Թանթրվենի սևի բացառիկ բուժիչ հատկությունները (տեսանյութ)

Բուժիչ նամակներ

Ըստ հնէաբանների` թանթրվենին ծանոթ է եղել մարդկանց դեռևս քարե դարում։ Հնագույն ժամանակներում կարծել են, որ տան մոտ աճող թանթրվենու բույսը վանում է չարքերը և ապահովում է բարի աստվածների հովանավորությունը, իսկ բույսից ստացված պատրաստուկները պայծառատեսություն և առողջ երկարակեցություն են պարգևում (տե՛ս «Երկարակեցություն պարգևող թանթրվենին», «168 Ժամ», 23-24.02.2012թ.)։ Բույսի գիտական անվանումն է` Sambucus nigra, անգլիացիները, ուելսցիները, շոտլանդացիները և կանադացիները անվանում են Elderberry: Այս հին կելտական ծագում ունեցող ազգերի մոտ առավել կատարելագործված է թանթրվենու մշակույթը (կանադական պետությունը հիմնադրել են երեք վերոգրյալ բրիտանական ազգերը, ինչի մասին վկայում են երկրի հերալդիկ նշանները):

Գրեթե բոլոր եվրոպական ազգերի մոտ վաղուց ի վեր ժողովրդական է համարվում երկարակյաց ծերունիների մասին ավանդազրույցը։ «Ոմն բարձրաստիճան ազնվական որսի ժամանակ մոլորվում է խուլ անտառում։ Նա հանդիպում է արտասվող ծերունուն։ Ազնվականը իմանում է, որ ծերունին անզգույշ է վարվել պապիկի հետ, և հայրը պատժել է նրան։ Զարմանալով լսածից, ազնվականը մտնում է խրճիթը և տեսնում այնտեղ ծերունու հորը և պապիկին։ Ազնվականի հարցին, թե ինչպես է նրանց հաջողվել հասնել այդչափ պատկառելի տարիքի, ծերունիներից ամենատարեցը պատասխանում է, որ իրենք սնվում են հացով, կաթով, պանրով և բուժվում թանթրվենի սևի պտուղներով»:
Թանթրվենին վաղուց ի վեր օգտագործվել է հայկական ժողովրդական բժշկության մեջ` ջրգողության, ներքին և արտաքին ուռուցքների, կոտրվածքների և վնասվածքների բուժման համար, ընդ որում, ուշադրության է արժանի այն կարևորագույն հանգամանքը, որ օգտագործվել են բույսի գրեթե բոլոր մասերը։

Բույսերը և պատմությունը
Եվրոպայում շատ հարգի է «շվեյցարական թեյ» կոչվող ըմպելիքը, որը պատրաստվում է թանթրվենու ծաղիկներով։ Ք.ա. 3-րդ դարից այս երկրի տարածքում բնակվել են գելվիտները (կելտական ցեղ է), իսկ 1291թ. ստեղծվել է Շվեյցարական Կոնֆեդերացիան` «անկախ անտառային մարզերի (կանտոնների) հավերժ միությունը»:
Հնագույն կելտական մշակույթը սերտորեն կապված է եղել հին հայկական բնապաշտական հավատքի հետ (արաիզմ): Անտառի և դաշտի աստվածությունները` dգkelti և dգAra, հիշատակվում են հին խեթական սեպագիր արձանագրության վրա և ունեն հոմանիշ իմաստ։ Խեթական պետությունը և Հայասան սահմանակից են եղել (տես` Ջուլիետա Սահակյան, «Պահապան ծառերի բուժիչ զորությունը», Երևան, 2012թ.):

Կարդացեք նաև

Ք.ա. 8-րդ դարում կելտերը հավանաբար գաղթել են Փոքր Ասիայից և բնակվել են բրիտանական կղզիներում (բրիտներ), որտեղից տարածվել են Կենտրոնական Եվրոպայի ողջ տարածքով, իսկ Կելտական ցեղերից մեկը ներթափանցել է Փոքր Ասիա և ստեղծել պետություն, ոի կենտրոնն Անկյուրան էր` ներկայիս Անկարան է։ Կելտական ծագում ունեցող ազգերը և արևելահայերն ունեն գենետիկ ընդհանրություն` տրանս-ատլանտյան արական քրոմոսոմը (տես, «Տրնդեզ, սիրո գաղտնագիր», «168 Ժամ», 07.02.2013թ.), որը պահպանվել է բասկերի, իռլանդացիների, բրիտանացիների, սյունեցիների և արցախցիների որոշ մասի մոտ։

