Բաժիններ՝

Մաքուր կտավն իդեալական է, այն ինչ ծնվում է իմ ու մաքուր կտավի միջև` անբացատրելի է

168.am-ի զրուցակիցը նկարիչ Արարատ Մինասյանն է.

– Արարատ, եթե Ձեզ ասեին գրեք մի փոքրիկ ինքնակենսագրական, որում կարտացոլվեր ձեր ողջ ստեղծագործական ուղին, ապա ի՞նչ կգրեիք (մի քանի նախադասությամբ փորձեք բնութագրել Ձեզ, Ձեր ոճը, սիրելի գույները, ինչպե՞ս դարձաք նկարիչ` ինքնուսուց եք, թե սովորել եք որևէ տեղ և այլն):

– Սկսեմ այնտեղից, որ ինքնուսուց չեմ: Ավարտել եմ Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, բայց հասկանալ, զգալ ու ապրել ոչ մի բուհում հնարավոր չի սովորել: Ինձ համար անընդունելի է, երբ ոճը կամ գույները առաջնային խնդիր են դառնում: Ասեմ ավելին, երբ գույնը դառնում է գործիք դիտողին գրավելու և ասես գույնով խաբելու համար, այդ ժամանակ ես դադարում եմ հարգել այդ նկարիչներին: Գույնն ինձ համար առանձնահատուկ մի բան է, և ես շատ զգույշ եմ վերաբերվում գույներին: Ինչ վերաբերում է ոճին, ապա եթե ծանոթ եք իմ աշխատանքներին, ապա նկատել եք, որ ինձ համար կարևոր է իրերի էությունը:

ararat5

Կարդացեք նաև

ararat9

– Այո, նկատել եմ, բացի այդ էլ՝ նկարներ կային, որոնցում, եթե իհարկե ճիշտ եմ ընկալել, նկատելի էր «փակ» մարդու կերպարը: Ընդհանրապես մարդ արարածը որքանո՞վ է ձեզ հետաքրքրում: Ձեռքեր և ոտքեր կարծես թե շատ եք նկարում, ինչ-որ բացատրություն ունի՞ դա:

– Մարդը միշտ հետաքրքիր է ինձ: Նա կյանքի արտացոլանք է ու նույնքան բազմաշերտ է, որքան և կյանքը: Ճշմարտությանն առերեսվելով`մարդը մերկանում է Աստծո առջև:

Ձեռքերն ու ոտքերը ինձ հետաքրքիր են, քանի որ արտացոլում են մարդու ներաշխարհը: Այո մարդը փակ է, ցանկացած մարդ խորը անդունդ է…

– Ի՞նչ տեսքով են նոր նկարների գաղափարները ծնվում: Ի՞նչը կամ ո՞վ կարող է Ձեր մեջ նոր մտքեր, իդեաներ հղացնել: Իդեաների իրականացման հարցում ի՞նչ նշանակություն ունի նյութի ընտրությունը (մատիտ, յուղաներկ…):

– Մաքուր կտավն իդեալական է, այն ինչ ծնվում է իմ ու մաքուր կտավի միջև` անբացատրելի է և այն ճանապարհը, որն անցնում ես ստեղծագործելիս, այն կռիվն ինքդ քեզ հետ, հենց հանդիսանում է գաղափարների կազմավորման սկիզբը: Նյութը ևս կարևոր է: Այո, յուղաներկը թույլ է տալիս աշխատել երկար և այդ ընթացքում ավելի սուզվել գաղափարի մեջ:

ararat

ararat7

ararat11

ararat13

– Իսկ ինքներդ Ձեզ հեռ կռիվ տալու ավարտը հաճա՞խ է փոխհամաձայնությամբ ավարտվում:

– Երբեք փոխհամաձայնությամբ չի ավարտվում, հավերժ է…

– Հենց այդ կռիվն էլ արտացոլվում է կտավի վրա…

– Այո հենց դա… բախում ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ:

– Իսկ ինչպիսի՞ն է այդ իրականությունը, ի՞նչ խնդիրներ, խոչընդոտող հանգամանքներ եք Դուք տեսնում:

