Ռուսները, եվրոպացիները և Հայաստանը մի նավակում
Կրքերի բախում, բանավեճեր` մինչև ձայնի խռպոտում, պրոֆեսիոնալների, և դիլետանտների կարծիքների խաչաձևում: Իսկ հայտնի հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանի «Ուրվագծում» սպասում ես, որ հաղորդման մասնակիցներն ուր որ է Ժիրինովսկու օրինակով հարձակվելու են մեկմեկու վրա:
Քաղաքական ցունամի հիշեցնող այս տեսարանի հիմքում ընկած է Եվրոպայի Ասոցացման համաձայնագիրը և Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը: Առաջինը վերջին հաշվով տանում է դեպի Եվրասիական տնտեսական միություն, որը դեռ ձևավորված չէ և ֆիզիկապես գոյություն չունի, երկրորդը ուղի է հարթում դեպի Եվրոմիություն:
Այս բավական պարզ և առջևում երկարատև ճանապարհ ենթադրող գործընթացը չգիտես ում նախաձեռնությամբ կամ ում չարամիտ մտահղացմամբ մատուցվեց որպես վերջնական ու անշրջելի կետ, որպես դարակազմիկ ընտրություն: Խուճապ սկսվեց` կամ Հայաստանը դառնում է հետամնաց, տոտոլիտար Ռուսաստանի գերին, նրա ծայրամասային գուբեռնիան, կամ էլ մինչև ուղնուծուծը փչացած Եվրոպայի արբանյակը, որի վարդագույն երազը առաջին քրիստոնեական եկեղեցին քանդելն է, հայ տղամարդկանց հոմոսեքսուալիստ, իսկ կանանց՝ լեսբուհիներ սարքելը, ավանդական, մաքուր-զուլալ ընտանիքները վերացնելը: Վերջ մեր դարավոր ազգին: Մի խոսքով, Հիչքոքի հերթական ֆիլմի պատրաստի սցենար:
Այս ցավագար մտամարզանքի մեղքն առաջին հերթին մերն է: Չորս տարի հանրությանը պատրաստել Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը և մի օրից մյուսը հայտարարել, թե միանում ենք Մաքսային միությանը, բնականաբար, պետք է շոկ առաջացներ և զանգվածային հարձակման ենթարկեր իշխանություններին:
Միայն զարմանալ կարելի է, թե ինչ տրամաբանությամբ էին առաջնորդվում մեր գործադիր և օրենսդրական մարմինների ամենաբարձր սանդղակին կանգնած այրերը, երբ Կռիլովի առակի հերոսների նման տաբեր կողմեր էին քաշում հասարակության կարծիքը: Երբևիցե լսած կա՞ք, որ իշխող կուսակցությունն իր անհամաձայնությունը հայտնի արտգործնախարարության հետ:
Մինչդեռ ժամանակ և միջոցներ կային մարդկանց բացատրելու, թե ինչը, ինչոց է: Հարկ էր ծանոթացնել Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրերի տեքստերին: Գոնե այն կետերի հետ, որոնց հրապարակումը չէր արգելի ստորագրմանը: Եվ ամենակարևորը` անցկացնել հանրահավաք (առանց կեղծելու): Ընդ որում, այն օգտակար կլիներ հենց ղեկավարությանը Մոսկվայի և Բրույսելի միջև մանևրելու համար-Vox Populi-Vox Dei (լատ.՝ ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է):
Ոչ պակաս զարմանք է պատճառում, քաղաքական այն ուժերի դիրքորոշումը, որոնք հարցը կտրուկ են դնում` կամ Ռուսաստանի, կամ Եվրոպայի հետ: Եվ չեն ուզում գոնե լսել իշխանության «և՛-և՛» տեսակետը: Իսկ վերջինս իր հերթին չի բացատրում, որ այս ընտրությունն ունի իր աներկբա առավելությունները:
Արդյունքում` բարձրացած աղմուկի մեջ չեն լսվում քիչ թե շատ տրամաբանված ու հավասարակշռված մոտիվացիաներ: Իսկ դրանք կան, և շատ: Օրինակ` ոչ-ոք մարդկանց չի բացատրում, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը ամենևին էլ չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրոմիությանը, ուրեմն նախաստորագրելը չի հակասում Մաքսային միությանը:
Ավելին, այդ Մաքսային միությունը դեռ ձևավորված չէ, այնպես որ «և՛-և՛»-ի քաղաքականությունը հնարավոր է: Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանը չի կարող լինել երկու քաղաքական և տնտեսական բևեռներում միաժամանակ: Լիտվայի արտգործնախարա՞րը կամ Պուտինի աշխատակազմի «ճ» կարգի չինովնի՞կը: Վերջապես, որքա՞ն կարելի է երկչոտել տարբեր տրամաչափի օտար պաշտոնյանների առաջ: Դիվանագիտության մեջ, ինչպես և առօրյա կյանքում չեն հարգում այն մարդուն, որն ինքն իրեն չի հարգում:
Վերջին հաշվով, եթե ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն բացառում են իրար, ապա ասոցացված անդամակցությունը ԵՄ-ին և Մաքսային միությունն իրար չեն բացառում: Եթե ես սխալվում եմ, հետաքրքրությամբ կծանոթանայի սպառիչ բացատրություն տվող միջպետական փաստաթղթի հետ:
Պրոֆեսիոնալները գիտեն, որ չկա համաձայնագիր կամ միջպետական այլ փաստաթուղթ, որը փոփոխության չենթարկվի քննարկելու ընթացքում՝ մինչև կնքելը: Ամբողջը կախված է բանակցային գործընթացից և բանակցողների հմտությունից: Այնպես որ, մեր դիվանագետները հնարավորություն ունեն Մաքսային միության և Ասոցացման համաձայնագիրը քննարկելիս հասնել այն բանին, որ մեկին անդամակցելը չխանգարի Հայաստանին՝ անդամակցելու մյուսին:
Վերջերս շատ է խոսվում, որ Ռուսաստանը ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նա չնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Չի բացառվում: Իհարկե, խոսքը ձյուդոյի մասին չէ: Սակայն դիվանագիտական հարաբերություններում քաղաքական և ռազմատնտեսական կոշտ միջամտություններն ընդունված են անգամ դաշնակիցների միջև: Չմոռանանք, որ Պուտինի համար որևէ միություն կազմելու ցանկությունն ուժեղ է, հատկապես, երբ Լիսաբոնից Վլադիվոստոկ Եվրասիական միություն ստեղծելու նրա առաջարկը եվրոպացիները դիմավորեցին քաղաքավարի-սառը: Դե, նա գործի է դնում ԱՊՀ-ի ներքին հնարավորությունները:
Մոսկվայի մեծ ու փոքր` մեզ դուր չեկող քայլերը կարելի է հասկանալ, կարելի է մոռանալ` հանուն ազգային շահերի և հեռահար ծրագրերի: Անգամ 4 միլիարդ արդիական զենքի վաճառքն Ադրբեջանին կարելի է «մարսել»: Ի՞նչ կարող ես անել՝ շուկայական հարաբերությունները խորհրդային միջհանրապետական կապեր չեն, իսկ Ռուսաստանի զինարտադրողները թքած ունեն ամեն ինչի վրա, միայն թե փող լինի: Հիշեք այդ երկրի պաշտպանության նախկին կոռումպացված նախարարին: (Ի դեպ, հայ-ադրբեջանական պատերազմի տարիներին, ասում են, որ մեր որոշ բիզնեսմեններ նավթ էին ներկրում Ադրբեջանից):
Բայց ուզում եմ պարզապես ասել, որ Ռուսաստանի «հայկական դաստիարակչական միջոցառումները» կիրարկվեցին խիստ անժամանակ, անշնորհք և ձախավեր կերպով: Եվ ով որ այն ծրագրավորել է, լինի անհատ, թե հետախուզական կենտրոն, հաջողությամբ իրագործել է, խոսք չկա: Համենայնդեպս, իմ հիշողության մեջ հակառուսական տրամադրությունները երբեք այդքան ուժեղ չեն եղել Հայաստանում, որքան էլ որ պաշտոնական կառույցները և ռուսամետ կուսակցությունները պնդեն հակառակը: Անգամ մեր համեստ կայքի այս պահի տվյալներով 92 մարդուց ԵՄ «Արևելյան գործընկերության» օգտին արտահայտվել է 43%-ը, իսկ Մաքսային միության օգտին՝ ընդամենը 18%-ը:
Այս բոլորով հանդերձ կա մեր ազգի գոյատևման դոմինանտը, նրա անվտանգության գաղափարը, որի համար ռուս-հայկական հարբերություններն այլընտրանք չունեն, որքան էլ որ դրանցում լինեն զիգզագներ, վերելքներ ու անկումներ:
Անգամ եթե Հայաստանը հրաժարվելու լինի Մաքսային միությունից, ռազմավարական դաշինքը կմա և չեմ կարծում, որ Ռուսաստանը դադարի նրա անվտանգության երաշխավորը լինելուց, բայց ոչ մեր սիրուն աչքերի համար:
Այո, Ռուսաստանը պետք է Հայաստանին, բայց Հայաստանը ևս պետք է Ռուսաստանին` այս տարածաշրջանում ներկա գտնվելու և գործելու համար: Հայաստանն ու Ռուսաստանը դատապարտված են միասին լինել, հատկապես Մեծ Մերձավոր Արևելքի ներկա հեղհեղուկ շրջանում:
Իսկ լուսավոր Եվրոպան իր բոլոր հումանիտար և գեղեցիկ գաղափարներով հանդերձ չի փոխարինի ՌԴ-ին Անդրկովկասում: Հետո, ներկայիս պայմաններում նա` Եվրոպան Ադրբեջանի և Հայաստանի միջև միանշանակորեն ընտրություն չի կատարի հօգուտ Հայաստանի, հետևաբար չի երաշխավորի Հայաստանի անվտանգությունը: Այս ամենը հաշվի առնելով է, որ Սերժ Սարգսյանը կայացրել է Մաքսային միությանը միանալու որոշումը:
Սակայն միանալ Մաքսային միությանը, չի նշանակում հրաժարվել Եվրոպայի հետ համագործակցելուց: Ամենևին, որքան էլ որ դա դուր գա կամ չգա Մոսկվային: Համենայնդեպս, Հայաստանի ղեկավարությունը կարծես թե այդ դիրքորոշումն է որդեգրել, որը պետք է ողջունել և քաջալերել: Միայն թե չհրաժարվի այդ որոշումից: Պատմական ներկա փուլում Հայաստանի համար Ռուսաստանի հետ համագործակցությունը կարող է լինել նրա արտաքին քաղաքականության ստրատեգիան, իսկ եվրոպական ուղղությունը` տակտիկան: Մենք գործ ունենք երկու խոշոր քաղաքական ուժերի հետ և կարիք ունենք նրանց հետ համագործակցել, բայց ոչ ենթարկվել կամ ծառայել: Հայաստանն անկախության չի հասել որևէ մեկի ստվերում ծվարելու համար:
Իմ խորին համոզմամբ, Հայաստանը կարող է լիաթոք շնչել և արագ զարգանալ, եթե համագործակցի և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի հետ: Դրա համար նա ունի աշխարհաքաղաքական և ռազմաստրատեգիական բոլոր նախադրյալները:
Հայաստանի ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ նա նորմալ հարաբերություններ ունի Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի, Թեհրանի և Պեկինի հետ: Նա ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի անդամ է, համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Ունի հզոր սփյուռք, որին մենք, դժբախտաբար, հաճախ չափում ենք միայն դոլարի կուրսով:
Եթե այս բոլորն ի մի բերվի և դրվի դիվանագիտական ճիշտ ռելսերի վրա, Հայաստանը կարող է դառնալ միջազգային առանցքային ֆիգուրանտ, կարևոր խաղացող: Սա իր հերթին հնարավորություն կընձեռի հավասարաչափ հարաբերություններ զարգացնել և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի հետ: Ավելին, կարող է մոտեցնել նրանց և համադրել նրանց շահերը տարածաշրջանում և դրանից դուրս` սփյուռքի օգնությամբ, դառնալ կապող օղակ, նպաստել միջազգային և տարածաշրջանային խնդիրների լուծման գործին: Նշվածը դժվար, բայց ռեալ հեռանկար է: Նման դեպքեր գոյություն ունեն դիվանագիտական պատմության մեջ:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
diplomat.am