Թանթրվենի սևի բուժիչ հատկությունների վերանայումը
Հակամանրէ և այլ ժամանակակից (սինթեզված) դեղերի գործածումը ետին պլան էր մղել թանթրվենու պատրաստուկների կիրառումը, սակայն, ինչպես պարզվել է վերջին տարիների հետազոտությունների շնորհիվ, թանթրվենին կարծես թե վերանվաճում է իր կորցրած դիրքերը։ Իսրայելի Հրեական համալսարանում ուսումնասիրել են թանթրվենի սևի ազդեցությունը գրիպով հիվանդների վրա։ 20 տոկոսի մոտ առողջության զգալի բարելավում է նկատվել 1 օր անց, 73 տոկոսի մոտ` 2, և 90 տոկոսի մոտ` 3 օր անց։ Դադարել են կոկորդի ցավերը, հազը, տենդը, մկանային ցավերը։

Բրիտանացի բժիշկները պարզել են, որ թանթրվենի սևի մզվածքով բուժումն արդյունավետ է եղել թռչնագրիպի (H5N1) դեմ։ 1995թ. Պանամայում գրիպի համաճարակը բուժել են թանթրվենի սևի հյութով։

Գերմանացի գիտնականները ևս մեկ անգամ վերահաստատել են, որ թանթրվենի սևը` անտոցիանների բարձր պարունակության շնորհիվ, ակտիվացնում է իմունային համակարգի գործունեությունը, ինչն արդիական է ՄԻԱՎ-ի դեպքում։

Թարմ ծաղիկներից անգլիացիները պատրաստում են իրենց ավանդական (Elderflower cordial) ըմպելիքը, որն, ի դեպ` նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ։
Ձեռքով հատիկ առ հատիկ հավաքված և արևի տակ վերջնական հասունացած պտուղներից Շվեյցարիայում պատրաստում են «Biota AG» ֆիրմայի մեծ պահանջարկ ունեցող թանթրվենու բրենդային հյութը։

Հրաշագործ օշարակ` թանթրվենի սևի պտուղներից
1975թ. «Մոսկվա» ամսագրում (թիվ 1) տպագրվեց բուլղարացի բժիշկ Պետր Դիմկովի հոդվածը, որտեղ առաջարկվում էր կիրառել օշարակը` որպես օժանդակ միջոց, որոշ բարորակ և չարորակ ուռուցքների բուժման ընթացքում. մաշկի, ստամոքսի, թոքերի, շագանակագեղձի, արգանդի, կրծքագեղձի։

Ահա այդ պարզագույն դեղատոմսը. Ձեռքով հատիկ առ հատիկ հավաքեք հատապտուղները (միմիայն էկոլոգիապես մաքուր վայրերից):
Ապակե տարայի մեջ շերտերով լցրեք հավասար քանակությամբ շաքարավազ և հատապտուղներ, թրմեք մութ տեղում` մինչև շաքարը լուծվի, քամեք, հյութը պահեք սառնարանում։ Ուտելուց 30 րոպե առաջ խմեք զտված ջուր, իսկ ուտելուց հետո` 1 թ/գ օշարակ (օրը 3 անգամ)։ Շարունակեք 45 օր, ընդմիջեք 20-30 օր, կրկնեք 2-4 անգամ։

Օշարակը հանգստացնում է նյարդերը, լավացնում է տեսողությունը, մաքրում է արյունը, ունի բարերար ազդեցություն սիրտ-անոթային և աղեստամոքսային համակարգերի, լյարդի, երիկամների, միզապարկի, հոդերի, շնչառական օրգանների, վահանագեղձի վրա։ Օշարակն ունի նիհարեցնող հատկություն։
Զգուշացում։ Հակացուցված է հղիներին։ Չափաբաժինը խախտելու դեպքում կառաջանա սրտխառնոց, փսխում, լուծ։

Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։

Տեսանյութը` հեղինակի

Տեսանյութեր

Լրահոս