– Հենց հիմա այդպիսի մի ցուցահանդեսի վրա եմ աշխատում, բայց այժմ դրա մասին խոսել չեմ կարող: Կարող եմ միայն ասել, որ արտաքին խաբկանքն ու ներքին իրական բովանդակությունը ապրում են կողք կողքի ամենուր, ամեն վայրկյան…

ararat3 ararat4

ararat6 ararat7

ararat10 ararat1

– Նկատում եմ, որ շատ եք աշխատում: Ցուցահանդեսին շա՞տ աշխատանքներ եք ներկայացնելու: Մոտավոր ե՞րբ տեղի կունենա:

– Դեռ հստակ չեմ կարող ասել, քանի որ բավականին շատ բան ունեմ ասելու, իսկ դա ժամանակ է պահանջում: Ամեն դեպքում պետք է հնարավորինս մոտեցնեմ այդ ժամանակը:

Առհասարակ ցուցահանդեսներին մասնակցություն ունենալն ինչքանո՞վ եք կարևորում:

– Հիմար խմբակային ցուցահանդեսներից աշխատում եմ հեռու մնալ: Հայաստանում ցուցահանդեսները մի տեսակ բարեկամ-հարազատների համար են, չկան այն մարդիկ, ովքեր կզբաղվեն տաղանդավոր նկարիչներով, կլինեն ներկա նրանց ցուցահանդեսներին և փոխշահավետ համագործակցություն կառաջարկեն: Շուտով իմ նկարներից մեկը կներկայացվի Նկարիչների միության մի ցուցահանդեսում, սակայն ես վստահ չեմ, որ դա կարող է ինձ համար այդքան կարևոր լինել:

– Այսինքն չկա՞ նկարիչ-գնորդ կապը: Կարելի՞ է ասել, որ մեզանում ցուցահանդեսներին մասնակցելու, նկար գնելու մշակույթը դեռևս չի ձևավորվել:

– Այո այդպես է, բայց դա առանձին ու շատ երկար թեմա է…

– Մի փոքր կմանրամասնե՞ք:

ararat15– Նկարը հաճախ ընկալվում է որպես երկրորդական մի բան, որը կարելի է նաև ունենալ: Ոչ ոք չի ուզում նկարը դիտարկել որպես մի աշխարհ, որը ոչ թե կգեղեցկացնի պատը, այլ ամեն օր նոր հորիզոններ կբացի դիտողի համար: Միշտ պահանջված են այն նկարներն ու նկարիչները, որոնք տվել են մակերեսային հաճույք, ոչ խորը, ոչ թե հոգու, այլ աչքի համար, իսկ լուրջ արվեստը յուրահատուկ ճաշակ է պահանջում և յուրահատուկ վերաբերմունք:

– Դուք նկարիչների միության անդա՞մ եք: Առհասարակ ըստ Ձեզ միության անդամ լինելն ինչ-որ առավելություն ունի՞:

– 2010 թվականից միության մեջ եմ: Առ այսօր առանձնահատուկ առավելություն չեմ նկատել: Ես միության մեջ ընգրկվելու այդքան մեծ մղում չեմ ունեցել, ուղղակի 2008 թվականին՝ նախագահի մրցանակին արժանանալուց հետո, մեխանիկորեն դարձա միության անդամ, և այդպես է առ այսօր:

– Հետևո՞ւմ եք այլ նկարիչների աշխատանքներին, հատկապես երիտասարդ:

– Ես չափազանց կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա, այդ իսկ պատճառով ժամանակս չի ներում շատ հետևել: Իհարկե, կան որոշ երիտասարդ նկարիչներ, որոնց աշխատանքներին այս կամ այն չափով ծանոթ եմ:

– Շատ արվեստագետներ են այսօր իրենց ապագան օտար ափերում փնտրում, Դուք դրսում աշխատելու մասին երբևէ մտածե՞լ եք:

– Այո, դրսում աշխատելու մասին մտածում եմ, քանի որ այստեղ չես հասնում այն արդյունքին, որին ձգտում ես:

– Իսկ ի՞նչ արդյունքի եք ձգտում:

– Իմ արվեստով հասնել ճանաչման…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս