Լոռու մարզում 8 ամիսների ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածքներով 99 ՃՈ պատահար (լուսանկարներ)
Ընթացիկ տարում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ), դրանց պատճառների ու վիճակագրության հետ կապված օրերս աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել ոստիկանության Լոռու մարզային վարչության շտաբի պետը, ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետը, քննչական բաժնի պետի տեղակալը, ՃՈ հետաքննիչներն ու դատախազներ, որոնք սպասարկում են կոնկրետ տարածքներն ու ոլորտները:
Դատախազ Պետրոս Մարտիրոսյանի փոխանցմամբ ` վերլուծությունը ցույց է տալիս, որ վթարների առաջացման հիմնական պատճառը եղել է ճանապարհների ոչ բարվոք վիճակը, ավտոմայրուղիներում սահմանված արագության գերազանցումը, վազանցի և խաչմերուկի անցման կանոնների խախտումը, հետիոտների կողմից ոչ սահմանված տեղով փողոցը հատելը և վարորդների կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելը, ինչը մահվան ելքով վթարների և վրաերթերի գերակշռող մասն է կազմում մարզի տարածքում:
Ընթացիկ տարվա 8 ամիսներին Լոռու մարզի քննչական բաժնում ՃՏՊ-ների վերաբերյալ հարուցվել է 10 քրեական գործ, որից 9-ը՝ մահվան ելքով: ՃՏՊ-ների հետևանքով մահացել է 12 մարդ, մարմնական վնասվածքներ է ստացել 18-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հարուցվել է 24 քրեական գործ 242-րդ հոդվածի հատկանիշներով:
Դատախազ Հակոբ Ղարախանյանը իրավիճակը մարզում մտահոգիչ է համարում: Ըստ նրա՝ այս ոլորտում հստակ վերլուծություններ են պետք, թե որ դեպքում ինչն է վթարի պատճառը՝ ճանապարհի վատ վիճա՞կը, նշանների բացակայությո՞ւնը, արագության գերազանցո՞ւմը, օրվա ժա՞մը, թե՞ այլ պատճառներ:
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի հրամանատար Էդվարդ Սուսլիյանի փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածքով 99 դեպք, մահվան ելքով՝ 12, ևս 142 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Տաշիրի տարածաշրջանում՝ 6 դեպք:
ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի կողմից կազմվել է 22550 արձանագրություն, պետբյուջե է գանձվել 112 մլն 527 հազար դրամ գումար, որը նախորդ տարվա համեմատ ավել է շուրջ 25 մլն դրամով: Բերման է ենթարկվել 590 տրանսպորտային միջոց: Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար 145 տրանսպորտային միջոց տեղափոխվել է տուգանային հրապարակ:
ՃՈ պետի ներկայացրած զեկույցից հետո Ղարախանյանը պահանջեց ներկայացնել հիմնախնդիրները, որին կանդրադառնանք առաջիկայում:
Լուսանկարները՝ հեղինակի