
Տենց եք անում, որ ես քաղաքի մեկը երկուս չի դառնում

Նախորդ օրը ասֆալտապատման հերթը հասել էր Սուրեն Սպանդարյանի արձանակիր Գարեգին Նժդեհի անվան հրապարակին: Ասել, թե հանրահայտ 3-րդ մասի հանրահայտ հրապարակը նորոգման կարիք ուներ՝ չափազանցություն կլինի: Բայց մի քանի օր առաջ հին ասֆալտը քերվեց, իսկ երեկ փառահեղ ասֆալտապատվեց: 3-րդ մասի հրապարակով երթևեկող վարորդներն ուղիղ մի գիշեր ժամանակ ունեցան նոր ու կարկատաններից զուրկ հրապարակը վայելելու համար: Երեկ առավոտյան հրապարակում հռնդում էին օդամղիչ կոմպրեսատորները: Բանվորները քանդում էին մեկ օր առաջ փռված ասֆալտը: Լուսանկարներից պարզ երևում է, որ փռող մեքենաները դեռ չեն էլ հասցրել հեռանալ հրապարակից, որն ինտենսիվ քանդվում է ու վաղը մի քանի նոր կարկատած հատվածներ կունենա:
Ի դեպ, այդպես էլ երևանցիները չհասկացան, թե ինչո՞ւ քաղաքային իշխանությունները քանդեցին Աբովյան և Նալբանդյան փողոցների ասֆալտը և նոր ասֆալտապատում արեցին, այն դեպքում, երբ քաղաքի ծայրամասերում ճանապարհները խայտառակ վիճակում են: Իսկ մարզերի և գյուղերի ճանապարհների մասին նույնիսկ չենք խոսում:
Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի