Բաժիններ՝

Աստուծո մեծ ընտանիքն ու զավակների անտարբերությունը

Ի՞նչն է դրդում 84 տարեկան տատիկին ինքնասպանության: Այսօր բոլորս տեսանք Վանաձորում կախված տատիկի սարսափազդու նկարները: Նախ ասեմ, որ պետք չէր մարդուն այդպես նկարել ու ինտերնետով տարածել: Դատելով 168.amհաղորդագրությունից՝ տատիկը չէր ուզում արտագաղթել: Ուրեմն նա այս աշխարհի վրա իր կյանքն ավարտեց հուսահատության, մենակության, տխրության ու ամեն տեսակ խավարի մեջ: Հիմա բոլորս անմեղ ենք զգում, բայց իրականում այդպես չէ: Իրականում, մարդու Տէրը, մարդուն կյանք տվողը, մարդուն Ծնունդ տվողն իր զավակներին հաշվետվության է կանչելու: Սրանից խուսափել չկա: Եթե կարծում եք, որ կա, ձևն ասեք, ես էլ հետևեմ:

Այժմ տեսնենք, թե որտե՞ղ է իմ և ձեր մեղքն այս դաժան պատմության մեջ:

Հավանաբար, եթե գողերն ու ավազակները պետությունից չգողանան, մեր հայրենիքն ավելի հարուստ կլինի, ու իր զավակներն արժանապատվորեն և ուրախ կապրեն պետության մեջ: Բայց Աստուծո ընտանիքի զավակների մի մասը գողանում ու թալանում է մյուս զավակների բաժինն ու իրավունքը, ապրում ցոփության մեջ, մինչդեռ մյուս զավակները կամ տխուր հեռանում են՝ առանց հույսի, որ իրենց եղբայրներն իրենց էլ մասնակից կդարձնեն կյանքի խաղին, կամ հուսահատության մեջ վայր են  ընկնում հենց խաղահրապարակում: Եթե դուք ծնողն եք, ինչպե՞ս կվարվեք: Կհանդուրժե՞ք մի խմբի պահվածքը մյուսի նկատմամբ:

Հիմա պատկերացրեք, որ ՊԱՊԱՆ ունի 20 երեխա: Ուղարկում է նրանց դուրս՝ խաղալու: Երեքին օրենքներ է տալիս ու ասում. «Հետևեք միմյանց  ու ձեր 17 եղբայրներին ու քույրերին սովորեցրեք արդար լինել, միմյանց սիրել ու միմյանց հետևել»:  Եվ այդ 10-ից  երեքը սկսում են ժողովներ անել, օրենքները մեկնաբանել ու մտածել,  թե ՊԱՊԱՅԻ օրենքներն ինչպե՞ս միօրինակ կերպով ներկայացնել մյուս 17-ին: Մինչդեռ այս 17-ից 5-ը գողանում, ծեծում են ու իրավազրկում են մնացածին, իսկ այս երեքը ձայն չեն հանում: Այս երեքն այն հաստատություններն են, որոնք կոչված են արդարություն, սեր, հոգատարություն ու բարոյականություն քարոզել մեր հասարակության մեջ, բայց լռում են տարբեր պատճառներով: Իրենք ավելի առաջնային բաներ ունեն մտածելու, քան ընտանիքի բարվոքության, իրենց եղբայրների ու քույրերի նկատմամբ արդարության մասին: Որովհետև խաղահրապարակում խաղը հետաքրքիր է: ՊԱՊԱՆ չի երևում, իսկ խաղը դարձել է վայրի մրցույթ, թե ո՞վ ավելի շատ կտանի, ո՞վ կունենա ամենամեծն ու կլինի ամենաարագաշարժը: Մինչդեռ ՊԱՊԱՆ հետևում է այս ամենին: Եթե դուք լինեիք այս ծնողի դերում՝ ի՞նչ կանեիք:

Կարդացեք նաև

Հիմա պատկերացրեք որ այս երեք խմբերի մեջ էլ կան ազնիվ զավակներ, որոնք սիրում են ՊԱՊԱՅԻՆ, բայց երբ տեսնում են, թե ի՞նչ է կատարվում խաղահրապարակում այն 12-ի նկատմամբ (20 երեխաներից երեքն օրենսդիր էին, 5-ը՝ ավազակներ, իսկ 12-ը՝ իրավազրկված)՝ լուռ են մնում, որովհետև մտածում են՝ շուտով, միևնույն է, տուն են գնալու: Համ  էլ՝ «մի՞թէ ես իմ եղբօր պահակն եմ» (Ծննդոց. 4:9),- հարցնում են նրանք իրենց մտքում, մինչև այն պահը, երբ օրերից մի օր խաղահրապարակի վատ, անարդար վիճակի արդյունքներն իրենց էլ են հասնում: Եթե դուք լինեիք ծնողը՝ սրա՞նց ինչ կասեիք:

Սիրելի ընթերցող, ամեն օր լուրերից լսում ենք ինքնասպանությունների, անարդարության ու հուսահատության մասին: Այս ի՞նչ հասարակություն ենք մենք դարձել: Ապրում ենք կենդանու նման (բացառությունները հարգելով եմ սա ասում), միայն մեր փորի ու շահի մասին մտածելով, հպարտ ու եսակենտրոն, կատարյալ անտարբերության մեջ: Մի տեսակ մոռացել ենք մարդու իսկական կոչման մասին, որ պատկեր ու նմանությունն է Աստուծո, որից սերը պետք է դուրս գա, կյանքը պետք է դուրս գա՝ դեպ իր մյուս քույրերն ու եղբայրները, լույսը պետք է դուրս գա, խնամք ու հոգատարություն ցուցաբերի իր մյուս քույրերի ու եղբայրների նկատմամբ: Եթե դուք ծնող եք ու մեկից ավելի երեխաներ ունեք, մի՞թե  սա եք ուզում ձեր զավակների նկատմամբ:  Մեր շուրջը՝ մեր եղբայրներն ու քույրերը, մահանում են, ինքնասպանվում են, ընկնում ու հեռանում են հուսահատության մեջ, իսկ մեզ համար դա դարձել է սովորական մի երևույթ՝ մեր ժամանակների բնութագիրը:

Եկեք հենց այսօր մեր միջից թոթափենք այս մղձավանջն ու իրար մասին հոգ տանելուն հետամուտ լինենք: Ամեն ինչ նյութականով չի որոշվում: Դու կարող ես եղբորդ ավելին տալ: Ո՞վ է քո եղբայրը. դա քո ընտանիքն է, հարևանդ, երթուղայինի մեջ քեզ հետ նստած մարդիկ, փողոցում քեզ հետ քայլող մարդկանցից՝ մինչ գիշերվա ցրտին հայրենիքի սահմանն աչալուրջ պահող զինվորը:

Հարևանդ միայնա՞կ է, դուռը զարկի ու պարզապես հարցրու, թե ինչպե՞ս է, մի «բարի լույս» ասա, թող ուրախանա: Բժի՞շկ ես, հիվանդին մի բարի խոսք ասա, հույսը մի կտրիր, տառապանքը մի ավելացրու: Պաշտոնավո՞ր ես, քո կոչմանը հավատարիմ մնա, թող քեզ մոտ եկած քաղաքացին ուրախ, հույսով ու հավատով հեռանա: Ով էլ լինես, սիրիր մարդկանց ու անտարբեր մի՛ եղիր նրանց կարիքների ու երազների նկատմամբ: Քո պահվածքով մի՛ հուսահատեցրու նրանց: Չէ՞ որ մարդիկ են քո կյանքն ուրախացնում ու լցնում այն հետաքրքրությամբ: Ո՞վ կուզեր մի կյանք, որտեղ կունենար այս աշխարհի բոլոր հարստությունները, բայց լիներ մեն մենակ, չլիներ ոչ մեկը, որ կիսեր իր ուրախությունը:

Հետևաբար, սիրելի մարդիկ, եկեք այլևս անտարբեր չլինենք միմյանց նկատմամբ: Ամեն որոշում ընդունելուց առաջ հարցրեք ինքներդ ձեզ, թե արդյոք այս որոշումը հուսահատեցնո՞ւմ, սպանո՞ւմ կամ զրկո՞ւմ է «խաղահրապարակի» երեխաներից որևէ մեկին իր երազից: Որովհետև ամեն երեխա ծնող ունի: Եվ բոլորիս ԾՆՈՂԸ, որ հավասար սիրում ու պաշտպանում է Իր բոլոր զավակների, նա չի հանդուրժի անարդարություն, չի հանդուրժի կեղեքում, չի հանդուրժի անտարբերություն: Երբեք թող այլևս մենք չլինենք մի հասարակություն, ուր կյանքի մայրամուտին հասած մարդն այսպես հուսահատության ու խավարի մեջ կավարտի այս կյանքը:

«Ամենամեծ մեղքը համարում եմ անտարբերությունը,  անզգայությունը, քանզի այն դեմ է հենց մարդուն»,- ասում էր  Գարեգին Ա Կաթողիկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս