCA-ն համագործակցելու է աշխարհի 150 երկրների իրավապահ մարմինների հետ՝ բացահայտելու համար հանցավոր խմբերի միջազգային կապերը: