
Պարզվել է Վանաձորում պատշգամբից կախված տատիկի ինքնությունը (լուսանկարներ)

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վանաձորում կախվելու միջոցով մահացել է Աղայան 65 շենքի բնակչուհին: Նա 1929թ. ծնված Լեննա Բորյանն է: Հարևանները 168.am-ի հետ զրույցում պատմել են, որ կինը բնակվում էր մենակ, ուներ մեկ աղջիկ, ով ամուսնու հետ բնակվում է Ռուսաստանում: Աղջիկը մոտ մեկ ամիս առաջ էր մեկնել Ռուսաստան, պետք է օրերս գար ու ծեր մորն իր հետ տաներ, սակայն, հարևանների պատմելով, կինը դեմ էր Ռուսաստան մեկնելուն, ինչն էլ հարևանները համարում են տիկին Լենայի՝ նման քայլի դիմելու պատճառը:
Տարածքում հավաքվածները տիկին Լենային բնորոշում էին որպես հանգիստ և լավ կին, ասում են հոգեկան խնդիրներ չուներ, վատառողջ էր, բայց հոգեկանը հանգիստ էր: Թե ի՞նչն է նման սարսափելի քայլի դիմելու պատճառ դարձել, կպարզվի ոստիկանության Բազումի բաժանմունքում նախապատրաստվող նյութերի ընթացքում:
Հիշեցնենք, որ տարեց կինը 2-րդ հարկի իր բնակարանի պատշգամբից այսօր կախվելու միջոցով ինքնասպան է եղել, որին ներկա ու ականատես են եղել նաև վերջինիս հարևանները: Մինչ փրկարարները ոստիկանության Բազումի բաժանմունքի և քննչական խմբի հետ կբացեին բնակարանի դուռը, տարածքում տասնյակ քաղաքացիներ էին հավաքվել, հավաքվել էին նաև մեծ թվով անչափահաս երեխաներ, որոնց ծնողները նույնիսկ չէին էլ փորձում երեխաներին հեռացնել տարածքից:
Լուսանկարները՝ հեղինակի